Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու նկարիչների յուրօրինակ թեմատիկայով ցուցահանդեսը

Մայիս 07,2023 20:56

Փյունիկ ցուցասրահում կայացավ երկու նկարիչների՝ Վարսինե Բրուտյանի «Իմ ներսում» և Արման Օհանյանի «Հոգեբուժարան» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը։

«Իմ նկարներում ամեն սիմվոլ իր նշանակությունն ու ասելիքն ունի։ «Իմ ներսում» կտավներիս շարքը անվանում եմ նաև «Հայելում», քանի որ ես հայելում եմ իմ կտավները, իսկ կտավներս հայելում են բոլոր նրանց՝ ում ուշադրությունը ուղղված է կտավներիս։ Գեղեցիկ, հանճարեղ պտույտ է սա, որի մեջ կա ամեն մի ներկային բնորոշ զարգացում։

Յուրաքանչյուրն, ով նայում է կտավներին և տեսնում այնտեղ պատկերվածը զգում է այն էմոցիաները, որոնք կատարվում են իր ներսում՝ ներաշխարհում, ամեն մարդու զգացողություններն ու ապրումներն ուրիշ են, դրա համար նկարներիս ազդեցությունը ամեն մարդու աչքերում ըստ իր պատկերացման է ստացվում։

Արվեստում իմ զարգացման  բարելավման համար շնորհակալ եմ ուսուցչիս՝ նկարիչ Գևորգ Եղիազարյանին, առանց նրա օժանդակության և խորհուրդների դժվար կլիներ նկարչության մեջ զարգացում ապրել,և լինել ճիշտ ճանապարհի վրա։ Ուսուցիչն աշակերտի կյանքում մեծ դեր ունի որպես լույս, նա լուսավորում է իր սանի ճանապարհն ու գիտակցությունը, նրա միտքը ծանոթացնելով արվեստի նուրբ շերտերի հետ,-ասաց նկարչուհին։

Վարսինե Բրուտյանն ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, այս ցուցահանդեսը նրա առաջին՝ անհատական ցուցահանդեսն է։

Այլ թեմատիկայով է նկարում «Հոգեբուժարան» խորագիրը կրող նկարների հեղինակ Արման Օհանյանը։

«Ութ տարեկան հասակում հոգեբուժարանի մասին պատմող ֆիլմ էի դիտում, որը ինձ շատ հետաքրքրեց և դրանից հետո սկսեցի ուսումնասիրել այն ամենն ինչ կապված էր այդ թեմայի վերաբերյալ։ Այցելել եմ հոգեբուժարան, շփվել այնտեղ ապրող մարդկանց հետ, փորձել հասկանալ նրանց հույզերն ու ապրումները, ուսումնասիրել եմ դրա վերաբերյալ գրքեր, նկարել էսքիզներ, այնպես անելով, որ ոչ մի պատկեր չկրկնվի նկարներումս։ Այս ամենն իհարկե՝ բավականին բարդ աշխատանք էր ենթադրում, հարազատներս ու ընկերներս խորհուրդ էին տալիս չզբաղվել այս ամենով, վախենալով իմ և իմ հոգեկան ներաշխարհի համար, բայց ես հաջողեցի և յոթ տարի նկարելուց հետո ավարտեցի «Հոգեբուժարան» նկարներիս շարքը,-ասաց նկարիչը։

Արման Օհանյանն իր խոսքում նշեց, որ առաջիկայում սպասվում է «Շիզոֆրենիա, հալյուցինացիա» նկարների ցուցադրության շարքը։

«Որքան ծանր թեմա, այնքան մտածելու առիթ։ Արվեստը մտածելու, մարդկանց «ուղեղի մեքենան» շարժելու համար է։ Այն թեմաները, որոնք ամենածանրն են և հասարակությունը խուսափում է դրանից և բոլոր այն նկարիչները, որոնք ցանկանում են ստեղծագործել այս թեմատիկայով, խորհուրդ կտամ չվախենալ ոչնչից, ո՛չ քննադատությունից, ո՛չ հասարակության կարծիքից, և  ոչ էլ չհասկացվելուց, քանի որ դրանք հետագայում կօգնեն նկարչին ավելի մասնագիտանալ նկարչության ոլորտում»։

Արման Օհանյանն ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, այնուհետև  Մանկավարժական համալսարանի գեղանկարչության բաժինը։

Անժելա ՍԵԴՐԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031