Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ գաղտնիք է բացահայտում Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը

Մայիս 07,2023 12:14

Վերջերս Գորիսում կայացած «Միասին Սյունիքի համար-գյուղատնտեսություն» աշխատաժողովում  Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը անդրադարձավ չոր մրգերի արտահանման խնդրին։

Հիշեցնենք, որ աշխատաժողովին մասնակցում էին նաեւ Սյունիքում  գործունեություն ծավալող  եւ գյուղատնտեսության ոլորտում ծրագրեր իրականացնող 23 միջազգային կազմակերպության պատասխանատուներ։ Աշխատաժողովի  նպատակն էր  բարձրացնելու տարածքային կառավարման մարմնի ու միջազգային դոնոր կազմակերպությունների համատեղ աշխատանքի արդյունավետությունը՝ մեկ հարթակում համատեղելով Սյունիքում գյուղատնտեսության ոլորտում ներդրում ունեցող, ծրագրեր իրականացնող ու աշխատանք տանող բոլոր կառույցներին։

Մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի պետ Էդիկ Բունիաթյանը մանրամասն ներկայացնելով  Սյունիքի գյուղատնտեսության ոլորտի ճյուղերը, զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները՝ նշեց, որ Մեղրիում  երկու  ընկերություն սերտիֆիկացված է չոր մրգերի արտահանման ոլորտում։

Բագրատ Զաքարյանի խոսքով, չնայած երկու հոգի ունեն սերտիֆիկացում,  բայց մեղրեցիների 50 տոկոսից ավելին զբաղվում է չոր մրգի արտադրությամբ։ «Բնակչության 50 տոկոսից ավելին առանց սերտիֆիկացման,, առանց փաստաթղթերի, առանց նման կոնֆերանսների ու դասընթացների՝ տիրապետում է մրգի չորացման մեթոդներին»,-նշեց համայնքի ղեկավարը՝ հայտարարելով, որ մի գաղտնիք կբացահայտի։

«Մեղրին թոնիրի է նման, Մեղրին լեռների մեջ է ու մրգերի հասունացման պրոցեսը 24 ժամ է։ Ցերեկը 40-45 աստիճան տաքություն, գիշերն էլ ժայռերի ջերմության պատճառով մրգերի հասունացման պրոցեսը հասնում է ամենաբարձր կետի»,-գաղտնիքը բացահայտեց Բագրատ Զաքարյանը։

Սակայն, մեղրեցիներն ունեն արտահանման խնդիր։ Զաքարյանը միջազգային կառույցներին առաջարկում է՝ օգնել արտահանմանը։ «Առաջարկում եմ Մեղրիում բացել չոր մրգերի լոգիստիկ պահեստ՝ ունենալ լաբորատոր պայմաններ, ստուգել չոր մրգերի վիճակն ու դրանք գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացնել աշխարհին»,-իր խոսքը եզրափակեց Մեղրի համայնքի ղեկավարը։

Այնուամենայնիվ Մեղրի համայնքում խնդիրների խնդիրը խմելու եւ ոռոգման ջուրն է, որի կարգավորման համար, Բագրատ Զաքարյանի հավաստմամբ՝ աշխատանքներ տարվում են։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031