Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ վարդապետ Պարսամյանը՝ ԱՄՆ Արևելյան թեմի թեմական համաժողովի, Արցախի շրջափակման և հուսառատ իրատես լինելու մասին

Մայիս 06,2023 11:53

Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևելյան հայոց թեմի առաջնորդ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը պատասխանում է Aravot.am-ի հարցերին:

1 տարի առաջ ավտովթարի էիք ենթարկվել: Ձեր ուղերձներից մեկում նշել եք, որ ապաքինման երկարատև գործընթաց եք անցել, ստիպված եք եղել նորից քայլել սովորել: Ինչպե՞ս եք Ձեզ զգում հիմա:

– Փառք Աստծու, մեր ժողովրդի աղոթքներով և Աստծու օրհնությամբ, հիմա շատ լավ եմ և կարողանում եմ ճամփորդել, կարողացել եմ գալ Դալլաս թեմական պատգամավորական ժողովին և հոգևորական այս համագումարին: Ես իրատես էի, որովհետև զգում էի կոտրվածքների ցավը, բայց նաև այդ հույսի առատությունն ունեի: Այսինքն՝ գիտեի, որ Աստված ինձ մենակ չի թողնելու: Աստված ինձ հետ է, մեզ հետ է: Նա այն սիրող հայրն է, որ միշտ խնամում է մեզ և հոգ է տանում մեր մասին:
Կխնդրեի ներկայացնել թեմական պատգամավորական ժողովի և հոգևորական համագումարի օրակարգն ու քննարկվելիք թեմաները:

— Մենք մեր թեմի մեջ ունենք շուրջ 50 եկեղեցիներ, ծուխեր: Այդ ծուխերն ընտրում են պատգամավորներ, ովքեր տարին մեկ անգամ համախմբվում են մեր եկեղեցիներից, ծուխերից մեկում: Տեղի է ունենում նախ հոգևորականների համագումարը և հետո թեմական պատգամավորական ժողովը: Այս օրերին այստեղ է շուրջ 150 պատգամավոր: Նախ` հաշվետվություններ պետք է տանք անցնող տարվա հետ կապված: Այնուհետև քննարկելու ենք ապագայի ծրագրերը մեր թեմը և ծուխերը հզորացնելու համար: Որպես թեմի առաջնորդ՝ սա իմ առաջին պատգամավորական համաժողովն է: Ես ծրագիր եմ ներկայացրել, որը կոչվում է «Միասին աճենք հավատքի մեջ»: Այստեղ կա 3 կարևոր բառ: Հավատքը իմաստ է տալիս մեր գոյությանը, պետք է աճենք և ուժեղանանք, իսկ այս ամենը մենք պետք է անենք միասին: Միասին պետք է հզորանանք և շարունակենք մեր առաքելությունը:

Գրեթե 5 ամիս է Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախը: Արցախի մեր հայրենակիցների ամենօրյա տանջանքներն ակնհայտ են: Հայաստանում և սփյուռքում կարծես մոռացության է մատնվել այս հիմնախնդիրը: Միգուցե պատճառը անօգնականության զգացո՞ւմն է: Ի՞նչ ուղերձ կհղեք հայ ժողովրդին Արցախի վերաբերյալ:

– Մեր թեմում Արցախը մոռացության մատնված չէ: Այս համաժողովի ընթացքում մենք ստացանք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի ուղերձը: Վեհափառ Հայրապետը հստակ անդրադառնում է Արցախի մեր քույրերի և եղբայրների կացության վիճակին: Ուշադրությամբ հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում Արցախում: Մեր թեմը միշտ բարձրացնում է Արցախի հարցը: Վերջերս դրամահավաք էինք կազմակերպել՝ փորձելով օգնել Արցախի ժողովրդին: Մի քանի բեռնարկղ ուղարկեցինք Արցախ: Իսկ քաղաքական գործիչերի և ամերիկյան իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ միշտ խոսում ենք Արցախի մասին՝ ընդգծելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Մենք անում ենք ամեն ինչ աջակցելու մայր հայրենիքին և մեր շատ սիրելի Արցախի հայրենակիցներին:

Նախկինում ասել եք, որ դուք «հուսառատ իրատես եք»: Ի՞նչ է սա նշանակում:

– Հուսառատ իրատես նշանակում է, որ ես հաշվի եմ առնում իրականությունը, բայց իմ սրտում պահում եմ նաև Աստծու օրհնության և Աստծու հույսի առատությունը: Թեև իրականությունը կարող է ոմանց մռայլ և դժվարին թվալ, Աստված մեզ ուժ է տալիս, որպեսզի շարունակենք ապրել: Ես սա զգացի հատկապես հիվանդանոցում անցկացրած օրերին: 6 ամիս շարունակ ես հիվանդանոցներում և վերականգնողական կենտրոններում էի: Ոտքերս կոտրվել էին: Ես իրատես էի, որովհետև զգում էի կոտրվածքների ցավը, բայց նաև այդ հույսի առատությունն ունեի: Այսինքն՝ գիտեի, որ Աստված ինձ մենակ չի թողնելու: Աստված ինձ հետ է, մեզ հետ է: Նա այն սիրող հայրն է, որ միշտ խնամում է մեզ և հոգ է տանում մեր մասին: Իսկ այդ հույսի և օրհնության արդյունքում, ես այսօր այստեղ եմ և Ձեզ այս հարցազրույցն եմ տալիս:

Մի քանի հարյուրամյակ հայոց պետականությունը, ցավոք, դադարել էր գոյություն ունենալ: Այդ ժամանակահատվածում Եկեղեցին հատկանշական դեր խաղաց, որպեսզի հայերը մնան հայ, զարգանա մեր մշակույթն ու հոգևոր կյանքը: Այսօր հայ ժողովրդի մի մեծ մասն ապրում է Հայաստանից դուրս: Ի՞նչ եք կարծում, սփյուռքի հայկական եկեղեցիները պատասխանատվություն կրում են հայապահպանության գործում:

– Անշուշտ: Սա դարերով ապացուցված, փորձված և վկայված իրականություն է: Հատկապես սփյուռքում, հայկական ինքնությունը պահպանվել է Եկեղեցու ջանքերի շնորհիվ: Պարզ մի օրինակ է այն, որ աշխարհի ցանկացած վայրում Հայ Առաքելական եկեղեցի մտնելիս հնչում է հայերենը, հնչում է գրաբարը, որը մեր հայրերի՝ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարգևի, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, խոսակցական լեզուն էր: Այսօր էլ մենք այդ ամբողջ ավանդությունը, այդ հոգևոր ժառանգությունը, մշակույթն ու հավատքը միասնաբար փոխանցում ենք ներկա, ինչպես նաև ապագա սերնդին: Հայ Եկեղեցու դերը հայերի ինքնության և մշակույթի պահպանման գործում բացառիկ է, որովհետև եկեղեցին այն վայրն է, որտեղ ձևավորվել է մեր ինքնությունը: Եթե ինքնությունը ձևավորվել է եկեղեցում, ապա ամենալավ վայրն այդ ինքնությունը պահպանելու հենց եկեղեցու մեջ է: «Եկեղեցու մեջ» ասելով նկատի չունեմ ֆիզիկապես եկեղեցու ներսում: Նկատի ունեմ՝ մեր ազգային և հոգևոր արժեքների տիրույթի մեջ:

Զրուցեց Արսեն ԱՅՎԱԶՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031