Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ատոմակայանը կարող է 80 տարով երաշխավորել մաքուր, կանաչ էլեկտրաէներգիայի արտադրությունը և երկրի էներգետիկ անվտանգությունը․ Նիկոլայ Սպասսկի

Մայիս 07,2023 18:39

Նիկոլայ Սպասսկին հանդիսանում է ատոմային էներգետիկայի արտադրության ոլորտում ռուսական խոշորագույն պետական ընկերության՝ «Ռոսատոմ»-ի փոխտնօրենը։

-Պարոն Սպասսկի, շնորհակալություն հարցազրույցին համաձայնելու համար։ Օրերս կայացավ ՀՀ վարչապետ Ն Փաշինյանի և «Ռոսատոմ» ընկերության տնօրեն Ա Լիխաչևի հերթական հանդիպումը։ Ինչո՞վ էր պայմանավորված այդ հանդիպման անհրաժեշտությունը և ինչպիսի՞ հարցերի շրջանակ քննարկվեց։

-Հայաստանը ռուսական ատոմային ոլորտի համար հանդիսանում է վաղուցվա և շատ մոտ ռազմավարական գործընկեր։ Դեռ 1970 թվականին, երբ գործում էր Սովետական Միության ատոմային էներգոարտադրության միասնական համակարգը, Մեծամոր քաղաքում գործարկվեց Հայկական ատոմակայանը։ Այդ պահից սկսած՝ ատոմային ոլորտի ռուս մասնագետները իրենց հայ գործընկերների հետ միասին, ներգրավված են Հայկական ատոմակայանի գործարկման մեջ։ Մեր ընկերությունները վառելիք են մատակարարում Հայկական ատոմակայանին։ Բացի այդ, մշակման փուլում են գտնվում մի շարք հեռանկարային նախագծեր՝ խաղաղ ատոմի և հարակից բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Մեր համագործակցության ծավալային լինելը՝ արդարացնում է գոյություն ունեցող այն պրակտիկան, որի արդյունքում ռուսաստանյան ատոմային արտադրության ոլորտի ղեկավարը, ամենամյա զեկույց է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարին։ Այո, այս տարվա մայիսի 2-ին կայացավ հերթական նմանօրինակ երկխոսությունը, որի ժամանակ քննարկվեց մեր ընթացիկ և հեռանկարային համագործակցության ամբողջ օրակարգը։ Մենք ստացանք հստակ ուղենիշներ՝ հետագա աշխատանքի համար։ Մեզ համար դա շատ կարևոր է։

-Հայկական գործող ատոմակայանի արդիականացման աշխատանքները հասցվեցին ավարտին: Արդյունքում շահագործումը երկարաձգվեց մինչև 2026  թվական։ Կարելի՞ է արդյոք վստահաբար հայտարարել, որ նորացված էներգաբլոկը ունի անվտանգության բարձր մակարդակ՝ ամենից առաջ սեյսմակայունության տեսանկյունից և համապատասխանո՞ւմ է արդյոք այն ժամանակակից տեխնոլոգիական ստանդարտներին։

-Շնորհակալություն հարցի համար։ Այն, իրավմամբ կարևոր նշանակություն ունի և ես կտամ երկու պատասխան։ Կարճ պատասխանն է՝ այո, իհարկե համապատասխանում է բացարձակորեն, իսկ ավելի հանգամանալից, պետք է նշել, որ Հայաստանը ատոմային էներգետիկայի ոլորտում աշխատում է   70-ական թվականներից սկսած, իսկ դա 50 տարուց ավելի է։ Դուք ունեք շատ մեծ փորձ, հրաշալի իրավասություններ, բարձրակարգ մասնագետներ՝ գիտնականներ, տեխնիկներ, էներգետիկներ։ Այն, ինչ արեցին ձեր ատոմային ոլորտի մասնագետները՝ վերագործակցեցելով էներգաբլոկը վեց ու կես տարի սառեցումից հետո, անկեղծ ասած, չունի նախատիպեր։ Դա խոսում է այն մասին, որ աշխատանքը, որը մենք իրականացրել ենք մեր հայ գործընկերների հետ, եղել է ճիշտ ու ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխանող։

Ի՞նչ է ներկայացնում իրենից Հայկական ատոմակայանը։ Դա ВВЭР-440, այսպես կոչված՝ նախագիծ 270-ն է։ Այդ էներգաբլոկը յուրահատուկ է։ Եթե հետ նայենք սովետական ժամանակահատված, և ոչ միայն Սովետական Միության մասշտաբներով, առանց չափազանցության կարող ենք ասել, որ այն աշխարհի ամենահաջողված ատոմակայաններից է։ Ինժեներական տեխնիկան արվեստ է։ Գոյություն ունի որոշակի չափանիշ, որը պետք է անպատճառ հաշվարկել, այլապես բլոկը չի կարող հանձնվել շահագործման։ Սակայն, լինում է նաև այնպես, որ ատոմակայանի նախագիծը, բացի այդ չափանիշներին համապատասխան լինելուց, նաև հաջողվում է բոլոր տեսանկյուններից։ Հայկական ատոմակայանը հենց այդպիսի հաջողվածներից է։ Այն հաշվարկված է դիմանալու 9,5 մագնիտուդով երկրաշարժի ուժգնությանը։ Ահա թե ինչու Սպիտակի սարսափելի երկրաշարժը, որը 7 բալանոց էր ու այդքան մոտ ատոմակայանին, ոչ մի կերպ չազդեց նրա վրա։

Հայաստանի կառավարությունը 2014 թվականին մեզ դիմեց այդ էներգաբլոկը արդիականացնելու և շահագործման ժամկետը երկարաձգելու հարցով։ Մենք արդիականացման աշխատանքներին ձեռնամուխ եղանք անմիջապես և 2022-ին ավարտին հասցրեցինք դրանք։ Կարևոր է նշել, որ մենք աշխատանքները իրականցրել ենք առանց կանգնեցնելու ատոմակայանի գործարկումը։ Այդ ընթացքում մենք՝ ռուսաստանյան պրոֆիլային ընկերությունների և ինստիտուտների ներգրավմամբ, կատարել ենք մանրակրկիտ հաշվարկներ։ Արդյունքում՝ կայարանում հսկայական քանակությամբ սարքավորումներ են փոխարինվել, թարմացվել։ Կարող եք գնալ կայարան և նկատել, որ նույնիսկ ինժեներական արվեստի տեսանկյունից այն գեղեցիկ է, մաքուր, ամեն ինչ փայլում է: Ես վերջին անգամ կայարան եմ այցելել անցյալ տարվա դեկտեմբերին, և այն ինձ վրա մեծ տպավորություն թողեց։

Արդիականացվել են բլոկի հովացման վթարային համակարգը, մեքենայաշինական սրահը, տուրբինները, կառավարման ավտոմատացված համակարգերը։ Կատարվել է ռեակտորի կորպուսի ջերմամշակում ՝ վերականգնողական թրծում, կատարվել են մեծ ծավալի ընդհանուր վերանորոգողական աշխատանքներ: Բարձրացվել է էներգաբլոկի հզորությունը։ Մինչ այդ այն աշխատել է 380-390 ՄՎտ հզորությամբ, այժմ՝ արդիականացման արդյունքում արտադրում է 440 Մվտ հզորություն ։ Ստացվում է, որ մենք ավելացրել ենք կայանի ընդհանուր հզորությունը ավելի քան 10% – ով ՝ 50 ՄՎտ։ Սա լուրջ թիվ է։

Կարևոր է ընդգծել, որ այս ամենը մենք արել ենք հայ գործընկերների հետ միասին ՝  Հայաստանի Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի խստագույն վերահսկողության ներքո, որն էլ ի վերջո ընդունել է մեր կատարված աշխատանքը։

-Ենթադրվում է, որ գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը կրկին կերկարաձգվի ևս 13 տարով՝ մինչև 2036 թվականը ։ Հետագա նախատեսվող մշակումները վերաբերում են անվտանգությա՞ն համակարգի կատարելագործմանը, թե՞ ներդրվելու են այլ տեխնոլոգիական և հայեցակարգային լուծումներ:

-Ամբողջ աշխարհում նման կայանները ունեն 60 տարվա ծառայության ժամկետ: Ռուսաստանում կա նման նախատիպ՝ Կոլայի ԱԷԿ-ն (Եվրոպայում ամենահյուսիսային ԱԷԿ-ը, որը կառուցվել է Արկտիկայի ծանր կլիմայական պայմաններում, Մուրմանսկում։ Առաջին բլոկի թողարկումը տեղի է ունեցել 1973 թվականի): Այնտեղ գործում է 4 բլոկ և դրանցից երկուսում (առաջին և երկրորդ) արդեն իրականացվել է շահագործման ժամկետը մինչև 60 տարի երկարաձգելու ծրագիրը։ Դա համարվում է բազային երկարացում։ Քանի որ ատոմային էներգետիկայի ոլորտում ընդունված են խիստ պահանջներ, որպես կանոն, «Ռոսատոմը» իրականացնում է երկփուլ երկարաձգում։ Երկրորդ փուլը կարող եք համարել  լրացուցիչ ստուգում։

Երկրորդ փուլում Հայկական ԱԷԿ-ում նախատեսվող աշխատանքների ծավալը զգալիորեն ավելի քիչ կլինի։ Մենք ևս մեկ անգամ կկատարենք հաշվարկներ, մասամբ կփոխարինենք որոշակի բաղադրիչներ: Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են ։ Անցյալ տարի Հայկական ատոմակայանը, մեր մասնակցությամբ, մշակեց թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման հայեցակարգը, այդ փաստաթուղթը համաձայնեցրեց երկրի ատոմային վերահսկողության Կոմիտեի հետ և ներկայացրեց ՀՀ կառավարություն: Շաբաթներ առաջ Հայաստանի կառավարությունը հրապարակեց որոշում ՝ պաշտոնապես մեկնարկ տալով վերերկարացման գործընթացին։ Ըստ այդ որոշման՝ մենք հայ գործընկերների հետ միասին պատրաստում ենք նախատեսվող աշխատանքների ծրագիր։ Հայեցակարգը ընդհանուր փաստաթուղթ է, ծրագիրը ՝ կոնկրետ միջոցառումներ։ Ակնկալում ենք, այս ծրագրի շրջանակներում կնքել պայմանագիր, որպեսզի մինչև տարեվերջ սկսենք աշխատանքները։

-Ինչքա՞ն ժամանակ կպահանջվի երկարաձգման կրկնակի փուլը ավարտին հասցնելու համար և որքա՞ն կարժենա այն ֆինանսական առումով:

-Ժամանակի առումով, միանշանակ է՝ աշխատանքները կավարտվեն մինչև 2026 թվականը։ Ինչ վերաբերում է կրկնակի երկարաձգման գնին, այստեղ գաղտնիքներ չկան։ Այն փոքր է, զգալիորեն պակաս է, քան գինը առաջին փուլում։ Բայց կա երկաթե կանոն, որին մենք հավատարիմ ենք՝ նման նախագծերի արժեքը կարող է հրապարակել միայն պատվիրատուն։ Իսկ ինչ վերաբերում է նոր նախատեսվող էներգաբլոկներին, վստահ եմ, որ դրա ֆինանսական կողմին վերաբերող հարցը ևս կհնչի մեր հարցազրույցի շրջանակներում, նախապես ասեմ, որ դա կոնֆիդենցիալ տեղեկատվություն է: Կրկնում եմ ՝ գաղտնիքներ չկան, սակայն, եթե ես այդ տեղեկությունը բարձրաձայնեմ, այն պաշտոնական կարգավիճակ կստանա, իսկ դա սխալ մոտեցում է։

-Հայաստանի կառավարությունը նոր ատոմակայան կառուցելու որոշում է ընդունել ։ Նախագիծը լայնածավալ է ։ Ինչպիսի՞ն է «Ռոսատոմի» ներգրավվածությունն այս նախագծում:

*Դատելով պաշտոնական հայտարարություններից ՝ Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկ կամ էներգաբլոկներ կառուցելու վերաբերյալ սկզբունքային քաղաքական որոշումը կայացվել է։ Այժմ, համաձայն ՀՀ կառավարության ընթացակարգերի, այդ որոշումը պետք է պաշտոնականացվի։ «Ռոսատոմը», իհարկե, ներգրավված է այդ գործընթացում։ Բայց քանի դեռ այն ֆորմալացված չէ, մենք հայ գործընկերների՝ առաջին հերթին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ միասին, նախապատրաստական աշխատանքներ ենք տանում։ Որպես բարեկամ, մենք աջակցում ենք ձեր երկրում նոր ատոմակայան կառուցելու որոշմանը, մենք դրական ենք գնահատում այն։

-Իսկ ի՞նչ է սպասվում հին ԱԷԿ-ին՝ նոր էներգաբլոկի կառուցվելուց հետո։

*Հենց 2036 թվականին կառուցվի նոր կայանը, մենք կմշակենք գործող էներգաբլոկը շահագործումից հանելու միջոցառումները։ Արդյունքում, այն վայրում, որտեղ այժմ կանգնած են Հայկական ԱԷԿ-ի մասնաշենքերը կանաչ խոտածածկ կլինի ։

Ինչ վերաբերում է նոր նախագծին, պետք է նշեմ, որ մենք մեզ մոտ նման էներգաբլոկներ կառուցել ենք և նախատեսում ենք շարունակել կառուցումը։ Այժմ ատոմային էներգիայի արտադրության մասնաբաժինը Ռուսաստանի Դաշնության էներգետիկ հաշվեկշռում կազմում է 20%: Ռուսաստանի Դաշնության նախագահ  Վ. Պուտինի որոշման համաձայն, մինչև 2040 թվականը այն կլինի 25%: Մենք համոզված ենք, որ առանց ատոմային էներգիայի «կանաչ օրակարգն» անիրականանալի է, որովհետև միայն քամու ու արևի հաշվին դա իրատեսական չէ ։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ «Ռոսատոմը» լրջորեն զբաղվում է քամու էներգիայի արտադրությամբ։ Մենք Ռուսաստանում քամու կայանների ամենամեծ օպերատորն ենք հանդիսանում:

-Այսինքն, ապագան ատոմային էներգետիկան է։

-Ես ֆուտուրոլոգիան չեմ սիրում, բայց կարող եմ նշել, որ 21-րդ դարի հորիզոնում լուրջ մասնագետների մեծ մասը չի տեսնում կայուն զարգացման նպատակների իրագործումը՝ առանց ատոմային էներգիայի արտադրության: Դա կարելի է անել մեկ առանձին, շատ հարուստ երկրում։ Բայց և դա էլ քիչ հավանական է։ Մենք այժմ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Գերմանիայում՝ ամբողջ էներգետիկ տնտեսության փլուզում, ածխային կայանների վերագործարկումը․.. Նույնիսկ, այդպիսի հզոր երկիրը չի կարող դիմակայել նման փորձարկմանը:

Նոր, ժամանակակից ատոմային էներգաբլոկները, որոնք մենք առաջարկում ենք մեր հայ գործընկերներին, պատկանում են այսպես կոչված 3+ սերնդին՝ հետֆուկուսիմական անվտանգության բոլոր համակարգերով։ Դրանք ունեն 60 տարվա պլանային շահագործման ժամկետ ՝ ևս 20 տարով երկարաձգելու հնարավորությամբ: Այսինքն՝ 80 տարով երաշխավորվում է մաքուր, կանաչ, անվտանգ էլեկտրոէներգիայի արտադրությունը և երկրի էներգետիկ անվտանգությունը։

Աշխատանքային կարգով հայ գործընկերներին ենք փոխանցել՝ հայկական նոր ԱԷԿ-ի կառուցման նախագծի նախնական տեխնիկա-տնտեսական հիմնավորումը։ Նկատի ունեցեք, որ սա ոչ թե ինչ-որ թղթի կտոր է, այլ լուրջ փաստաթուղթ ՝ ավելի քան 1000 էջ, որը պարունակում է ամբողջ հիմնավոր տեղեկատվությունը: Հուսով ենք, որ այս փաստաթուղթն ուսումնասիրելուց հետո, Հայաստանի կառավարության համար ավելի հեշտ կլինի կայացնել մի քանի որոշումներ։

Նախ՝ թվով քանի էներգաբլոկ է անհրաժեշտ կառուցել՝ մեկ, թե երկու։ Արդեն կա ըմբռնում, որ նոր ատոմակայանը լինելու է ներկայիս Մեծամորի կայանի հարթակում։ Տարածքը թույլ է տալիս՝ հողերը հրաշալի որակի են, ամուր, կայուն։ Մեկ կամ երկու բլոկի պահը առանցքային խնդիր է, քանի որ հնարավոր են տարբեր զարգացումներ։ Օրինակ ՝ էլեկտրոէներգիայի արտահանում: Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը շատ դինամիկ է զարգանում։ Այժմ, կարծես, երկու բլոկից ստացվող էլեկտրաէներգիայի պահանջարկ չկա, բայց 40-ականների սկզբին, հաշվի առնելով երկրի տնտեսական աճի ներկայիս միտումները, այդպիսի պահանջարկ կարող է ի հայտ գալ: Բայց դա Հայաստանի կառավարության որոշելիքն է։

Հաջորդը՝ ինչպիսի հզորություն պետք է ունենա նոր ատոմակայանը։ Մենք առաջարկում ենք ամենաժամանակակից բլոկները, որոնք կառուցում ենք մեզ մոտ և ամբողջ աշխարհում ՝ 1 000 կամ 1 200 ՄՎտ ։ Երրորդ՝ կարևոր է որոշել ֆինանսատնտեսական մոդելը։ Այն կարող է տարատեսակ լինել։ Դա և օբյեկտի հանձնումն է “под ключ”, և ներդրումային համագործակցությունը, և համատեղ ձեռնարկությունը…

Նշեմ ևս մեկ կետ։ Մենք կենտրոնանում ենք շատ լուրջ լոկալիզացիայի վրա ։ Դա ոչ միայն շինմոնտաժային աշխատանքներ են, այլև նաև սարքավորումների արտադրությունը։ Հայաստանում կան լավ ձեռնարկություններ, կան լուրջ կոմպետենտություններ, տեղում սարքավորումներ արտադրելն ավելի էժան է, ավելի հարմար, ավելի հեշտ ։ Մեր համատեղ աշխատանքի հաջորդ փուլում մենք հայ գործընկերների հետ կիրականացնենք Հայաստանի մեքենաշինական ձեռնարկությունների տեխնիկական աուդիտ՝ հասկանալու համար, թե ինչ կարելի է արտադրել հենց Հայաստանում։

-Հայաստանի հարևան երկրները պարբերաբար բարձրացնում են Հայկական ԱԷԿ-ի փակման հարցը՝ վկայակոչելով ռադիոակտիվ թափոնների վնասակարությունը։ Հասկանալի է, որ ոմանք ավելի շատ քաղաքական, քան բնապահպանական մտահոգությամբ են մոտիվացված։ Ասացեք խնդրեմ, որքանո՞վ են իսկապես վտանգավոր այդ թափոնները շրջակա միջավայրի համար, և ինչպե՞ս է այսօր իրականացվում այդ թափոնների ոչնչացումը Հայկական ԱԷԿ-ի տարածքում:

-Ցավոք, կա նման բան, ինչպիսին է չմոտիվացված քննադատությունը: Եթե, ըստ էության, ապա իրավիճակը հետևյալն է։ Առաջին հերթին դրանք ոչ թե ռադիոակտիվ թափոններ են, այլ՝ օգտագործված միջուկային վառելիք։ Գոյություն ունի ընդհանուր կանոն ՝ օգտագործված միջուկային վառելիքը պահեստավորել կիցկայարանային հրապարակներում։ Ի՞նչ է ներկայացնում իրենից օգտագործված միջուկային վառելիքը: Դրանք ջերմամեկուսիչ կուտակումներ են, ունեն բարդ, բարձր տեխնոլոգիական, մետաղական կառուցվածք՝ ներսում  ճառագայթված ուրանով։ Այս կուտակումները պահվում են հատուկ փաթեթավորմամբ։ Նման բեռնարկղերը սերտիֆիկացվում են միջազգային խիստ ստանդարտներով՝ նախագծային շահագործման ընթացքում մեխանիկական, քիմիական, ջերմաստիճանի և այլ ազդեցությունների դեպքում անվտանգությունն ապահովելու ունակությունը հաստատելու համար: Դա համաշխարհային պրակտիկա է։

Բացի այդ, խոսքը շատ սահմանափակ քանակությունների մասին է ։ Եկեք բերեմ երկու թիվ, որոնք ցույց են տալիս հարցի լրջությունը: Ամբողջ աշխարհում տարեկան կուտակվում  է 7000 տոննա շահագործված միջուկային վառելիք։ Իսկ ածուխի մեկ մեծ ջերմաէլեկտրակայանը տարեկան արտադրում է 100 հազար տոննա թափոն։ Ամբողջ աշխարհը ՝ 7000 և մեկ մեծ ՋԷԿ ՝ 100 հազար:

Իհարկե, օգտագործված միջուկային վառելիքի պահպանումը Հայկական ԱԷԿ-ի պատասխանատվության ներքո է։ Բայց քանի որ մենք աշխատում ենք միասին, ապա մենք տեսնում ենք, որ հայ մասնագետներն այդ աշխատանքը կատարում են միջազգային բոլոր պահանջների, ՄԱԳԱՏԷ-ի ստանդարտների խստագույն պահպանմամբ, մշտապես զբաղվելով պահպանման համակարգի կատարելագործմամբ։

-Անցյալ տարի ստորագրվեց մի փաստաթուղթ, որի համաձայն ստեղծվեց ռուս-հայկական աշխատանքային խումբ, որը պետք է մշակի և իրականացնի ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության նախագիծը: Ինչպիսի՞ օրակարգ է նախատեսել այդ աշխատանքային խումբը։ 

*2022 թվականին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլայ Փաշինյանի պաշտոնական այցը Մոսկվա և այդ այցի շրջանակներում ստորագրվեց՝ էներգետիկ և ոչ էներգետիկ նախագծերի ոլորտում ռուս-հայկական համագործակցության Համալիր ծրագիր։ Այս Համալիր ծրագրի համաձայն՝ ձևավորվեց ռազմավարական գործընկերության զարգացման ռուս-հայկական աշխատանքային խումբ, որը ռուսական կողմից ղեկավարում եմ ես, իսկ հայկական կողմից ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Այս խումբը ինտեգրում է մեր համագործակցության բոլոր հիմնական ուղղությունները ՝ գործող ԱԷԿ-ի կրկնակի երկարացում, նոր էներգաբլոկի կամ Էներգաբլոկների կառուցման պլանի պատրաստում, օգտագործված միջուկային վառելիքի հետ կապված աշխատանքների իրականացում։ Մեր աշխատանքի ընթացքում ի հայտ եկավ ևս մեկ մեծ նախագիծ ՝ «Նաիրիտ» գործարանի արդյունաբերական հարթակում կուտակված թափոնների լիկվիդացումը ։ Կարծում ենք, որ փոխգործակցության շատ ճիշտ մեխանիզմ է ընտրվել ՝ մենք կատարում ենք տնային աշխատանքները, այնուհետ պարբերաբար հանդիպում և ստուգում այն։ Հանձնարարությունները պատասխանատու են, ժամկետները ՝ սահմանափակ և դեռևս այդ աշխատելաոճը արդարացնում է նպատակը։

-Դուք նշեցիք, որ այդ աշխատանքային խմբի ծրագրերում կա «Նաիրիտ» արդյունաբերական հարթակում կուտակված արտադրական թափոնները լիկվիդացնելու նախագիծ։ Ասացեք խնդրեմ, ի՞նչ նորամուծություններ կարող է առաջարկել «Ռոսատոմը» այդ ուղղությամբ:

-Եթե խոսում ենք «Նաիրիտի» մասին, ապա կցանկանայի նշել, որ այդ ձեռնարկությունը Խորհրդային Միության տարիներին մեր ընդհանուր հպարտությունն էր ՝ ԽՍՀՄ-ում կաուչուկի արտադրության գերժամանակակից, խոշորագույն կոմբինատ, որտեղ լավագույն տարիներին աշխատում էր 14 000 մարդ ։ Մենք բոլորս հիշում ենք ծանր 90-ականները, երբ այս գործարանի աշխատանքը դադարեցվեց։ Բայց այսօր դա մեր խոսակցության թեման չէ, որպեսզի որևէ գնահատական տանք։ Տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:

Վերջերս մի խումբ մասնագետների հետ եղել եմ ձեռնարկության հարթակում, ամեն ինչ տեսել եմ իմ աչքերով և պետք է ասեմ, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հայաստանյան գործընկերներն այնտեղ պատշաճ  կարգուկանոն են պահպանում։ «Նաիրիտն» անմիջական վտանգ չի ներկայացնում շրջակա թաղամասերի համար։ Այնուամենայնիվ, դա հատուկ արտադրություն էր, իհարկե, այնտեղ թափոններ են մնացել, և այսօր դրանք վերացնելու միջոցառումներ են պահանջվում։ Մենք այդ ոլորտում ունենք մասնագիտացված կազմակերպություն՝  Դաշնային բնապահպանական օպերատոր (ФЭО):

Ռուսաստանում Իրկուտսկի մարզում, Ուսոլիե-Սիբիրսկ քաղաքում գործում է «Ուսոլեքիմպրոմ» ձեռնարկությունը, որն իր պրոֆիլով շատ մոտ է «Նաիրիտին»։ ФЭО -ը մշակել և հաջողությամբ իրականացնում է կուտակված բնապահպանական վնասակար թափոնները վերացնելու համալիր նախագիծ՝ ռուսական օբյեկտի համար: Ի դեպ, ԽՍՀՄ տարիներին այս երկու ձեռնարկություններն էլ կազմում էին նույն գլխավոր վարչության՝ Քիմիական արդյունաբերության նախարարության մաս։ Մենք այժմ հավաքում ենք ելակետային տվյալներ, կողմնորոշվում ենք, թե ինչ աշխատանքներ պետք է իրականացվեն «Նաիրիտ» – ի տարածքում, և նախատեսում ենք մինչև տարեվերջ կոնկրետ միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ ձևակերպել։

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031