Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ դու հարցը տալիս ես, ասենք թե՝ եսիմ որ գյուղում ով կա, ես ի՞նչ կապ պիտի ունենամ»․ Գագիկ Ծառուկյանը՝ լրագրողին՝ ընտրակաշառքի ցուցակների հետ՝ իր կապի մասին հարցի առիթով

Մայիս 08,2023 16:59

Հակակոռուպցիոն դատարանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործով դատական նիստը մեկնարկից մի քանի րոպե անց հետաձգվեց։ Գագիկ Ծառուկյանը մեղադրական եզրակացությունը ստացել է այսօր առավոտյան։ Փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ ինքը չի ստացել մեղադրական եզրակացությունը, ուստի միջնորդեց դատական նիստը հետաձգել, որպեսզի կարողանա ծանոթանալ մեղադրական եզրակացությանը և դիրքորոշում հայտնել։

Հիշեցնենք՝ մեղադրանքը ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ընտրակաշառք տալը։

Նախնական դատալսումը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 23-ին՝ ժամը 11․00-ին։

Դատական նիստից հետո ևս լրագրողները հարցեր հղեցին Գագիկ Ծառուկյանին։ Հիշեցմանը՝ հայտարարում է, որ ընտրակաշառքների հետ կապված հրապարակված ցուցակների հետ կապ չունի և հարցին՝ այն անձինք, որոնց բնակարանների խուզարկությամբ հայտնաբերվել են այդ ցուցակները, դրա հետ էլ առնչություն չունե՞ք, այդ անձանց էլ չեք ճանաչո՞ւմ, Գագիկ Ծառուկյանն այսպես արձագանքեց․ «Որ դու հարցը տալիս ես, ասենք թե եսիմ որ գյուղում ով կա, ես ի՞նչ կապ պիտի ունենամ»։

Փաստմանը՝ ըստ գործի նյութերի՝ «Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանին Դուք եք կանչել, առաջարկել, որ ցուցակում լինի, բայց պետք է Գեղարքունիքում ձայներ ապահովի, Գագիկ Ծառուկյանն այսպես արձագանքեց․ «Ոչ, սխալ եք ասում։ Ճանաչելով այդ մարդուն, որ հարգանք ունի, բոլորն ընդունում են, ասում են, որ կարող է, կանչել եմ ու ասել՝ եթե մենք հաջողություն ունենանք, համապատասխան գործ կտանք։ Այդքան բան է եղել»։

Լրագրողների մյուս հարցերին ի պատասխան էլ նշեց․ «Մեղադրանքը նոր են ուղարկել, դու դեռ չես կարդացել, երբ մեղադրականը կարդաս, այդ ժամանակ հարցերը կտաս»։

Գագիկ Ծառուկյանը պնդեց, թե իր մեղքը չի ընդունում, իրենք ընտրակաշառք չեն բաժանել։

Լրագրողները նաև քաղաքական թեմայով հարցեր հղեցին Գագիկ Ծառուկյանին։ Հիշեցմանը՝ հայտարարեցիք, որ չեք փոշմանել, որ Նիկոլ Փաշինյանին եք ընտրել և հարցին՝ հետևաբար իշխանափոխություն չեք պահանջո՞ւմ, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց՝ անկապ հարցեր ես տալիս։

Սեդրակ Առուստամյանն էլ լրագրողներին ասաց, որ մեղադրանքը չի ընդունում։ Լրագրողները նրան ասացին՝ գիտեք, որ միևնույն է՝ պատիժ չեք կրելու դրա համա՞ր եք եկել դատարան, Սեդրակ Առուստամյանն ասաց․ «Ես մեղավոր չեմ։ Ընտրակաշառք չեմ բաժանել․․․ ԲՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանել»։

Հարցին՝ ի՞նչ հարաբերություններ ունի Վազգեն Պողոսյանի հետ։ Նա պատասխանեց, որ ժամանակին բիզնես հարաբերություններ է ունեցել։ Ի պատասխան լրագրողների հարցերի նա ասաց, որ Վազգեն Պողոսյանի հետ առերեսվել է։ Լրագրողներն ասացին, որ ըստ մեղադրանքի՝ Վազգեն Պողոսյանն ասել է, որ ինքը գումար տվել է և հարցրին՝ առերեսման ժամանակ նման բան ասե՞լ է Վազգեն Պողոսյանը, Սեդրակ Առուստամյանը պատասխանեց․ «Չէր էլ հիշում՝ եղե՞լ է ինձ մոտ, թե՝ ոչ»։ Հարցին՝ ի՞նչն էր պատճառը, որ հայտնվեցիք մեղադրյալի աթոռին, նա պատասխանեց․ «Գոնե ես համոզված եմ, որ ես մեղավոր չեմ։ Հարցրեք նրան, ով մեղադրանքը ներկայացրել է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031