Լրահոս
Օրվա լրահոսը

«Մշակույթի միջոցով փորձում ենք մարդկանց ուշադրությունը սևեռել Արցախի խնդրին, հայաթափմանը, էթնիկ զտումների կասեցմանը»․ Գագիկ Գինոսյան

Մայիս 07,2023 23:30

«Մշակույթի միջոցով փորձում ենք մարդկանց ուշադրությունը սևեռել Արցախի խնդրին, հայաթափմանը, էթնիկ զտումների կասեցմանը»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով մայիսի 7-ին Երևանում՝ Բաղրամյան փողոցում անցկացված մշակութային միջոցառումներին՝ ասաց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։

Տեղի ունեցավ «Հայոց ավանդական պարի բաց դաս, ոգեկոչում ի զորակցություն Արցախի ազատագրության համար պայքարող մեր հայրենակիցների» «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ։

Գագիկ Գինոսյանն ասաց, որ միջոցառումները նախատեսված են Արցախի երիտասարդության նախաձեռնած «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին աջակցելու նպատակով ու նշեց․ «Մենք առաջարկեցինք իրենց հետ համաձայնեցրած պարի բաց դաս կազմակերպել։ Շատերը չեն էլ նկատում սեղանիկները, որտեղ դրված ստորագրություն է կատարվում։ Դրա համար առաջարկեցինք, որ պարենք, ինչպես հաճախ Կասկադում անում ենք, որպեսզի մարդկանց ուշադրությունը սևեռենք ստորագրահավաքին, որ մարդիկ նախ ուշադրություն դարձնեն պարողների վրա, հետո հետաքրքրվեն՝ ինչ է կատարվում, մոտենան սեղաններին, և ստորագրահավաքը մի քիչ ավելի մասշտաբային լինի»։

Հարցրինք՝ շփվեցի՞ն քաղաքացիների հետ, ի՞նչ մտահոգություններ նրանք ունեն։ Գագիկ Գինոսյանը պատասխանեց․ «Մտահոգությունը նաև քաղաքացիների մի հատվածի անտարբերությունն է, հիմնական մտահոգությունը նաև իրավիճակն է, որ գնալով սաստկանում է, Արցախի շուրջ օղակը նեղանում է։ Իհարկե, կոսմետիկ որոշումներ կան Եվրադատարանի և այլն, բայց ոչ մի հետևանք դա չի ունենում։ Ինչքան էլ որոշումներ լինեն, բայց անուժ որոշումներ են և դրանք որևէ կերպ Արցախի էթնիկ զտումների կասեցմանը չեն նպաստում։ Դրա համար Արցախի երիտասարդությունը նման քայլի է գնացել։ Բայց անգամ այդ խայտառակ փաստաթուղթը միակողմանի խախտվում է Ադրբեջանի կողմից արդեն տարբեր կետերով։ Մեկ անգամ չէ։ Սա է մտահոգությունը, և Արցախի երիտասարդությունը փորձում է այդ ամենը կասեցնել։ Սա նաև անում են տարբեր երկրների ուշադրությունը սևեռելու համար»։

Մեր հարցին՝ մի՞թե աշխարհում տեղյակ չեն, թե ինչ է կատարվում Արցախում, դրա վկայությունն է նաև Եվրոպական դատարանի, ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները, այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ չկա հասցեական արձագանք և պատժամիջոցներ Ադրբեջանի հասցեին, Գագիկ Գինոսյանն այսպես արձագանքեց․ «Մեր խնդիրն է տեղեկացնել, որ հետո չասեն՝ մենք տեղյակ չէինք։ Իհարկե, երբ ԱՄՆ-ին պետք էր, ինքը մեկ շաբաթում սկսեց ռմբակոծել Հարավսլավիան և միջնադարյան Բելգրադը գետնին հավասարեցրեց։ Այնպես չէ, որ մյուս երկրները բանի պտուղ են։ Մենք եկել ենք աջակցելու Արցախի երիտասարդների կոչին, թե չէ, եթե անձամբ իմ կարծիքը հարցնեք, մենք ենք մեր ճակատագրի տերը։ Նախորդ հանրապետության ժամանակ Նժդեհը գոչում էր, որ անգամ հայ եկեղեցու կրոնը պիտի լինի ինքնապաշտպանությունը, բայց մենք շարունակում ենք հանգամանալից հրավիրել օտար երկրների ուշադրությունը, որն անիմաստ է։ Ինչպես դա 1915-ին եղավ, ինչպես հիմա։ Ինչպես տեսնում ենք՝ որևէ մեկի ազդեցությամբ՝ անգամ Եվրադատարանի որոշումից հետո մեկ մետր չի տեղաշարժվել Ադրբեջանը, և այդ որոշումը չի ստիպել Ադրբեջանին հետ քաշվել, հակառակը, դրանից հետո ավելի են առաջ եկել և ավելի մեղմ ասած՝ հանդուգն նոր ուղեփակոցներ դրել և այլն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031