Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրացել է պարենային ապրանքների միջազգային գների մակարդակը

Մայիս 06,2023 19:35

Ապրիլ ամսին տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացել է պարենային ապրանքների միջազգային գների հենանիշային ինդեքսը՝ շաքարի, մսի եւ բրնձի համաշխարհային գնանշումների վերելքին զուգընթաց, հաղորդել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)։

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որով գնահատվում է ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների միջազգային գների ամենամսյա փոփոխությունները, 2023 թվականի ապրիլին միջինում 127,2 միավոր էր, որը 0,6 տոկոսով բարձր է մարտի ցուցանիշից։

Ընդ որում, ինդեքսը 19,7 տոկոսով ցածր է 2022 թվականի, բայց միաժամանակ 5,2 տոկոսով բարձր 2021 թվականի ապրիլի ցուցանիշներից։

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը մարտ ամսից 17,6 տոկոս վերելք է գրանցել՝ հասնելով 2011 թվականի հոկտեմբերից ի վեր արձանագրված ամենաբարձր մակարդակին, որը բացատրվում է Հնդկաստանում, Չինաստանում, Թայլանդում եւ Եվրոպական միությունում չորային եղանակներով պայմանավորված՝ արտադրությունից ակնկալիքների եւ արդյունքների նվազեցմամբ, ինչպես նաեւ Բրազիլիայում շաքարեղեգի բերքահավաքի դանդաղ մեկնարկով  եւ ուղեկցվելով անմշակ նավթի բարձր միջազգային գներով, որը կարող է մեծացնել շաքարեղեգի հիմքով էթանոլի պահանջարկը։

Ամսվա ընթացքում ՊԳԿ մսամթերքի գնային ինդեքսն աճել է 1,3 տոկոսով, որի գլխավոր պատճառը խոզի մսի բարձր գնանշումներն էին, ինչին հետեւել են թռչնամսի գները` կապված կենդանիների առողջական խնդիրների պատճառով Ասիայից ներմուծումների պահանջարկի եւ արտադրության լճացմամբ։ Տավարի մսի միջազգային գներն աճել են սպանդանոցային մորթի համար խոշոր եղջերավոր կենդանիների մատակարարման նվազման հետեւանքով, որը գրանցվել է հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Միեւնույն ժամանակ, այլ պարենային ապրանքների գնային ինդեքսները, բացառությամբ բրնձի, շարունակում են նվազման միտում ցույց տալ։

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը մարտ ամսվա համեմատությամբ 1,7 տոկոսով նվազել է եւ միջինում 19,8 տոկոսով ցածր է 2022 թվականի ապրիլի արժեքից։ Հացահատիկի միջազգային գները 2,3 տոկոս անկում են գրանցել, որը մեծ առումով կապված է Ավստրալիայից եւ Ռուսաստանի Դաշնությունից արտահանումների մեծ հնարավորությունների հետ։ Արձանագրվել է նաեւ եգիպտացորենի համաշխարհային գների 3,2 տոկոս անկում, ինչը Հարավային Ամերիկայում ընթացիկ բերքահավաքների արդյունքում սեզոնային մատակարարումների աճով է բացատրվում։ Մյուս կողմից, գյուղատնտեսական ներդրանքի մեծ ծախսերի եւ անբարենպաստ եղանակների պայմաններում՝ հատկապես Ասիայից սահմաններից դուրս, ասիացի գնորդների համար աճել են բրնձի միջազգային գները:

«Շատ կարեւոր է շարունակել ուշի-ուշով հետեւել գների զարգացմանը եւ գնաբարձրացման պատճառներին։ Զգալի դանդաղումներից հետո տնտեսության վերականգնմանը զուգահեռ կմեծանա նաեւ պահանջարկը՝ վեր մղելով պարենային ապրանքների գները», – ասել է ՊԳԿ գլխավոր տնտեսագետ Մասիմո Տորերոն։ «Միեւնույն ժամանակ, խիստ մտահոգիչ է բրնձի գների աճը, եւ, այս առումով, Սեւծովյան նախաձեռնության վերականգնումն անչափ կարեւոր է՝ ցորենի եւ եգիպտացորենի գների վերելքից խուսափելու համար», – հավելել է նա։

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսն ամսվա ընթացքում 1,3 տոկոսով իջել է՝ արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ հետընթաց գրանցելով։ Արմավենու յուղի համաշխարհային գները մնացել են կայուն, իսկ սոյայի, կանոլայի եւ արեւածաղկի յուղերի գնանշումները նվազել են սեզոնային բերքի ազդեցությամբ, որը պայմանավորված է Բրազիլիայում սոյայի ակնկալվող ռեկորդային բերքով։

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսի 1,7 տոկոս նվազում է արձանագրվել, որի պատճառը կաթի փոշու ներկրման համաշխարհային պահանջարկի շարունակական նվազումը եւ Արեւմտյան Եվրոպայում պանրի արտահանման ավելի մեծ հնարավորություններն են։

Առավել մանրամասն կարող են կարդալ հետեւյալ հղումով:

Արտադրության եւ առեւտրի թարմացված կանխատեսում

Հացահատիկային մշակաբույսերի առաջարկի եւ պահանջարկի այսօր թողարկված նոր ամփոփագրում ՊԳԿ-ն ճշգրտել է ցորենի արտադրության 2023 թվականի իր կանխատեսումները։ Արտադրության համաշխարհային ելքը ներկայում կայունացել է 785 միլիոն տոննայի մակարդակում, որը երկրորդ ամենամեծ արդյունքն է, սակայն նախորդ սեզոնի համեմատ նվազել է՝ հիմնականում Ավստրալիայի եւ Ռուսաստանի Դաշնության 2022 թվականի ռեկորդային արտադրանքի ծավալի անկման հետեւանքով:

Բրազիլիայում ակնկալվում է եգիպտացորենի ռեկորդային քանակի արտադրանք, մինչդեռ Արգենտինայի նույն ցուցանիշի կանխատեսումներով միջինից ցածր մակարդակ է սպասվում՝ երկարատեւ չորային եղանակների եւ ջերմային ալիքների պատճառով: Եղանակային բարենպաստ պայմանները զգալիորեն խթանել են Հարավային Աֆրիկայում բերքատվության սպասումները, ըստ որի՝ բերքի երկրորդ ամենամեծ քանակն է ակնկալվում։

Միեւնույն ժամանակ, բրնձի արտադրության 2023-24թթ. հեռանկարները հասարակածի երկայնքով եւ հարավում մեծապես կախված են տարածաշրջանում «Էլ Նինյո» բնական երեւույթի տարբեր ազդեցություններից։ Հետագայում անհրաժեշտ է հյուսիսային կիսագնդի ամռանը Էլ Նինյո բնական երեւույթի հնարավոր առաջացմանն ուշադիր հետեւել։

ՊԳԿ-ն 2022-23 թվականներին հացահատիկային բույսերի համաշխարհային առեւտրի իր ավելի վաղ կատարած կանխատեսումները  բարձրացրել է մինչեւ 472 միլիոն տոննա, որը 2,2 տոկոսով ցածր է նախորդ սեզոնի ռեկորդային մակարդակից: Ցորենի համաշխարհային առեւտուրն, ըստ կանխատեսումների, կբարձրանա 2,3, իսկ անմշակ հացահատիկեղենը՝ շուրջ 5,5 տոկոսով։  2023 թվականին բրնձի միջազգային առեւտրի կանխատեսումներով տարեցտարի 4,4 տոկոս նվազում է սպասվում։

Հացահատիկային մշակաբույսերի 2022-23թթ. համաշխարհային օգտագործումը կանխատեսվել է 2 780 միլիոն տոննա, իսկ վերջինիս համաշխարհային պաշարները՝ մինչեւ սեզոնների ավարտը կհաստատվեն 855 միլիոն տոննայի մակարդակի վրա։ Այս վերջին կանխատեսումներից ելնելով՝ 2022-23թթ. հացահատիկային մշակաբույսերի օգտագործման համար պատրաստ համաշխարհային պաշարների մակարդակը կմնա 29,8 տոկոս, որը թեեւ փոքր-ինչ ցածր է նախորդ 12 ամիսների 30,8 տոկոսից, սակայն գլոբալ մատակարարումների համեմատաբար լավ մակարդակ է, նշել է ՊԳԿ-ն։

Առավել մանրամասն կարող են կարդալ հետեւյալ հղումով:

Լուսանկարը՝ ©ՊԳԿ/Ջուզեպպե Բիզարի

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031