«Մարդը (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ) պարզ ասում է՝ ես այս երկիրը չեմ կարողանում ղեկավարել, բայց զոմբիները ասում են՝ չէ, պիտի մնաս: Էս մարդն ասում է՝ չեմ կարողանում ղեկավարել, երկու տարի հետո պետություն չենք ունենալու, սրանք էլի՝ չէ, պիտի մնաս… Էս մի մասը սա գոնե ազնիվ գտնվեց…Թուրքերն, իհարկե չեն համաձայնում նրա նշած 29 800 քառակուսիին: Պատմության մեջ երբեւէ չի եղել, որ դրանք տեսնեն հայերի կողմից ընտրված նման ապիկար առաջնորդի, դրա համար էլ այդ առիթից պետք է օգտվեն »,-«Հայելի» ակումբում ասաց հերոս Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը:
Նրա խոսքով. «Եթե մենք այսքան տուժում ենք, ուրեմն օգտվող էլ կա, եւ դա մեր թշնամին է։ Մինչեւ այս լրտեսախմբի՝ մեր երկրում իշխանության գալը այս օրը տոնում էինք շքեղությամբ, հպարտությամբ… Հիշում եմ՝ ինչպես էին զինվորականներն անցնում համապատասխան վայրերը, պանթեոնները, այսօր նաեւ Երկրապահի տոնն էր նշվում: Ես Երկրապահի վարչության կազմում էի, եւ ամեն անգամ գնում՝ տեսնում էի պատանի երկրապահները, երիտասարդները, մյուսներն ինչ ոգեւորված էին, եւ ինչպես էր հաղթական շունչը փոխանցիկորեն գնում:
Ամենաչար երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ գալու է օր, ունենալու ենք նմաններին, որոնք կեղծ մտքեր տարածելով, անիմաստ վերլուծություններ անելով՝ ման են գալու: Սրանց քաղաքական տեխնոլոգիաները, որ բանեցնում են դրանց մեկնաբանները, պղպջակների պես գոյանում ու պայթում են, որեւէ լուրջ վերլուծություն չեն անում, անալիտիկ մտածողություն էլ չունեն, որ անեն: Մարդիկ տասնյակ տարիներով ծրագրեր են գծել, իրականացրել կետ առ կետ, իսկ սրանք 10 րոպեում ինչ-որ բան են որոշում, եւ իրենց թվում է, թե դարակազմիկ միտք են հայտնել»։
Խաչիկ Մանուկյանն անդրադառնալով օրվա խորհրդին՝ նշեց. «Մեկը (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ) մեր չքնաղ Շուշին անվանեց դժգույն քաղաք: Սա հայի մտածողություն չէր… ես Շուշիում բազմաթիվ անգամ եղել եմ, ես եւ իմ զավակները: Կրտսեր տղաս՝ Արամս, ծառայել է Շուշիի մոտակայքում, եւ ես առիթներ ունեցել եմ ավելի հաճախ այնտեղ լինելու: Դրանից հետո էլ ընկերներով գնում էինք… Իսկապես կար այդ հպարտությունը: Մենք այդ ոգեղենությունը ունեինք, ոչ թե դուխովը: Խիզախումների ճանապարհն անցածների ամբողջ հմայքը միանգամից տրվում էր մեզ, գալիս էիր Շուշի, եւ այդ ամրոցը քեզ ամեն ինչ տալիս էր… Չէի կարող պատկերացնել, որ հետո մարտեր են լինելու Շուշիի համար, եւ որդիս՝ Վաչագանն է իր զինակիցների հետ պայքարելու մինչեւ վերջ… Միեւնույն է՝ Շուշին դժգույն անվանողները փոշի են դառնալու իրենց ողջ ավազակախմբով»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ