Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով նախնական դռնփակ նիստը։
Դատարանի բակում հավաքվել են Խաչատուրովի աջակիցները։
Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ զինվորականների նկատմամբ հետապնդումներին։ «Այս գործողությունները նոր չեն, դեռեւս 2018 թվականից են սկսվել։ Ուղղակի եղել են զինվորականներ, որոնք ունեցել են լուրջ գիտելիքներ, անցած բավական լուրջ ուղի, որոնց նկատմամբ էին նման դրսեւորումները։ Նրանցից մի մասը կարողացավ ինչ-որ ժամանակ դիմակայել՝ ունենալով ավելի բարձր գաղափարներ, հեռանկարային նպատակներ՝ կապված երկրի պետականության պահպանման հետ։ Մի մասն էլ համբերության, դիմադրողական տեսակետից ավելի քիչ կարողացան համակերպվել այդ իրավիճակին։ Իսկ այն մասը, որն ի սկզբանե տրամադրված էր մինչեւ վերջ իրականացնել իր առջեւ դրված խնդիրները եւ լավագույնս իրականացնել, որոնց վրա չկարողացան որեւէ խազ, կեղտ կամ ինչ-որ ձեւով կպնելու տարբերակներ գտնել, ուղղակի հեռացրեցին։ Եվ դրա դրսևորումների շարունակությունը, բացի հեռացնելուց ու մեկուսացնելուց, կայանում են այսպիսի քայլերը, որ փորձում են ընդհանրապես մեկուսացնել։ Դա կլինի կալանք, ճնշման լծակներ գտնել կամ ահաբեկչություն դրսեւորելու նույնիսկ»։
Տիրան Խաչատրյանն ասաց, որ այս պահին դիմակայելու կամ լուրջ հակադարձելու ձեւեր դեռեւս չեն երեւում։ Ըստ նրա՝ նրանք, ովքեր չեն համակերպվում ու չեն ցանկանում, որ այս վիճակը շարունակվի, պետք է համախմբվեն ու կազմակերպված ու օրինական քայլերով այս ամենի դեմն առնեն։
Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Ըստ մեղադրանքի՝ Խաչատուրովը, 2006-ից 2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ