Aravot.am-ը մուլտիպլիկատոր, ռեժիսոր, «Կիլլ Դիմ» անիմացիոն սերիալի հեղինակ Դավիթ Սահակյանից մեկնաբանություն խնդրեց Նիկոլ Փաշինյանի այն դիտարկման վերաբերյալ, որ նա արել էր Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Փաշինյանը մասնավորապես ասել էր. «Մեր քարոզչությունն ինչի՞ մասին է եղել։ Մեր քարոզչությունը՝ «Կիլլ Դիմ»-ն էր։ Շատ լավ քարոզչություն էր, համակարգված, որը կտրտում էր ադրբեջանական քարոզչությունը։ Հավանաբար միլիոններ ենք ծախսել ոչխարների մասնակցությամբ այդ մուլտիկները նկարելու համար, եւ ի՞նչ է դա տվել»։
Ի պատասխան Դավիթ Սահակյանցն ասաց. «Նախ տեքստի վերջը հակասում է սկզբին, դրա համար մեկնաբանելու ոչինչ չկա ընդհանրապես, իսկ ֆինանսավորելու վերաբերյալ արդեն հոգնել եմ խոսելուց: «Կիլլ Դիմը» գոյություն ունի երեւի 2010-ից սկսած, եթե չեմ սխալվում…Պարբերաբար, ամեն անգամ պաշտոնապես հայտարարել եմ, որ ոչ մի գումար չի տրվել, այս նախագիծը երբեւէ չի ֆինանսավորվել եւ դա եղել է ուղղակի մեր պատասխանը այն վակուումին, որը ձեւավորվել էր: Մի քիչ այլ ֆորմատով՝ իրոնիայի, սարկազմի, գրոտեսկի եւ անիմացիայի միջոցով պատասխանել ենք այն քարոզչություններին, որը անում է Ադրբեջանը: Դա բացառապես մեր նախաձեռնությամբ է եղել: Եվ երբ ամեն անգամ մատնանշվում է, որ իբր գումարներ են ծախսվել, ըստ երևույթին դա ինչ-ինչ նպատակներ է հետապնդում»:
Մուլտիպլիկատորը հիշեցրեց. «Ի դեպ, իրենց իշխանության գալուց կես տարի հետո «Կիլլ Դիմի» կայքը եւ յութուբյան ալիքը փակվեցին, ըստ երեւույթին կոնկրետ նպատակ կար ամեն ինչ անել., որ ադրբեջանական հակաքարոզչությանը պատասխան եւ հակահարված չտրվի»:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ «Նեմեսիսի» հուշարձանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արտահայտություններին, որ այն տեղադրելը սխալ որոշում էր, եւ որ դա տեղի է ունեցել զգացմունքային ֆոնի վրա, երբ Հայաստանում շատերը շատերին դավաճան էին համարում եւ սպառնում դավաճանության համար գնդակահարել պատերի տակ:
Կարդացեք նաև
«Դա խայտառակություն է, որովհետեւ թուրքական քարոզչական մեքենան է աշխատում, իսկ ինքն էլ քարոզչության խոսափողներից մեկն է դարձել, ուրիշ բան չկա ավելացնելու: Դա զառանցանք կարող է լինել կամ նպատակաուղղված աշխատանք, որը Նիկոլը եւ իր թիմը իրականացնում են 2018-ից: Ցավոք սրտի, նրանք այսօր դեռ հաջողում են, իսկ դա վտանգավոր է, պետականություն կորցնելու հարց է»,-ասաց Դավիթ Սահակյանցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ