Գյումրին 4 օր է՝ ջազի հնչյունների ներքո է․ ինչպես գյումրեցիներն, այնպես էլ այս քաղաք այցելած մեծ թվով զբոսաշրջիկներն են այս օրերին ջազ երաժշտություն ունկնդրում։ Թանգարանների բակերում անվճար համերգներով հանդես են գալիս հայ եւ համաշխարհային ճանաչում ունեցող ջազմենները։ Մուտքն ազատ է․ թանգարանների բակերը՝ լեփ-լեցուն։
Արդեն 5-րդ անգամն է՝ ինչ Գյումրիում անցկացվում է «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում…» ենթախորագրով փառատոնի ջազային համերգները։ Այս անգամ փառատոնը ֆինանսավորել էր ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Քիչ առաջ Գյումրու սրտում՝ Ասլամազյան քույրերի պատկերասրահի բակում Վահագն Հայրապետյանի ու Արտյոմ Մանուկյանի ելույթներով ավարտվեց HAY-AT JAZ ջազային փառատոնը, սակայն գյումրեցիները 4 օրվա ընթացքում հասցրեցին վայելել իրենց սիրած ջազմենների կատարումները։
Կարդացեք նաև
Փառատոնը մեկնարկել էր մայիսի 4-ին՝ Ջիթողցյանների թանգարանի բակում «Մալխաս ջազ բենդի» համերգային ծրագրով։ Լևոն Մալխասյանն, Արամոն տներից հանել էին ջազասեր Գյումրիի բնակիչների մեծ մասին։
Մայիսի 5-ին Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանի բակում հնչեց ջազը՝ THE USUAL SUSPECTS-ի մատուցմամբ, մայիսի 6-ին՝ Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի բակում էլ նվագեց KAREN MAMIKONYAN NEW TRIO-ն:
Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը․ «Նախորդ տարիների համեմատ՝ եւ հայտնի ջազմենների մասնակցության իմաստով, եւ՛ հանդիսականի քանակի առումով փառատոնը քայլ առաջ է գրանցել։
Ինչպես տեսաք՝համերգներն անցան լեցուն բակերում, Գյումրիում նվագեցին հայկական ջազն աշխարհին ներկայացրած ու միջազգային բեմերում նվագած երաժիշտներ»:
Ըստ նրա, բակերը՝ որպես համերգավայր, ևս պատահական ընտրված չէին, բակը, հայաթը մեծ խորհրդանիշ ունի գյումրեցիների կենցաղում։
«Բակը (բարբ.՝ հայաթ) գյումրեցիների համար անփոխարինելի հավաքատեղի է, հանդիպման ու քննարկումների վայր, սովորութամշակութային կենցաղի անբաժան մասնիկ: Գյումրիական «հայաթներում» կազմակերպված ցանկացած հավաք ավանդաբար մտերմության, հարազատության ու ջերմության խորհուրդ ունի իր մեջ»,- ասաց մեր զրուցակիցը:
Նշենք, որ նախագծի հեղինակը «Մանուկյան ընկերության» նախագահ Մկրտիչ Մանուկյանն է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ