Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այն հարցին, որ հրավիրվել է, բայց չի ներկայացել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։
«Ես բազում անգամ հիմնավորել եմ իմ չգնալու պատճառը։ Նորից կարող եմ կրկնել՝ ես այդ հանձնաժողովի նկատմամբ վստահություն չունեմ։ Իրենք ասել էին, որ Տիրան Խաչատրյանը վախենում է մեզ հետ հանդիպել։ Ես էլ ասել եմ՝ ես իրենց չափորոշիչներով գնահատվող կամ չափվող անձնավորություն չեմ։ Եթե իրենք ունեն լուրջ վախեր կամ ինչ-որ մեկի հետ հանդիպելուց հատուկ ներքնազգեստ են հագնում, ես այդպիսի բան չունեմ։ Եթե ուզում են ինձ հետ հանդիպել, կամայական տեղ, թեկուզ իրենց թելադրած պայմաններով՝ պատրաստ եմ հանդիպել։ Ուզում են իրենք բոլորով լինեն, ես մենակ, ոնց կուզեն։ Բայց այդ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցությունն անիմաստ եմ համարում ժամանակ վատնելու տեսակետից»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը գնացել է հանձնաժողովի նիստին ու պատասխանել հարցերի, Տիրան Խաչատրյանը պատասխանեց․ «Ես Օնիկ Գասպարյանի հետ այս թեմայով զրուցել եմ, իր դրդապատճառները բոլորովին այլ են եղել։ Շատ հարցեր կան, որ մեր զրույցից հետո ճշտվել են, բաներ կա, որ ճիշտ չի պատկերացրել, բաներ կա, որ ուզեցել է լավ լինի։ Բայց այդ հանձնաժողովը, առավել եւս երբ այնտեղ հավաքված է մի թիմ, որն ինքն է շատ բաներում մեղավոր, չեմ կարծում, թե նրանք դուրս կգան եւ կբարձրաձայնեն իրենց մեղքը, իրենց չարածը կամ առավել եւս՝ իրենց մեղքը։ Իմ չգնալու պատճառներից մեկն էլ հանդիսանում է այն, որ այդ հանձնաժողովում հավաքված են կոնկրետ զինվորական գործից անտեղյակ, ոչ մասնագետ մարդիկ։ Ես գնալու եմ այնտեղ, սկսեմ նախազորակոչային տարիքի զինվորական պատրաստության դասընթացներից ու գամ հասնեմ ակադեմիական դասընթացների՞»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ