Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Խաչատրյան․ «Պետք է անել ամեն ինչ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակչության համար անվտանգային որեւէ խնդիր չլինի»

Մայիս 08,2023 12:54

Նիկոլ Փաշինյանը պարբերաբար գնում է Մոսկվա, այո, երեւի գնացել է։ Այսօր այս մասին Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ պատասխանելով լրագրողների՝ վարչապետի Մոսկվա մեկնելու մասին հարցին։

Մեկ այլ հարցին էլ՝ հնարավո՞ր է խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը տեղափոխվի Մոսկվա, քանի որ ԱՄՆ-ում բանակցություններում կարծես հաջողություն չգրանցվեց, Խաչատրյանը պատասխանեց․ «ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ դեռեւս ամփոփիչ տեղեկատվություն չունեմ, որեւէ բան չեմ կարող ասել»։ Նա նաեւ չբացառեց, որ արտգործնախարարին կհրավիրեն ԱԺ՝ ԱՄՆ բանակցությունների մանրամասներին տեղեկանալու համար։

Հարցին՝ ի՞նչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր՝ խաղաղության պայմանագրի պարամետրերը հայ ժողովրդի համար կարող է ընդունելի չլինեն, Խաչատրյանը պատասխանեց․ «Այնպիսի պահանջներ են առաջադրում, որը մեզ համար կարմիր գծեր են, եւ ընդունելի չեն։ Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ անել, որ իր շահերի համար ավելի բարենպաստ վիճակ ստեղծի, ինչը շատ դեպքերում մեզ համար ընդունելի չէ»։

Մեկ այլ հարցին՝ ՀՀ-ն երբ ասում է տարածքային պահանջ չունի Ադրբեջանից, այդ թվում՝ Հադրութի եւ Շուշիի մասի՞ն է խոսքը, Խաչատրյանը պատասխանեց․ «Տարածքային ամբողջականությունը ՀՀ -ն ընդունում է այնպես, ինչպես Ադրբեջանն է ընդունում ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Թեեւ ընդունել է, բայց պրակտիկ քայլերով դա չի երեւում Ադրբեջանի գործողություններից։ Լեռնային Ղարաբաղի հարցը այլ ֆորմատի մեջ է, ԼՂ բնակչության անվտանգության, ապրելու երաշխիքների խնդիրը այլ հարց է, եւ սա միջազգային հարթակներում պետք է քննարկվի եւ քննարկվում է։ Պետք է անել ամեն ինչ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը լինի անվտանգ, եւ այնտեղի բնակչության համար անվտանգային որեւէ խնդիր չլինի»։

Թե ինչպես է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինելու անվտանգ, Խաչատրյանն ասաց, որ այդ հարցերը բանակցային գործընթացներում եւ երկարատեւ քննարկումների խնդիրներ են․ «Դա կախված է նաեւ Հայաստանի դիմադրողականությունից, աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ։ Բայց, ամեն դեպքում, ամեն ինչ արվում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության մակարդակն ապահովվի, ինչն այսօր այդպես չէ, եւ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ սադրել, անգամ էթնիկ զտումների ծրագրեր է իրականացնում։ Այս ամենը բանակցություններում առանցքային խնդիրներն են»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031