Լրահոս
Օրվա լրահոսը

Մելիքսեթ Պողոսյանը՝ Տեղ համայնքի մասին․ «Մեր կողմը եւ իրենց կողմը չեն կարողանում ինժեներական աշխատանքներ կատարել, կրակոցներ կան»

Մայիս 08,2023 13:38

«5 կիլոմետր հատվածի վրա եկել են, մխրճվել: Ռուսական խաղաղապահ զորքը որտեղ նստած է եղել, այդ հատվածում իրենք դուրս են եկել, ադրբեջանցիները մխրճվել են: Էնտեղ պոստեր կան, որ 5 մետր առաջ կամ հետ են գնացել։ Այդ հատվածը սահմանապահ զորքերը պետք է պահեին, բայց այդ հատվածում ամեն օր բախումներ են լինում։ Մեր կողմը եւ իրենց կողմը չեն կարողանում ինժեներական աշխատանքներ կատարել, կրակոցներ կան։ 5 կիլոմետր հատվածում կատարվել է խախտում»,-այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։

Նա ասաց, որ աշխարհազորը Տեղից մինչեւ Խոզնավար 26 մարտական դիրք է պահում․ «Զինված ուժերի պաշտպանությունը խտացրել ենք, որպեսզի այսօրվա դրությամբ ԶՈՒ-ն իր խնդիրը կարողանա կատարել: Ազգը պետք է բանակ դառնա: Մեր քանակը քիչ է, իրենցը՝ շատ: 1990-ականներին էլ է այդպես եղել, բայց կարողացել ենք միասնական մեր հարցերը լուծել»:

Լրագրողի դիտարկմանը՝ Մելիքսեթ Պողոսյանը իշխանություններին է պաշտպանում, նա պատասխանեց․«Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել, իմ առաքելությունը հայրենիքի պաշտպանությունն է։ Ես էն մարդն եմ, որ իմ երեխան պատերազմի դաշտում զոհվել է, ես չեմ եկել թաղմանը: Վազգեն Սարգսյանը կոլեգիայի նիստում ասում էր՝ Մելոն կա՝ հաղթում ենք, Մելոն չկա՝ պարտվում ենք: Ես էդ հրամանատարն եմ»։

Այդ դեպքում գործող իշխանության կողքին ի՞նչ գործ ունի, այս հարցին ի պատասխան էլ Պողոսյանն ասաց․ «Ես իմ պետության, իմ ժողովրդի, իմ սահմանի կողքին եմ: Խի՞ եք պառակտում ժողովրդին: Ես ոչ մեկի կողմից չեմ: Ես գնացել եմ մարզպետի պաշտոնի, հրամանատարները հավաքվել՝ ասել են՝ եթե դու ես գնում, ամեն մեկս 200 հոգի վերցնում ենք՝ գանք Սյունիքը փրկենք: Նռնաձորից մինչեւ Խոզնավար 300 կմ նոր սահման, նոր ինժեներական աշխատանք ես եմ կատարել»:

Դիտարկմանը՝ Սեւ լիճը չպաշտպանեցիք, նա ասաց՝ դա բանակի խնդիրն է, ես հարավային մասի հարցն էի լուծում:

Մեկ այլ դիտարկմանն էլ՝ մամուլը գրել է, որ Պողոսյանի ազգականները, մասնավորապես զարմիկը՝ Տեղ գյուղում պաշտոն է զբաղեցնում, եւ խնդիրներ են ստեղծում բնակիչների համար, նախկին մարզպետը պատասխանեց՝ ընտրություն է եղել, այդ մարդն իր թեկնածությունը դրել է, ժողովուրդը նրան ձայն է տվել, դարձել է համայնքի ղեկավար․«Ես ի՞նչ պետք է անեմ, ես չեմ էլ խառնվել»։

Դիտարկմանն ի պատասխան, որ մամուլը գրել է, թե Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը Պողոսյանի հովանավորյալն է, Ղուլունցի թիմակիցները երիտասարդների է ծեծել, Պողոսյանը վստահեցրեց, որ ինքը նման բան ընդհանրապես թույլ չի տա․«Իմ համար կարեւորը հավասարությունն է, ճշտությունը, մաքրությունը։ Ես էդ գյուղում հպարտ ման եմ գալիս, եկեք բոլորով գնանք Տեղ գյուղ, եթե մեկը ձեռք բարձրացնի, թե Պողոսյան Մելիքսեթից բողոք ունեմ․․․»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031