Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդեմ կապիտուլյացիայի ոտքի կանգնած ցանկացած մարդ այս իշխանությունների կողմից դիտվում է որպես խոչընդոտ, նույնիսկ մահացածները»․ Գեղամ Մանուկյան

Մայիս 08,2023 17:19

«Այսօր խորհրդանշական է՝ Շուշիի ազատագրման պատմական օրն է, եւ դատարանի դահլիճում նախկին զինվորական ու գեներալ, հայրենիքի սահմանները պաշտպանած Գրիգորի Խաչատուրովն է եւ Շուշիի ազատագրման հրամանատարներից մեկը՝ Սեյրան Օհանյանը»,- այսօր լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը եկել էր Հակակոռուպցիոն դատարան՝ սատարելու 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։ Հիշեցնենք, Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Խաչատուրովի գործով նախնական դատական նիստը։

Նա նշեց, եւս մեկ նման դատավարություն կար, երբ Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, մյուսները նույն Շուշիի ազատագրման օրը դատարանի դահլիճում նստած էին։ «Սա այս իշխանությունների մոլագարության ցուցանիշն է»,- հավելեց նա։

Անդրադառնալով իշխանությունների «խաղաղության օրակարգի» մասին հարցին՝ Գեղամ Մանուկյանն ասաց․ «Նախ մի ճշտում՝ խաղաղության պայմանագիր չի կնքվելու։ Ինչ փաստաթուղթ էլ, Աստված մի արասցե, եթե երբեւիցե ստորագրվի, դա լինելու է պատերազմի փաստաթուղթ, դա լինելու է կապիտուլյացիայի փաստաթուղթ։ Եվ իշխանության ջանքն է ամեն անգամ խաղաղություն բառը շրջանառելով՝ մարդկանց մտքերի վրա ազդել, իսկ իրականում, եթե ինչ-որ բան ստորագրվելու է, լինելու է հանուն խաղաղության։ Իսկ ընդդեմ կապիտուլյացիայի այսօր ոտքի կանգնած ցանկացած մարդ այս իշխանությունների կողմից դիտվում է որպես խոչընդոտ, վտանգ, նույնիսկ մահացած մարդիկ են դիտվում որպես խոչընդոտ ու վտանգ, ինչպես օրերս Նեմեսիս հուշարձանի շուրջ տեղի ունեցող քննարկումները ցույց տվեցին»։

Հարցին, թե ընդդիմությունն ի՞նչ է անում՝ այդ փաստաթղթի ստորագրումը թույլ չտալու համար, Մանուկյանը պատասխանեց․ «Ամեն ինչ, եթե շաբաթ օրը մեր պատգամավորների հետ եթե լինեիք Ջերմուկում, Տավուշում կամ Վայքում, շատ ավելից ցցուն կլիներ։ Այս երկու տարվա մեջ վերջին 1-2 ամիսն առաջին անգամ է, որ ցանկացած բնակավայրում խոսում են անվտանգության սպառնալիքի մասին։ Օրերս Լոռու մարզի գյուղերից մեկում գյուղացիներից մեկի խոսքը շատ տպավորիչ ու ազդեցիկ էր, ասաց՝ գնալով թուրքը մտնելու է մեր տուն։ Այսինքն՝ ես առաջին անգամ կարող եմ արձանագրել, որ հանրության մեջ անվտանգության հարցում լուրջ անհանգստությունը շատ-շատ ցցուն է դարձել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031