Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել են դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

Մայիս 08,2023 12:04

ԿԳՄՍ նախարարի հրամանով/em> հաստատվել են 2023 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:

Ըստ այդմ՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2023 թվականի հունիսի 5-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ, Երևանի թիվ 198 ավագ դպրոցում:

Հիմնական  կրթության  վկայական  ստանալու  համար  դրսեկները 2023 թվականի 2-րդ քննաշրջանի ընթացքում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն»  առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար), «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Հայոց պատմություն», «Գրականություն», «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները՝ բանավոր:

Միջնակարգ  կրթության  ատեստատ ստանալու համար դրսեկները  «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկաների քննությունները  կհանձնեն գրավոր, իսկ Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Ռուսաց լեզու», «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաները՝ բանավոր:

«Ֆիզկուլտուրա» առարկայից կանցկացվի ստուգարք (նորմատիվների հանձնում):

Գրավոր քննական թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը` յուրաքանչյուր առարկայից առնվազն 4 թեստ՝ գնահատման 20 բալային համակարգով: Բանավոր քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից՝ գնահատման 10 բալային համակարգով:

Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկաները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահատականները վերածելով 10 բալային համակարգի: Բանավոր քննությունները գնահատվում են 10 բալային համակարգով և համարվում են տարեկան գնահատականներ:

Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է համաձայն հետևյալ սանդղակի՝

20 միավոր – 10

18-19 միավոր – 9

16-17 միավոր – 8

14-15 միավոր – 7

12-13 միավոր – 6

10-11 միավոր – 5

8-9 միավոր – 4

Դրսեկության ձևով (էքստեռն) քննությունները կանցկացվեն՝ համաձայն սահմանված ժամանակացույցի:

Դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կազմակերպելու և անցկացնելու գործընթացը համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031