Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա նման բաժանարար գիծ։ Շատերը նաև ՀՀ-ից կանգնեցին իմ կողքին». Ռուբեն Վարդանյանը՝ ՀՀ օլիգարխների՝ իր կողքին չկանգնելու մասին հարցի առիթով

Մայիս 07,2023 21:05

«Չկա նման բաժանարար գիծ։ Շատերը նաև ՀՀ-ից կանգնեցին իմ կողքին»,-հարցին՝ ինչո՞ւ ՀՀ օլիգարխները չեն կանգնում Ձեր կողքին, «Արցախի հիմնախնդիրը 10 մլն հայության խնդիրն է» խորագրով առցանց հանդիպման ժամանակ հայտարարեց «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա այս առիթով շարունակեց․ «Կան ավելի կամ նվազ ապահովված մարդիկ․ ամեն մեկն իր համար որոշում է ընդունում՝ որն է իր համար կարևոր՝ հայրենի՞քը, Արցա՞խը։ Մենք խնդիրներ ունենք համակարգման և կոնսոլիդացիայի ՀՀ-ի և Արցախի։ Չէի ուզի, որ միանշանակ բաժանարար գիծ քաշեն»։

Առցանց հանդիպման ընթացքում աշխարհի տարբեր երկրներից Ռուբեն Վարդանյանին հարցեր էին հղում։ Նրանցից մեկը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ՀՀ կառավարության հետ չեք միավորվում, եթե ունեք ՀՀ-ի և Արցախի զարգացման հստակ ծրագիր։ Ռուբեն Վարդանյանն արձագանքեց․ «Մի քանի անգամ առաջարկ եմ արել, բայց ամեն անգամ ասել են՝ շնորհակալություն, առանց ձեզ յոլա կգանք։ Մենք առաջարկել ենք՝ սկսած 2018-ի հուլիսից, ամեն անգամ պատասխանն էր՝ շնորհակալություն, մենք ամեն ինչ կանենք։ ՀՀ կառավարությունում աշխատում են մարդիկ, որոնք մեր էկոհամակարգից են։ Օրինակ՝ Արարատ Միրզոյանը սկսել էր Ավրորայով։ Համատեղ աշխատանքի համար ցանկությունը երկկողմանի պիտի լինի։ Հինգ տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները ցույց տվեցին, որ չեն կարող, չեն ցանկանում լսել ու սովորել, նորմալ ընկալել, քննարկել, այլ ոչ թե անձնավորված։ Ամեն ինչ անձնավորվում է փոխանակ հասկանալու համար, որ միասին պետք է կառուցել։ Եվ այդ մոտեցումը մեզ թուլացնում է»։

Այն հարցերին, թե ի՞նչ եք անելու, որ լինի ՀՀ-ում իշխանափոխություն, Ռուբեն Վարդանյանն ի պատասխան ասաց․ «Ամենածայրահեղ ճգնաժամային իրավիճակում ենք։ Մենք հիմա բոլորս պետք է կանգնենք Արցախի պաշտպանության համար։ Այսօր ամենակարևորը Արցախը պահպանելն է, մնացած ամեն ինչ երկրորդական է»։

Ռուբեն Վարդանյանը նաև նշեց, թե որ առանցքային հարցում է իր և ՀՀ իշխանությունների դիրքորոշումը տարբերվում ու ասաց․ «Իմ դիրքորոշումն է այն, որ եթե Արցախը փրկվի, Հայաստանը կփրկվի։ Դա իմ և ՀՀ կառավարության դիրքորոշումների տարբերությունն է։ Ես վստահ եմ, որ առանց Արցախի Հայաստանը չի կարող պահպանվել։ Դրա համար այս ճգնաժամային իրավիճակում պետք է ամեն բան մի կողմ թողնենք և այս դիրքորոշումն առաջ տանենք»։

Ռուբեն Վարդանյանից նաև հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ուժերը չեն համատեղում ՈՄԱ-ի հետ, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց․ «Մեծ հարգանքով եմ վերաբերվում Վովա Վարդանովին և նրա ընտանիքին։ Ինքս եմ անցել նրա տասնօրյա ծրագիրը և համարում եմ՝ լավագույն հնարավորություններից մեկն է՝ ինչպես պաշտպանել հայրենիքը։ Մենք մշտական աշխատանք և մարդկային կոնտակտներ ունենք, հիմա հաղորդակցությունների դժվարություններ կան։ Հենց հնարավորություն ընձեռնվի, մենք անմիջապես միասին համատեղ ծրագրեր կիրականացնենք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031