Հայաստանի հարցում Թուրքիայի մոտեցումները հստակ են եւ անմիջականորեն առնչվում են «մեծ թուրան» նախագծին։ Այդ երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նախօրեին «TRT World»-ում հրապարակված հոդվածում անդրադարձել էր տարածաշրջանային զարգացումներին՝ Հայաստանի մասով մոտեցումները փաթեթավորելով «հարաբերությունների լիարժեք կարգավորում» տրամաբանության մեջ։ Հատկանշական է, որ հարաբերությունները դիտարկվում են եռանկյան ձեւաչափով, այսինքն՝ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, ինչը հերթական անգամ արձանագրում է, որ Հայաստանի վերաբերյալ բոլոր գործողությունները փոխկապակցված են Ադրբեջանի հետ եւ արտահայտում են այդ երկու հանցագործ պետությունների եւ նրանց ղեկավարների օրակարգը։
Հոդվածում երկու առանցքային հարց է քննարկվում, որոնցից մեկը տարիներ շարունակ Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացված նախապայման է եղել։ Խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցը այսպես ասած «պատմաբանների» հայեցողությանը թողնելուն, պատմական անցյալ, որի արյունոտ հետքը հանգիստ չի տալիս ցեղասպան թուրքի այսօրվա հետնորդներին։
Ցեղասպանությունը մեկանգամյա գործողություն չէր, այն շարունակական գործընթաց է, որը անպատժելիության պատճառով չի կանխվում առայսօր: Նկատենք, որ խնդիրը միայն Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումն ու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցը չէ։ Անպատժելիությունն ու ժխտողականությունը նպաստել են, որպեսզի առաջադեմ համարվող 20-21-րդ դարերում տեղի ունենան այլ ժողովուրդների ցեղասպանություններ եւս։
Ինչ վերաբերում է Թուրքիայի պաշտպանության նախարարի հոդվածում Հայաստանին առնչվող մյուս առանցքային խնդրին, ապա կրկին բարձրաձայնվում է «թուրանական միջանցք» կամ «մեծ թուրան» ստեղծելու էրդողանյան երազանքի հարցը։ Այսպիսով Հայոց ցեղասպանության ժխտումը հեռանկարային կտրվածքում, իսկ «թուրանական միջանցքի» ստեղծումն արդեն անմիջական սպառնալիք է՝ ուղղված հայոց պետականությանը։
Կարդացեք նաև
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: