Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարսանգի ջրամբարի վիճակը ծանր է, բայց լուծումեր կան․ դրանց վրա աշխատում ենք»․ Ռուբեն Վարդանյան

Մայիս 07,2023 13:55

«Արցախ 2035․ ազատ, ապահով, երջանիկ»,- «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսպես է վերնագրել իր ելույթը, որը ներկայացրեց «Արցախի հիմնախնդիրը 10 մլն հայության խնդիրն է» խորագրով առցանց հանդիպման ժամանակ՝ միանալով Արցախից՝ Արցախի ամենատարեց ծառի՝ Տնջրիի ֆոնին։

Նա նաև տեղեկացրեց, որ հայտարարություն է տեղադրված, որի համաձայն «պահանջում ենք դադարեցնել Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը», և այն բաց է ստորագրման։

Ռուբեն Վարդանյանն իր ելույթում փաստեց՝ մեզ համար կարևոր է պաշտպանել ոչ միայն հայրենիքը, այլև ինքներս մեզ, որ կարողանանք ապրել ու ստեղծագործել հայրենի հողի վրա։ Ըստ նրա՝ մեր՝ մարտահրավերներին դիմակայելու տարբերակը բարձր տեխնոլոգիապես զարգացած երկիր դառնալն է։

Նա հայտնեց, որ տարաբնույթ քննարկումներ են ունենում, որոնց ընթացքում վեր են հանվում մեր թույլ կետերը, կարմիր գծերը, որոնք չպետք է անցնել․ «Մեր խնդիրներից մեկն այն է, որ շարժումը սկսվեց որպես միացում, որից հետո անկախ պետականության տարր միացվեց։ Անորոշությունը հանգեցրեց երկփեղկվածության՝ այդ թվում պետական կառավարման տեսանկյունից։ Հաղթանակից հետո կամազրկություն տեղի ունեցավ։ Մենք չվերլուծեցինք անցյալը։ Առաջացան առասպելներ, որ պատերազմ չի լինի, Մինսկի խումբը և այլ երկրները թույլ չեն տան, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն որոշումներ ընդունեցին, բայց դա առասպել էր։ Երկրորդ առասպելն այն էր, թե Ադրբեջանը պատերազմել չգիտի։ Հիմա ուրիշ առասպել է, որ Ադրբեջանը շատ ուժեղ է, իրենք շատ են։ Մի խնդիր էլ հեղինակությունն է այն մարդկանց, որոնք հարգանք են վայելում։ Մենք պետք է շնորհակալ լինենք Ադրբեջանին, որը մեր ուշադրությունը սևեռեց հիմնարար բաների վրա։ Այս ճգնաժամը ոչ միայն սպառնալիք է, այլև հնարավորություն»։

Ռուբեն Վարդանյանի կարծիքով՝ կարևոր է նաև դերերի բաշխում, թե ինչ պետք է անի Արցախի կառավարությունը, ինչ պետք է անի ՀՀ կառավարությունը։ Նա վստահեցրեց․ «Միայն միասին գիտակցելով, որ Արցախի խնդիրը ամբողջ հայության խնդիրն է, մենք կհասնենք արդյունքի։ Չնայած բոլոր մարտահրավերների և պարտությունների՝ ունենք կամքի ուժ, արցախցիների համառությունն ու տաղանդը»։

Ռուբեն Վարդանյանը պատասխանեց նաև առցանց տիրույթում ստացված հարցերին։ Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք Սարսանգի ջրամբարի վիճակը, նա պատասխանեց․ «Վիճակը ծանր է, բայց լուծումեր կան․ դրանց վրա աշխատում ենք»։

Խոսելով մայիսի 9-ին կայանալիք հանրահավաքի մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշեց, որ դա կարևոր է, որով ցույց կտանք ժողովրդի որոշումը, այնուհետև շարունակեց․ «Մեր երկրորդ պահանջն է ավելի ուժեղ ու իրավական կերպով մեր հարցերը բարձրացնել։ Երրորդ պահանջն է ռուս խաղաղապահներից, որ ճնշում գործադրեն։ Մենք պետք է խաղաղ ցույցեր անենք ճանապարհի բացման համար։ Մեր ապագան մեր ձեռքում է»։

Հարցին՝ էսկալացիայի վտանգ կա՞, նա պատասխանեց․ «Էսկալացիայի վտանգ միշտ էլ կա։ Բոլորս պետք է պատրաստ լինենք մեր հայրենիքը պաշտպանել։ Ամեն տուն, ամեն փողոց պետք է դառնա պաշտպանության գիծ։ Այս իրավիճակում՝ շրջափակման մեջ միակ տարբերակն է, որ բոլորս համախմբվենք»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031