«Երբ մոնիթորինգի ես ենթարկում, թե վերջին տարիների ընթացքում ում ինչ ձեւով, ինչ հետապնդման են ենթարկել, ակնհայտ է դառնում, որ իշխանությունը բոլոր ընդդիմախոսների նկատմամբ հետապնդման տարբեր դրսեւորումներ ունի՝ մեկի նկատմամբ իրավական, մյուսի՝ հոգեբանական, եւ այլն»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որը եկել էր Հակակոռուպցիոն դատարան՝ սատարելու 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։
Հիշեցնենք, Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Խաչատուրովի գործով նախնական դատական նիստը։
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ Գրիգորի Խաչատուրովն այն զինվորականներից է եղել, ով մինչեւ վերջ ու բոլոր պայմաններում սպային, զինվորականին, գեներալին հատուկ վարքագիծ է դրսևորել, ինչը, բնականաբար, որեւէ ձեւով չէր կարող ընդունելի լինել այս իշխանության համար։ «Առհասարակ, բոլոր այն մարդիկ, ովքեր այսօր բաց, ուղիղ խոսում են երկրում տեղի ունեցող իրական իրադարձությունների մասին, ովքեր խոսում են մեր երկրին սպասվող նոր ողբերգությունների մասին, նրանց նկատմամբ այլ տարբերակ, քան ազատությունից զրկելն է, այս իշխանությունը պարզապես չի տեսնում։ Եվ գեներալ Խաչատուրովի նկատմամբ այս հետապնդումը դրա դրսեւորումներից մեկն է»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կարդացեք նաև