Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Աշխատանքային օրենսգրքի մեկնաբանություններ». գիրք՝ գործատուների եւ աշխատողների համար

Մայիս 08,2023 14:10

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի եւ իրավաբան Արա Հայրապետյանի համահեղինակած «Աշխատանքային օրենսգրքի մեկնաբանություններ» գրքի առաջին մասն արդեն պատրաստ է եւ հասանելի շահագրգիռ շրջանակների համար:

Գրքի շնորհանդեսի ժամանակ, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն իր խոսքում նկատեց. «Օրենքի լեզուն երբեմն տարընկալման տեղիք է տալիս, ինչն էլ իր հետ, արդեն գործնական կիրառության ընթացքում խնդիրների է հանգեցնում»: Այս առումով, նա կարեւոր է համարում օրենքների մեկնաբանությունները եւ կարծում է, որ տվյալ պարագայում, այս մեկնաբանությունը թույլ են տալու «հասնել յուրաքանչյուր գործատուի եւ յուրաքանչյուր աշխատողի»: «Աշխատանքային օրենսգրքի» նախագիծը տարիների աշխատանքի արդյունքում է ընդունվել. «Այն ստվերային կամ սեւագիր աշխատանքը, որը չի երեւացել, այդ ամենն արտացոլվում է այս գրքում, որովհետեւ, այստեղ արտացոլվում է այն ամենը, թե ի՞նչ են ցանկացել ասել նախագծի հեղինակներն՝ ի սկզբանե՝ այս կամ այն ձեւակերպումը բերելիս»:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանի գնահատմամբ, այս ձեռնարկի արդյունքում «բոլորիս կյանքը կհեշտանա», քանի որ «Աշխատանքային օրենսգիրքն» ամենօրյա կիրառություն ունի եւ վերաբերում է հասարակության բոլոր շերտերին:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի կարծիքով, շատ կարեւոր աշխատանք է արված ու բավական պրոֆեսիոնալ կերպով. «Գործարարի՝ տվյալ դեպքում գործատուի համար, շատ կարեւոր է գործել կանխատեսելի միջավայրում: Ինքս, լինելով մեթոդաբան, բազմիցս այդ խնդիրը զգացել եմ: Մեր առջեւ մի խնդիր է դրված՝ ապահովել պարզ, հստակ, կանխատեսելի միջավայր, տվյալ դեպքում՝ իրավական միջավայր, ընդհանուր առմամբ, գործարար միջավայր»:

Գրքի հրատարակչական աշխատանքները եւ շնորհանդեսը կազմակերպել էր EduX ուսումնական կենտրոնը: Կենտրոնի նպատակն է՝ մասնագետների շարունակական ուսուցում կազմակերպելը, ինչը ենթադրում է ոչ միայն սեմինարներ ու դասընթացներ, այլեւ համապատասխան մասնագիտական գրականության առկայություն: Գրքի առաջին մասում տեղ են գտել օրենսգրքի այն հոդվածները, որոնք նոր «Աշխատանքային օրենսգրքով» չեն փոփոխվել, երկրորդ մասում կմեկնաբանվեն փոփոխված դրույթները:

«Ամենապրակտիկ, ամենակիրառական եւ ամենաշատ հարցեր առաջացնող հոդվածներին ենք անդրադարձել եւ կոնկրետ հոդվածների կիրառման հետ կապված, թե գործատուները, թե աշխատողները, հարցերի պատասխանները կստանան՝ կարդալով մի քանի էջ՝ սկսած նրանից, թե տվյալ հարցի հետ կապված ի՞նչ իրավական որոշումներ կան, ի՞նչ մեկնաբանություններով եւ կիրառությամբ, ի՞նչ դեպքերի համար են նախատեսված. այլեւս կարիք չի լինելու տարբեր մասնագետների մի քանի ժամ զանգահարել, ստանալ տարբեր պատասխաններ եւ խճճվել դրանցում: Մարդիկ մեկ անգամ այս ձեռնարկը ձեռք բերելով՝ կկարողանան շատ արագ եւ առանց հավելյալ ֆինանսական միջոցների, ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Ինքը ձեռքի գիրք է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց գրքի համահեղինակ Ժորա Սարգսյանը:

Գրքի համահեղինակ, մասնագիտությամբ իրավաբան Արա Հայրապետյան էլ ուրախ է, որ հաջողվել է մտահղացումն իրականություն դարձնել. «Մեկնաբանությունները պաշտոնական բնույթ չեն կրում, բայց պրակտիկ կիրառման ընթացքում հնարավորություն են ընձեռում կանխել դեպքերը, երբ օրենքի մեկնաբանման տարակարծությունների ու ոչ ճիշտ կիրառման արդյունքում, գործատուները վնասներ են կրում. հնարավորինս փորձել ենք օգնել գործատուներին՝ օրենքի տարբեր կիրառումների ընթացքում՝ ճիշտ մեխանիզմները ցույց տալու՝ բոլոր ուղղություններով»:

Քանի որ օրենքի պաշտոնական պարզաբանումները կարող է տալ լիազորված մարմինը, տվյալ դեպքում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, փոխնախարար Ռուբեն Սարգսյանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, այնուհանդերձ, կիրառության ընթացքում խնդիրներ առաջանան: Ռուբեն Սարգսյանը պատասխանեց, որ տարբերություններ չեն կարող լինել, քանի որ գրքում այն պարզաբանումներն են, որոնց մասով «գիծը պահվում է»:

«ՀՀ աշխատանքային օրենսգիրքը», հիշեցնենք, նոր խմբագրման, խորհրդարանն ընդունել է մայիսի 3-ի նիստում: Օրենքը նախագահի կողմից դեռ չի ստորագրվել, այն կիրառության մեջ կմտնի առաջիկա 2,5-3 ամիսների ընթացքում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031