Ուզբեկստանի մայրաքաղաքում շարունակվող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունում երկրորդ հաղթանակը տարավ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար, 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։
Մրցումային վեցերորդ օրը գյումրեցի բռնցքամարտիկը հանդիպեց թուրք Կագան Կանլիին։ Հենց առաջին վայրկյանից մրցակիցները գործողությունների անցան առանց հետախուզության՝ փոխադարձ ուժգին հարվածներ հասցնելով։ Սակայն թուրք բռնցքամարտիկի հարվածները առաջին եւ երկրորդ ռաունդներին մեծամասամբ դիպչում էին Հովհաննեսի ձեռնոցներին։ Ու պատահական չէր, որ բոլոր կողային մրցավարները առավելությունը տվեցին հայ բռնցքամարտիկին։ Միայն երրորդ ռաունդում Հովհաննեսը մի փոքր կորցրեց զգոնությունը, անգամ ռեֆերին նրան նոկդաուն գրանցեց, սակայն վերջին րոպեին նա վերստին տիրեց նախաձեռնությանը ու նաեւ ի հաշին առաջին երկու ռաունդներում վաստակած միավորների պաշարի, վերջնական հաղթանակ տարավ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ