Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաշինգտոնում նախատեսված էր նախաստորագրել համաձայնագիր, բայց առարկայական համաձայնություն չեղավ»

Մայիս 08,2023 13:00

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

– Պարոն Ղուկասյան, Վաշինգտոնում ընթացան Միրզոյան-Բայրամով քառօրյա բանակցություններ, որի շրջանակներում ըստ էության համաձայնություն ձեռք չբերվեց, թեպետ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ վերջնական համաձայնությունն արդեն երեւում է։ Ինչպե՞ս եք գնահատում այս բանակցությունները, ինչ-որ արդյունք կա՞։

– Վաշինգտոնում առարկայական համաձայնություն չեղավ։ Իմ կարծիքով՝ նախատեսված էր նախաստորագրել համաձայնագիր, որի համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեին Եվրամիության միջնորդությունը Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում։ ԱՄՆ առաջարկն այն էր, որ ինչպես 1992 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը ԵԱՀԿ-ին էին պատվիրակել՝ լուծելու հիմնախնդիրը, հիմա էլ պետք է Եվրամիությանը հանձնեն բանակցային գործընթացը։ Եվ, իհարկե, ցանկացած բանակցություն պետք է ավարտվի ինչ-որ փաստաթղթով, դրա նախաստորագրումը ենթադրում է, որ դա ինչ-որ կետ է, երբ չի կարող արվել լրացուցիչ որեւէ փոփոխություն։ Պարզապես կամ պետք է իշխանությունները համաձայն լինեն, կամ ոչ։ Հայ-ադրբեջանական հարաբերություններում 3-4 անգամ այդպիսի բան եղել է, երբ տեքստերի նախագծերը մինչեւ վերջին ստորակետը եղել են համաձայնեցված, բայց հետո քաղաքական որոշում չի կայացվել՝ այս ստորագրածն իրականացնելու համար։ Վաշինգտոնյան հանդիպումը շատ ծանրաբեռնված էր, Հայաստան-Արցախ ճանապարհին Ադրբեջանի տեղադրած անցակետն ուղղված էր այդ հանդիպումը տապալելուն, զուգահեռ այլ գործողություններ էլ տեղի ունեցան, որոնք նպատակ ունեին այդ բանակցությունները ձախողել։ Կարելի է ասել, որ Վաշինգտոնում որեւէ բան չուրվագծվեց, եւ հարցը շարունակում է մնալ բաց։

– Այս բանակցությունների շրջանակներում ԱՄՆ Պետքարտուղարությունը շրջանառության մեջ դրեց «էթնիկ փոքրամասնությունների իրավունքներ ու անվտանգություն» ձեւակերպումը, որը ենթադրվում է, որ վերաբերում է արցախահայությանը։ Ինչպե՞ս եք գնահատում սա։

– ԱՄՆ-ն Արցախը համարում է «սեպարատիստական ռեգիոն», որը «վիճելի տարածքի» կարգավիճակ ունի։ Այդ գնահատականի հարցում որեւէ բան չի փոխվել, յուրաքանչյուր հայտարարություն դիրքորոշում է արտացոլում։ Իմ կարծիքով՝ ԱՄՆ ջանքերն ուղղված են եղել, որ Արցախի հարցի կարգավորման իրավասությունը ԵԱՀԿ-ից անցնի Եվրամիությանը։ Հասկանալի է, որ ԵԱՀԿ-ում անլուծելի հակադրություն կա Ռուսաստանի եւ ԱՄՆ միջեւ։ Ի՞նչ էին ուզում արդյունքում ստանալ, ի՞նչ էր դրված սեղանին, դա դեռ հայտնի չէ։ Որոշ ժամանակ անց դա էլ երեւի պարզ կլինի։

– Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունն այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում։ Մենք տեսանք, որ բանակցությունների օրերին ՀՀ վարչապետը հայտարարեց. «Հայաստանի Հանրապետությունը պետք է հայտարարի, որ որեւէ երկրի նկատմամբ տարածքային նկրտումներ ոչ միայն չունի, այլ նաեւ չի ունենալու։ Հակառակ դեպքում, եկեք նայենք, 4 կողմից ամեն ինչ անելու են, որ մենք որպես պետություն չլինենք»։

– Ես միշտ բացասական եմ գնահատել Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականությունը։ Հիմա կարող եմ ավելացնել, որ ոչ միայն ես, այլեւ Հայաստանում մեծամասնությունն է այդպես կարծում։ International Republican ինստիտուտի պատվերով կատարված վերջին հարցումը ցույց է տալիս, որ հանրության մեծամասնությունը բացասական է գնահատում Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը, մասնավորապես, Արցախի հարցում քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանն ունի ձգտումներ՝  վախեցնել հասարակությանը, անել հայտարարություններ, որոնք իրականության հետ առհասարակ որեւէ առնչություն չունեն։ Հայաստանի Հանրապետության՝ հարեւանների նկատմամբ տարածքային պահանջների բացակայության մասին հայտարարված է դեռեւս 1992 թվականից՝ Անկախության միջազգային ճանաչման առաջին օրվանից։ Եվ մանիպուլյացիաներ անել, ինչ-որ բաներ հորինել, թե իբր այդ խնդիրները կան, դա անլրջություն է։ Հայաստանը երբեք տարածքային պահանջ չի ներկայացրել ոչ մի երկրի, եւ դրա համար Հայաստանի բոլոր կառավարությունները քննադատության են արաժանացել ազգայնական ուժերի կողմից, նրանց կողմից, ովքեր գտնում են, որ Կարսի պայմանագիրը եւ Հայաստանի սովետական սահմանները հարկադրանքի տակ են կնքվել։ Այդ ուժերը երբեք չեն հանդուրժել Խորհրդային Հայաստանի խղճուկ ժառանգությունը, եւ միշտ բարձրացրել են հարց, թե ինչպես պետք է պատմական անարդարության հարցերն ամփոփվեն։ Միշտ քննադատվել է այն, որ Հայաստանի բոլոր կառավարությունները երբեւիցե տարածքային պահանջ չեն ներկայացրել ոչ մի հարեւանի։

– Այսպիսով՝ բանակցությունները փակուղո՞ւմ են, եւ ի՞նչ պետք է անել։

–  Հայաստանը եւ Ադրբեջանն սպասում են, թե երբ Ուկրաինայում խաղաղություն կհաստատվի, որպեսզի միանան Ռուսաստանի եւ Բելառուսի «միութենական պետության» պայմանագրին։ Եվ հիմա ինչ-որ բանով պետք է ժամանակը լրացնեն, լրացնում են այսպիսի գործընթացներով։ Արեւմուտքն իր կողմից ճնշումներ է գործադրում, որ Արցախի վերաբերյալ դրույթները՝ «Մադրիդյան սկզբունքները», խաղաղ կարգավորման հիմքում դրվեն։ Դա նաեւ Եվրոպական միության խորհրդարանի բանաձեւում է արձանագրված։ Այսինքն՝ Հայաստանի իշխանությունների գործողություններն իմ կարծիքով ուղղված են դիմադրել Արեւմուտքի ճնշումներին եւ ժամանակ շահել, որպեսզի Ուկրաինայում խաղաղություն հաստատվելուց հետո հնարավոր լինի այդ «միութենական պետության» պայմանագիրն օգտագործել եւ դրա միջոցով նաեւ Արցախի հարցերը համարել «լուծված»։ Ըստ էության դա վերադարձ է Խորհրդային միություն, եւ այդ տրամաբանության մեջ Արցախը պիտի մնա Ադրբեջանի կազմում։ Դա միայն Մոսկվայի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կարծիքն է, բայց մնացած ողջամիտ աշխարհն այդպես չի մտածում։ ԱՄՆ դիրքորոշումը, ինչպես ասացի, հետեւյալն է՝ հանձնել գործը Եվրամիությանը։ Եվրամիությունն իր հերթին, ինչպես ասացի, հավատարիմ է «Մադրիդյան սկզբունքներին»։ Դա իրենք արձանագրել են մարտի 15-ին ընդունած բանաձեւում, որտեղ նշել են, որ խաղաղ կարգավորումը պետք է լինի Մինսկի խմբի համանախագահների՝ 2007 թվականին մշակած սկզբունքների վեց տարրերի հիման վրա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031