Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Դեղձավանում տեղական ձիթապտղից չռաֆինացված ձիթապտղի յուղ կարտադրեն, Ծաղկաշատում կգործի մեղվապահության շրջիկ ծառայություն․ տեղական ակտիվ խմբերը՝ համայնքներում

Մայիս 07,2023 20:15

Սահմանամերձ Դեղձավանում շուտով ՀՀ-ում առաջին անգամ կստանան տեղական ձիթապտղից առաջին կարգի չռաֆինացված (չզտված) ձեթ։ Դեղձավանցի Արուս Ղազարյանը որոշեց թողնել մանկավարժությունը և զբաղվել հարազատ համայնքի զարգացմամբ՝ հիմնելով իր բիզնեսը։ Նա արտադրում է կոմպոտներ, մուրաբաներ։ Ասաց՝ առաջին անգամ ինքն է շուկա հանել փաթեթավորված տարբերակով տեղական ձիթապտուղը։ Արուս Ղազարյանը «ԳանՁոր» տեղական ակտիվ խմբի (ՏԱԽ) կառավարման խորհրդի անդամ է։ Aravot.am-ի հետ զրույցում նա վստահեցրեց՝ ՏԱԽ-ի ընձեռած հնարավորության շնորհիվ առաջին անգամ արտադրելու է չռաֆինացված ձիթապտղի յուղ։

ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում՝ «LEADER» / Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման (ՀԱՏԶ) մեթոդաբանությանը համահունչ ՀՀ մարզերում ստեղծվել են տեղական հինգ ակտիվ խմբեր՝ «Տաշիր +», «Լոռվա Ձոր», «ԳանՁոր», «Աղստևի հովիտ» և «Ծիլի Ծով»։ Ծրագիրը կնպաստի ներառական և կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչը կհանգեցնի կյանքի որակի բարելավմանը Տավուշի և Լոռու մարզերի համայնքներում և բնակավայրերում՝ տեղի բնակչության, ներառյալ փոքրամասնությունների ու խոցելի խմբերի, բիզնես համայնքի և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ և ներգրավմամբ: Խմբերը ստեղծվել են՝ հիմնվելով տարածքային ներառական զարգացման սկզբունքի և տեղական հանրային ու մասնավոր հատվածի, քաղհասարակության ներկայացուցիչների գործընկերության վրա։ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից,  ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գործընկերությամբ ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։ Ծրագիրն աշխատում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ։

ՏԱԽ-երի կողմից հայտարարված դրամաշնորհները համայնքի բնակիչներին թույլ են տալիս նաև զարգացնել սեփական բիզնեսը։ Արուս Ղազարյանն իր փորձառության մասին պատմեց․ «Մենք ձեռք կբերենք սարքավորում, որի միջոցով ի զորու կլինենք մրգերի կորիզներից ստանալ եթերայուղեր․ դա կլինի նորարարական մոտեցում։ Այդպիսով կգրավենք նաև զբոսաշրջիկներին․ նրանք հնարավորություն կունենան գալ ու համտեսել, մանավանդ գյուղում մենք չունենք պատմամշակութային հուշարձաններ։ Եթերայուղերի ստացումից առաջացած մնացորդները կօգտագործենք կերարտադրության մեջ։ Այսինքն՝ դա կլինի խելացի մոտեցում և մրգի ամբողջական մշակում»։ Նա նշեց, որ ՏԱԽ-ի ֆինանսավորումից բացի կլինի նաև իրենց ներդրումը, որը շատ կարևոր է համայնքի զարգացման համար․ «ՏԱԽ-ի գաղափարներից ելնելով՝ ես համագործակցելու եմ Լոռու և Տավուշի օղի թորողների հետ․ նրանցից գնելու եմ կորիզները, որպեսզի պահպանենք թե՛ բնության մաքրությունը, թե՛ ունենանք նոր մոտեցում․ Երկրորդական հումքից ստանանք բարձրարժեք եթերայուղեր։ Որպես երիտասարդ բնակիչ՝ ցանկանում եմ իմ գյուղում մի լավ բան անել։ Հուսամ՝ կդառնամ օրինակ, և երիտասարդ կանայք ինձ նայելով միգուցե իրենք էլ որոշեն սկսել իրեն գործունեությունն իրենց համայնքում»։

ArmBee Honey Farm ընկերության հիմնադիր, Ալավերդի խոշորացված համայնքի Ծաղկաշատ բնակավայրից Վիգեն Մնացականյանը «ԳանՁոր» ՏԱԽ-ի հիմնադիր անդամներից է։ Նա փաստեց՝ արդեն երկար տարիներ ՀՀ-ից դուրս տեղական ակտիվ խմբերի ձևաչափը մեծ տարածում ունի։ Նպատակն էր այն կիրառել նաև ՀՀ համայնքներում։ Դրա համար բազմաթիվ փոխանակման այցեր են ունեցել եվրոպական երկրներ՝ հասկանալու՝ ինչ խնդիրների են բախվել, ինչպե՞ս լուծել դրանք և այլն։ Իր՝ ՏԱԽ-ի շրջանակում գործունեության մասին Վիգեն Մնացականյանը պատմեց․ «Ներկայացրել եմ ծրագիր մեղվապահության մոբիլ ծառայությունների ստեղծման վերաբերյալ, որը կմոտենա բոլոր մեղվապահներին, կլուծի իրենց խնդիրները, կսովորեցնի՝ ինչպես պայքարել մեղուների հիվանդությունների դեմ և  ծառայություններ կմատուցի մեղրաքամի  կատարման համար։ Օրական բազմաթիվ զանգեր եմ ստանում, որ մեղաբույծներն ունեն խնդիրներ, խնդրում են այցելել, օգնել։ Սա կլինի համալիր ծառայություն, որը սկզբնական շրջանում ցանկանում ենք միջմարզային ՏԱԽ-ի շրջանակում  կատարել՝ Լոռիում և Տավուշում՝ հետագայում ավելի մեծացնելով մեր ծառայությունների թիվը և ծավալվելով ամբողջ ՀՀ-ում»։

«ԳանՁոր» ՏԱԽ-ի մենեջեր, համայնքային քոուչ Մերի Թուխիկյանն էլ նախ խոսեց ՏԱԽ-ի անվանման մասին․ «ԳանՁոր, որովհետև բառը, երբ ստուգաբանորեն վերլուծում ենք, երկու իմաստ ունի՝ այսինքն՝ Գանձերի ձոր և Գանձ օր։ Օր և ձոր իմաստով։ «ԳանՁոր» տեղական ակտիվ խումբը ներառում է երկու մարզեր՝ Լոռին և Տավուշը՝ 27 բնակավայրեր։ Ի սկզբանե, երբ մենք արդեն համայնքներում այցելում էինք և պիտի ունենայինք ռազմավարական աշխատանքային խումբ, որը ներառում է երեք սեկտորներ՝ բիզնես,  հանրային և քաղհասարակություն, երբ որպես համայնքային քոուչ բնակավայրերում հարցումներ էի կատարում, նկատվում էր, որ հիմնականում կին ձեռներեցներն ակտիվ ներառվեցին այս ծրագրի շրջանակում կատարվող բոլոր գործողություններին»։ Մեր դիտարկմանը՝ այս ձևաչափը Եվրոպայում մեծ տարածում և արդյունավետություն ունի և հարցին՝ արդյոք այն հաջող կգործի՞ նաև ՀՀ-ում՝ հաշվի առնելով նաև ազգային խառնվածքը, Մերի Թուխիկյանը պատասխանեց․ «LEADER (Հապավում է ֆրանսերեն Liaison Entre Actions de Développement de l’Économie Rurale արտահայտությունից, որը նշականում է Կապեր տեղական տնտեսության և զարգացման գործողությունների միջև) մեթոդաբանությամբ այս մոդելը, որը կիրառվում է նաև ՀՀ-ում՝ Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերում, ինչքան էլ նորամուծություն է մեր մարզերի համար, բայց հուսով եմ՝ արդյունքում կունենանք զարգացած համայնքներ, արդյունավետ և շարունակականություն ապահովող  ծրագրեր»։

Պտղավան համայնքի ներկայացուցիչ, «ԳանՁոր» ՏԱԽ-ի անդամ Ռաֆիկ Օհանյանը որոշել է՝ ծրագրի շրջանակներում իրենց համայնքում կզարգացնի ագրոտուրիզմը, որպեսզի զբոսաշրջիկները միայն Գառնի-Գեղարդ չգնան․ իրենց գյուղում էլ մնան։ Նա նշեց, որ այս ծրագրի առանձնահատկությունն է՝ ամեն ինչ սկսվում է ներքևից դեպի վերև․ ապակենտրոնացված է։ Ասաց, որ ծրագրի ընթացքում խորը ուսումնասիրություն է կատարվել՝ ըստ բնակավայրերի բնակիչներին հուզող խնդիրների մասին, որպեսզի բնակավայրերի զարգացմանը նպաստող քայլեր ձեռնարկվեն։ Նա կատակով նշեց՝ Լոռի-Տավուշ բնակավայրերի բնակիչները «դժվար կառավարելի են», բայց ծրագրի լավ կազմակերպվածության շնորհիվ՝ իրենց «յոլա են տանում»․ «Մեր ՏԱԽ-ի վարչական սահմանը Դեբետի ավազանն է, որտեղ մարդիկ իրար հետ ունեն շատ մեծ ընդհանրություններ, և մարդկանց բնավորության գծերն ընդհանուր են, ինչի համար մեծ ջանք թափել պետք չէ, որ արագ իրար հասկանանք»։ Մեր հարցին՝ իսկ որքանո՞վ են բնակիչները պատրաստ ինքնակառավարման, քանի որ երբեմն մարդիկ սիրում են միայն դժգոհել, բայց ինքնուրույն շատ բան չեն ուզում անել, Ռաֆիկ Օհանյանը պատասխանեց․ «Բնակչության շրջանում կա այդ ցանկությունը, որ իրենք իրենց կառավարեն։ Եթե մեկ գյուղի մասշտաբով ունենանք տասը ֆերմեր, գործարար, որոնք կարողանան իրար հասկանալ ու կառավարել, կվարակվեն բոլորը։ Սկսելն էր պետք, իսկ սկիզբը դրված է։ Դեղձավանի տեղն այսօր շատերը կարող են չիմանալ, բայց այսօր՝ ԵՄ ծրագրով մենք մեր հիմնախնդիրներն ենք որոշում, ծրագրեր իրականացնում․ այդ ամենը կազմակերպչական հարց է։ Այս ծրագրում ընդգրկված մարդիկ գործում են ի նպաստ հող ու ջրի, հայրենիքի հզորացման»։

Ռաֆիկ Օհանյանը ճանաչողական այցով եղել է Հունգարիայում։ Նա անկեղծորեն նշեց, թե սկզբում իրենց համար խորթ է թվացել, որ ամեն ինչ իրենք իրենց պետք է վստահեն, իրենց ունեցածը նպատակային բաժանեն և դարձնեն եկամտաբեր, բայց ծրագրերի գնահատման խումբն առաջին փուլում օբյեկտիվ է գնահատել, քանի որ մեծ տեղ են տվել այն ծրագրերին, որոնք մեկ մարդու չեն ծառայում, այլ շաղկապում են շատ ծրագրեր։

«Լոռվա Ձոր» ՏԱԽ-ի անդամ, Դեբետ համայնքի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը ծրագրում հատկապես  կարևորեց այն, որ խնդիրները ներքևից վերև են բարձրանում, այսինքն՝ բնակիչների կողմից բարձրաձայնված խնդրի շուրջ սկսում է համայնքային իշխանությունը մտածել, այլ ոչ թե մի կառույց որոշում է ուղղակի խնդիր լուծել։ Նրա ձևակերպմամբ՝ ՏԱԽ հասկացողությունը կազմված է այն սեկտորներից, որից համայնքն է կազմված։ Ամեն սեկտոր օգնում է մյուսին իր խնդրի լուծման համար։

Անուշ Սարգսյանի կարծիքով՝ ծրագիրը հնարավորություն է տալիս համայնքի բնակիչներին հասկանալ, որ դրամաշնորհային հնարավորությունները նույնիսկ սովորական ֆերմերի համար են։ Հարցին՝ որքանո՞վ է այս ձևաչափն օգնում, որպեսզի համայնքի բնակիչները մասնակցեն որոշումների կայացման գործում, Դեբետ համայնքի վարչական ղեկավարն այսպես պատասխանեց․ «Կա կարծրատիպ, թե ո՞ւմ է հետաքրքիր համայնքի բնակչի կարծիքը։ Այս խնդիրն էլ է ՏԱԽ-ը լուծում։ Այստեղ մենք մի հարթակի վրա ենք, որտեղ հավասար ենք բոլորս․ մեր ձայնի իրավունքը նույնն է։ Կարևոր է նաև փորձի փոխանակումը, ոչ միայն եվրոպական երկրներում, այլև տեղի բնակիչների միջև։ Օրինակ՝ երբ ֆերմերը հանդիպում է գործարարին, դա հնարավորություն է իրացման համար միջոց գտնելու առումով։ ՏԱԽ-ի անդամ բնակիչները երբեմն այնպիսի խնդիրներ են բարձրացնում, որ որպես ՏԻՄ ներկայացուցիչ երբևէ չես էլ նկատել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031