Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ենք մենք հորանջում, և արդյո՞ք դա վարակիչ է

Մայիս 08,2023 09:30

Երբևէ նկատե՞լ եք, որ սկսում եք հորանջել, երբ տեսնում եք, որ ինչ-որ մեկը ձեր կողքին հորանջում է։ Մի քանի հետաքրքիր տեսություններ կան, որոնք բացատրում են այդ տարօրինակ վիճակի առաջացումը, որը ծանոթ է բոլորիս, սակայն եթե այսօր մենք շատ բնական ենք վերաբերվում հորանջելուն, ապա դարեր առաջ մարդիկ կարծում էին, որ հորանջելու համար պետք է փակել բերանը, որպեսզի հոգին չլքի մարմինը։

«Մենք բոլորս ենք հորանջում, երբ քնկոտ ենք կամ ձանձրանում ենք, երբեմն էլ՝ հորանջում ենք առանց ակնհայտ պատճառի», -ասում է ընտանեկան բժիշկ, բ․գ․թ․ Դոնալդ Ֆորդը։ Գիտնականները դեռևս ուսումնասիրում են այն հարցերը, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ է մարդը հորանջում։ Եվ թեև դեռևս միանշանակ պատասխան չկա, բայց կան մի քանի տեսություններ, որոնք կդիտարկենք ստորև․

Տեսություն 1․ Հորանջելու միջոցով գլխուղեղն արթնացնում է մեզ

Պատահական չէ, որ հաճախ ենք հորանջում, երբ քնել ենք ուզում, և հնարավոր է, որ հորանջելու միջոցով գլխուղեղը փորձում է արթնացնել մեզ։
Հետազոտողները ենթադրում են, որ այդպիսով շարժվում է դեմքն ու պարանոցը՝ խթանելով քներակը։ Իր հերթին դա հանգեցնում է սրտի զարկերի արագացման և ակտիվացնում է գլխուղեղը։ Հորանջելու շնորհիվ մարմինն ավելի առույգ և զգոն է դառնում։

Տեսություն 2․ Հորանջելն օգնում է նվազեցնել ճնշումը

«Հորանջելն օգնում է բացել եվստախյան փողերը, որոնք կարգավորում են օդի ճնշումը միջին ականջում», -ասում է դոկտոր Ֆորդը։
Հենց այդ պատճառով էլ մենք հաճախ հորանջում ենք ՝ լարվածությունը հանելու համար։ Ընդ որում, այդ արդյուքնը տեղի է ունենում նաև կլման ժամանակ, ուստի հետազոտողները չեն կարող հստակ ասել, թե արդյո՞ք դա է հորանջելու հիմնական պատճառը։

Տեսություն 3․ Օգնում է կարգավորել գլխուղեղի ջերմաստիճանը

Հետազոտողները նաև հայտնաբերել են, որ հորանջելն օգնում է կարգավորել գլխուղեղի ներքին ջերմաստիճանը։ «Նրանք ենթադրել են, որ ինչպես համակարգիչն ունի հովացման մեխանիզմ՝ գերտաքացումից խուսափելու համար, գլխուղեղը նույնպես կարգավորում է իր ջերմաստիճանն այդ եղանակով»,- ասում է դոկտոր Ֆորդը։

Դա տեղի է ունենում մի քանի եղանակով։ Տարբեր հետազոտողներ ցույց են տվել, որ երբ մենք հորանջում ենք, մեր թոքերն ավելի շատ են հագենում օդով, որն այնուհետև հովացնում է գլխի ու պարանոցի արյունատար անոթները։ Դրանից բացի ծնոտի և այտերի դիմային մկանները ձգվում և կրճատվում են, ինչն օգնում է օդափոխել քթային խոռոչները՝ այդպիսով հովացնելով գլխուղեղը։ Երևի նկատել եք, որ հորանջելիս նաև արցունքներ են հոսում աչքերից, ինչը նույնպես օգնում է դուրս բերել ջերմությունը։ «Քնի փուլերը, ձանձրույթն ու սթրեսը կապված է գլխուղեղի ջերմաստիճանի տատանումների հետ», – ավելացնում է դոկտոր Ֆորդը։

Կարելի՞ է հորանջել չափից շատ

Թե ինչո՞ւ ենք մենք հորանջում հարցից զատ մարդկանց կարող է հետաքրքրել նաև այն հարցը, թե արդյո՞ք խնդիր է չափից շատ հորանջելը։ Սակայն կարող է զարմանալի թվալ այն փաստը, որ միջին վիճակագրական մարդն օրական մոտ 20 անգամ է հորանջում։ Եվ թեև հստակ թվեր չկան, թե որն է համարվում չափից շատ հորանջել, սակայն որոշ դեպքերում դա կարող է նյարդաբանական խնդրի մասին խոսել, այդ թվում՝

  • Էպիլեպսիա,
  • միգրեն,
  • ցրված սկլերոզ,
  • Պարկինսոնի հիվանդություն,
  • կաթված։

Եվ եթե նկատում եք, որ հորանջում եք ավելի շատ, քան սովորաբար, ապա արժե ավելի ուշադիր լինել առողջության նկատմամբ։

Արդյո՞ք հորանջելը «վարակիչ է»

Սա այն է հարցն է, որը նույնպես հստակ պատասխաններ չի ստացել․ սովորաբար առաջին հորանջը ինքնաբուխ է համարվում, մյուսները՝ արդեն վարակիչ։

2011 թ․-ի հետազոտությունը ցույց է տվել, որ ինչպես ինքնաբուխ, այնպես էլ «վարակիչ» հորանջն առաջանում է այն հիմնական մեխանիզմով, որը մասնակցում է գլխուղեղի ջերմաստիճանի կարգավորմանը։ Հետազոտողները ենթադրում են, որ ուրիշի հորանջելուց վարակվելը թերևս պայմանավորված է նրանով, որ երկուսն էլ կլիմայական նույն պայմաններում են գտնվում, և հավանաբար երկուսի գլխուղեղն էլ արձագանքում է ջերմաստիճանի փոփոխություններին։

2022 թ․-ին անցկացված հետազոտությունը փորձել է պարզել, թե արդյոք կապ կա սոցիալական մտերմության և հորանջելու միջև։ Թեև հետազոտությունը հաստատել է, որ մարդիկ հորանջում են, երբ տեսնում են, որ ինչ-որ մեկը հորանջում է, բայց դա ոչ թե էմոցիոնալ արձագանք է՝ ապրումակցում, այլ միգուցե խմբային սինխրոն վարքագծի դրսևորում, քանի որ հորանջելն օգնում է «արթնացնել» մարմինը՝ ինքնապաշտպանական նկատառումներով։

Ինչպե՞ս դադարել հորանջել

Եթե հորանջելը սկսում է նյարդայնացնել ձեզ և ձեր մտերիմներին, ապա կարող եք փորձել մի շարք միջոցներ, որոնք կիրառվում են նաև զկրտոցի դեպքում՝
քթով մի քանի խորը շունչ քաշեք, շարժվեք, դուրս եկեք մաքուր օդ շնչելու կամ բացեք պատուհանները, մի քանի կում սառը ջուր խմեք։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Լուսանկարում՝ փոքրիկ արքայազն Լուին՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողության ժամանակ, REUTERS

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031