Լրահոս
Օրվա լրահոսը

Մահապարտների ջոկատի հրամանատար. «Մեզ հրավիրեցին Ջերմուկի զորամասի հետ մարտական ծառայություն անցկացնելու, սակայն կորպուսի հրամանատարը եւ նախարարը հրաժարվեցին մեր հետ հանդիպել»

Մայիս 08,2023 16:55

Հայաստանում եւ Արցախում առաջացած անվտանգային լրջագույն խնդիրները, որոնք սպառնում են արդեն ընդհանրապես հայկական երկու պետությունների լինելիությանը, առիթ են դարձել, որպեսզի մի քանի ռազմահայրենասիրական կազմակերպությունները միավորվեն եւ ժողովրդին համախմբվելու կոչ անեն:

Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում էին «Սեւքարեցի Սաքո» ռազմահայրենասիրական ՀԿ ֆիդայի մահապարտների ջոկատի հրամանատար Ռաֆայել Քոչարյանը, նրա տեղակալ Աշոտ Խաչատրյանը, հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Դաբաղյանը, «Եղնիկների» արծիվներ ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Արման Ստեփանյանը, ջոկատների անդամներ:

Բանախոսները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը, որից հետո Աննա Դաբաղյանը տեղեկացրեց, որ չնայած արդեն տեւական ժամանակ մեր սահմանների ամբողջ երկայնքով լարված իրավիճակ է, սակայն գրեթե բոլոր ջոկատներին մերժում են բարձրանալ առաջնագիծ եւ սահմանները պահել: Եվ այս ասուլիսի նպատակը այդ մասին հանրությանը տեղեկացնելն է:

Ռաֆայել Քոչարյանը հայտարարեց. «Նախ ուզում եմ ջերմորեն ողջունել մեր հայրենակիցներին եւ շնորհավորել Շուշիի ազատագրման օրը: Շուշին հայկական է եւ ընդամենը ժամանակի խնդիր է, թե բերդաքաղաքը որքան կմնա այս իրավիճակում: «Սեւքարեցի Սաքո» ջոկատը ստեղծման օրից մասնակցել է արցախյան բոլոր պատերազմներին: Եվ երբ ու որտեղ մենք մտել ենք մարտի դաշտ, այնտեղ մեր դիմաց եղած ադրբեջանական, այսպես կոչված «Յաշմա» ջոկատը նապաստակի նման փախել է:

Օրերս մեզ հրավիրել էին Ջերմուկ, որպեսզի այնտեղի զորամասի հետ ծառայություն անցկացնենք: Ջերմուկի զորամասից հատուկ էին մեր շտաբ եկել իրենց հրամանատարի հրամանով: Ես ասել եմ, որ կաջակցենք՝ կգանք եւ միասին կանցկացնենք ծառայությունը: Հիմա ինչ-որ նոր օրենք են հանել, որ աշխարհազորայինն առանց պայմանագրի չի կարող դիրք բարձրանալ: Տղաների թղթերը պատրաստեցինք: Ինձ զանգեցին ու ասացին, որ պաշտպանական 5-րդ կորպուսի հրամանատարը, ինչ-որ գնդապետ Բադասյան, որը չունի անցած մարտական ուղի, պետք է իմ հետ ծանոթանա: Ուրախացել էի: Գնացել էինք Վայք՝ ծանոթանալու ու արդեն հրամանով մարտական դիրքեր բարձրանալու: Բայց երբ զանգեցի, այդ Բադասյանը պատասխանեց, թե ժամանակ չունի իմ հետ հանդիպելու եւ ցանկություն էլ չունի, որ մենք մարտական դիրքեր բարձրանանք Ջերմուկում: Դեռ մի բան էլ ինձ ուղղորդեց՝ ասելով, որ գնանք ու մեր Իջեւանը պահենք: Ես տավուշցի եմ եւ ուզում եմ նախ ասել, որ իր ասած մեր Իջեւանն այսօր պահվում է, թուրքն այնտեղ ոտք չի դրել ու չի կարող դնել: Երկրորդ, իմ համար տարբերություն չկա՝ Ջերմուկը պահեմ, թե Իջեւանը, որովհետեւ երկուսն էլ, ու մեր ամբողջ սահմանը, Հայաստանի ցանկացած տարածք իմ հայրենիքն է, մեր հայրենիքն է:

Մենք փորձել ենք կապ հաստատել պաշտպանության նախարարի հետ՝ պարզելու, թե ինչն է պատճառը, որ «Սեւքարեցի Սաքո» ջոկատը պետք է պահի Իջեւանը եւ ոչ Ջերմուկը: Ու ՊՆ-ից պատասխանել են, թե անհնար է նախարարին տեսնելն ու խոսելը: Դրա համար ենք որոշել հանդես գալ լրատվամիջոցներով եւ ասել, ինչպես է ստացվում, որ մենք մեռնելու իրավունք ունենք՝ որտեղ կռիվ է լինում, առաջինը մենք ենք հասնում, բայց դիրք պահելու իրավունք չունենք»:

Հրամանատարը համարում է, որ իրենք արդեն ստացել են իրենց հարցերի պատասխանը, այն, որ մեզ բանակ պետք չի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031