JAMnews. «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից հրապարակված մամուլի ազատության համաշխարհային նոր ինդեքսում Ադրբեջանը 180 երկրների մեջ բարձրացել է երեք հորիզոնականով և զբաղեցրել 151-րդ տեղը։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բյուրոյի ղեկավար Ժաննա Կավելիեն ասում է, որ առաջընթացը կապված է ոչ թե Ադրբեջանում դրական փոփոխությունների, այլ մյուս երկրներում գրանցված արդյունքների վատթարացման հետ:
«Մամուլի ազատության համաշխարհային նոր ինդեքսում Ադրբեջանը զբաղեցրել է 151-րդ տեղը 180 երկրների մեջ՝ Պակիստանի և Աֆղանստանի միջև։ Թեև այս արդյունքը մի փոքր ավելի լավ է անցած տարվա համեմատ, սակայն դա պայմանավորված է վարկանիշում Ադրբեջանի հարակից երկրների արդյունքների վատթարացմամբ։ Ամենակարևորն այն է, որ Ադրբեջանը շարունակում է մնալ շատ վատ արդյունքներ ունեցող երկրների շարքում։ Լրագրությունն Ադրբեջանում շատ վտանգավոր մասնագիտություն է»,- ասել է Ժաննա Կավելիեն։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն ինդեքսի որոշման ժամանակ հաշվի է առնում հինգ հիմնական ցուցանիշ՝ քաղաքական ենթատեքստ, իրավական բազա, տնտեսական համատեքստ, սոցիալ-մշակութային համատեքստ և անվտանգություն: Ադրբեջանում, մասնավորապես, նկատելի է լրագրողների անվտանգության ցուցանիշի լուրջ անկում։ Հետընթացով ուղեկցվող մեկ այլ ցուցանիշ է իրավական բազան։
Ժաննա Կավելիեն ասում է, որ դա պայմանավորված է Ադրբեջանում «ԶԼՄ-ների մասին» նոր օրենքի ներդրմամբ։
Կարդացեք նաև
«Իրականում իշխանություններն ասում էին, որ նոր օրենքը օգուտ կբերի լրատվական միջավայրին, բայց մեկ տարի անց տեսանք, որ 40 լրատվամիջոց չստացավ հավատարմագրում, իսկ 20 լրագրող զրկվեց դրանից։ Իշխանությունները կամայականորեն որոշում են՝ ով է լրագրող, ով՝ ոչ, և հավաքագրում են գրանցված բոլոր անձանց անձնական տվյալները։ Սա շատ վտանգավոր է ավտորիտար ռեժիմի պայմաններում, որը գլխավորում է Իլհամ Ալիևը, նա, ով դասվում է մամուլի ազատության գիշատիչների շարքին: Ուստի մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ամբողջությամբ վերանայել օրենքը և առաջ տանել այլընտրանքային տարբերակ, մասնավորապես՝ ինքնակարգավորում», — ասել է Կավելիեն «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում:
Բռնություն, սպառնալիքներ, հետապնդումներ…
«Յուրաքանչյուր ոք, ով իրեն անվանում է անկախ լրագրող և այդպիսին է, գիտի, որ Ադրբեջանում մամուլի ազատություն չկա», – ասում է անկախ լրագրող Ուլվիյա Ալին: Նրա խոսքով՝ ինքը դա գիտի անձնական փորձից, բայց այդ՝ տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցները հիմք են տալիս դա ասելու։
«Մի երկրում, որտեղ արտահայտվելու ազատությունը համարվում է գրեթե հանցագործություն, որտեղ լրագրողները ենթարկվում են տարբեր տեսակի բռնությունների, ճնշումների, խոշտանգումների, սպառնալիքների, ձերբակալությունների և նույնիսկ սպանությունների, մամուլի ազատության մասին խոսք լինել չի կարող։ Եղել են դեպքեր, երբ լրագրողներին գաղտնալսել են Pegasus լրտեսող ծրագրի միջոցով և տեղեկություններ տարածել նրանց անձնական կյանքի մասին։ Երկրում արգելափակված են անկախ մամուլ հանդիսացող մի քանի կայքեր։ Անցյալ տարվա փետրվարին ընդունված «ԶԼՄ-ների մասին» նոր օրենքը վկայում է այն մասին, որ այդ վերահսկողությունը կուժեղացվի։ Միայն այս օրինակները բավական են Ադրբեջանում մամուլի վիճակը տեսնելու համար»,- ասում է անկախ լրագրողը։
Փաստաբան Սամեդ Ռահիմլին ասում է՝ Ադրբեջանում խոսքի ազատության դեմ հարձակումները կրում են համակարգային բնույթ։
«Մեր երկրում խոսքի ազատության խախտումները պետական վերահսկողության քաղաքականության մաս են կազմում։ Պարզ ասած՝ խոսքի ազատությունը թույլատրվում է միայն այն դեպքերում, որոնք պետությունն ընդունելի է համարում։ Այն դեպքերում, երբ դա համարվում է անընդունելի, վերահսկողության ընդհանուր մեխանիզմը կանխում է դրանք։ 2022 թվականի հունիսին Վենետիկի հանձնաժողովը ընդհանուր կարծիք է հայտնել «ԶԼՄ-ների մասին» օրենքի վերաբերյալ, ըստ որի՝ օրենքը սկզբից մինչև վերջ գնահատվում է որպես խնդրահարույց։ Եզրակացության մեջ օրենքը գնահատվում է որպես կառավարության կողմից չափից ավելի կարգավորում մեդիաների, որոնք հանդիսանում են մասնավոր հատված։ Իմ դիրքորոշումն այն է, որ այս օրենքը որոշակի իրավական ձևակերպումն է այն արգելքների, որոնք մինչ այժմ դրվել են լրատվամիջոցների առջև»,- ասում է փաստաբանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: