Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ են իրական խրամատները

Մայիս 06,2023 10:00

Անցած դարի կեսերին ամերիկացի փիլիսոփա Էրիկ Հոֆֆները գրում էր. «Զանգվածային շարժումները կարող են առաջանալ եւ տարածվել առանց հավատի առ Աստված, երբեք ոչ՝ առանց սատանայի գոյությանը հավատալու: Զանգվածային շարժման հիմքում «սատանայի» դեմ պայքարն է, եւ որպես այդպիսին կարող է հանդես գալ իմպերիալիստը, կոմունիստը, «կուլակը», հրեան, դեմոկրատը, հողատերը»:

Եվ իրոք՝ ոչ միայն քաղաքական գործիչները, այլեւ բոլոր այն մարդիկ, որոնք ցանկանում են շահել զանգվածի համակրանքը կամ միաձուլվել այդ զանգվածի հետ, իրենց գործունեությունը ներկայացնում են որպես «պայքար»: Անկախ նրանից, թե այդ պայքարն ինչով է ավարտվում կամ ինչ հետեւանքներ է ունենում, նման հավակնություններով մարդիկ ամբողջապես բավարարված են զգում ու ժամանակ առ ժամանակ հիշեցնում են իրենց «պայքարի ընկերներին»՝ «հիշո՞ւմ ես այն ժամանակները, երբ մենք բարիկադների վրա էինք»: Հեղափոխական այդ «ռոմանտիկայի» հետեւանք է յուրահատուկ ինքնագոհ կեցվածքը, փառասիրական ձգտումների բավարարումը, իսկ այդ ամենն ի վերջո գալիս է հոգու անփորձությունից, ինքնահաստատվելու ավելի բարդ, ավելի խորը մեթոդներին չտիրապետելուց:

Մեկ այլ ամերիկացի՝ կաթոլիկ քարոզիչ Ռիչարդ Ռորը, պատմում էր իր՝ բանտում քահանա աշխատելու բազմամյա փորձի մասին. «Ինձ՝ որպես քահանայի, կարծես թե, պետք է ուրախացներ, երբ դատապարտյալները հայտարարում էին, որ դարձի են եկել, նվիրվել են Աստծուն: Բայց դա ինձ չէր ուրախացնում, որովհետեւ այդ մարդկանց՝ նոր ձեռք բերած հավատը միակողմանի էր, սահմանափակ, դոգմատիկ: Նրանց նախորդ փորձը թույլ չէր տալիս հասկանալու կյանքի ողջ բարդությունը»:

Մեր՝ ծայրահեղ պառակտված հասարակությունում մարդիկ չափից դուրս կառչած են այն «բարիկադներից», որոնք ժամանակին կառուցել էին: Այդ «բարիկադները», բնականաբար, ոչ միայն ֆիզիկական են, այլեւ վիրտուալ, կարելի է ասել՝ սոցցանցային:

Մինչդեռ միակ խրամատը, որում մենք պետք լինենք, թշնամու դեմ իրական պատերազմի խրամատն է: Պատերազմ, որը չի ավարտվել: Հակառակը՝ վաղ թե ուշ բռնկվելու է նոր ուժով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Վերջին տարիներին լրիւ փաստացի դարձաւ այն իրողութիւնը, որ «ներքին թշնամի» արտայայտութիւնը՝ փոխաբերական իմաստով չէ. լեզուական պատկերաւոր դարձուածք մը չէ. ըսելու-ձեւ չէ:

    Անդրկովկասում, կան հայեր, որոնք՝ տառացի՛օրէն, բառին ուղղակի, թեքնիքըլ իմաստով, թուրքերը նուազ իրենց թշնամին կը համարեն, քան թէ՝ ուրիշ հայեր:

    Ասիկա անշուշտ նորութիւն չէ, հին եւ արդի Հայոց Պատմութեան մէջ, եւ ուրեմն ոչ միայն թուրք թշնամիի պարագային:

    Սակայն ես իրապէս չէի մտածեր որ կարող եմ այս ամէնը տեսնել, ապրիլ, ներկայ ժամանակներուն, իմ կեանքի տեւողութեան: Հայաստանի պետական անկախացումէն եւ Արցախի ազատագրումէն ետք:

    Վերեւ պարզուած իրականութեան լոյսին տակ, այդ «բարիկադների» ոգեկոչումը, վերացական բան մը չէ, վիպապաշտութիւն չէ:

    Այդ անձերը յիշատակում են՝ իրենց յաղթանակը: Իսկական, բառացի, շօշափելի, անվիճելի՝ յաղթանակը: Որմէ շա՜տ նուազ կարեւոր է, իրենց համար, տեղի ունեցած ընդհանուր պարտութիւնը, եւ որեւէ ազգային կորուստ:

    Մ. Հայդուկ Շամլեան

  2. Ջորդանո Գալիլյան says:

    “…ամերիկացի փիլիսոփա Էրիկ Հոֆֆները գրում էր. «Զանգվածային շարժումները կարող են առաջանալ եւ տարածվել առանց հավատի առ Աստված, երբեք ոչ՝ առանց սատանայի գոյությանը հավատալու: Զանգվածային շարժման հիմքում «սատանայի» դեմ պայքարն է, եւ որպես այդպիսին կարող է հանդես գալ իմպերիալիստը, կոմունիստը, «կուլակը», հրեան, դեմոկրատը, հողատերը»:”

    Չլինելով ոչ փիլիսոփա, եւ ոչ էլ բեռնակիր՝ ես այնուամենայնիվ միանգամից նկատեցի, որ այս քաղվածքում ինչ-որ բան այն չէ: Նախ՝ դժվար թե «սատանան» նույն մարդու մոտ մեկ չակերտներով ելույթ ունենար, մեկ էլ՝ առանց չակերտների: Եւ հետո՝ կասկածելի թվաց նաեւ նրա դերում հանդես եկողների շարքը՝ իմպերիալիստից մինչեւ հողատեր, ընդ որում մեկը՝ նորից չակերտավորված: Ինչեւէ՝ Հոֆֆերի «The True Believer» գրքում կարելի է գտնել միայն այս քաղվածքի առաջին նախադասությունը (Mass movements can rise and spread without belief in a God, but never without belief in a devil), իսկ մնացածը պիտի որ մեկ ուրիշ մարդու շարադրանքը լինի: Չի բացառվում, որ ես սխալվում եմ, եւ այսպիսի քաղվածք առկա է Հոֆֆերի մեկ այլ ստեղծագործության մեջ: Այդ դեպքում ես ներողություն կխնդրեմ իմ չափազանց կասկածամտության եւ ավելորդ պերֆեկցիոնիզմի համար, իսկ հակառակ դեպքում կխնդրեմ ուղղել այդ մեջբերումը՝ ի հարգանս փիլիսոփայի եւ հանուն ճշգրտության…

  3. Ջորդանո Գալիլյան says:

    “Բայց դա ինձ չէր ուրախացնում, որովհետեւ այդ մարդկանց՝ նոր ձեռք բերած հավատը միակողմանի էր, սահմանափակ, դոգմատիկ:”

    Իսկ ինձ տխրեցնում է, որ կաթոլիկ քարոզիչ Ռիչարդ Ռորը առնվազն ազնիվ չէ դատապարտյալների նկատմամբ: Այլապես նա կխոստովաներ, որ բանտի պատերից դուրս գտնվողների հավատը նմանապես միակողմանի է, սահմանափակ եւ դոգմատիկ…

  4. Ջորդանո Գալիլյան says:

    “Մինչդեռ միակ խրամատը, որում մենք պետք լինենք, թշնամու դեմ իրական պատերազմի խրամատն է: Պատերազմ, որը չի ավարտվել:”

    Ուրախալի է, որ այս տարրական ճշմարտությունը վերջապես տեղ է հասել: 25 տարի էր պետք՝ հասկանալու, որ «Սերգո-ջանին լավ ապրեցնելու», «Մարտի մեկի», «Մոնումենտի դղյակների», «թալանչի նախկինների», «Սաշիկի 50-50» խրամատները ընդամենը թշնամու լարած թակարդներ էին: Մնաց միայն հասկանանք, թե ով է այդ թշնամին: Ըստ քայլարած թրքահպատակ հողատուի հայրենասիրության նոր մոդելի՝ թուրքը այսուհետ մեր բնականոն հարեւանն է, այլ ոչ թե թշնամին: Ինչպես կասեր դասականը՝ օրհնվի էն թավշյա սհաթը, որ ղզլբաշի օրհնած յաթաղանը մեր լիս աշխարհը բերեց ու ռսի անիծված, չար շունչը մեր վիլայեթիցը հալածեց…

  5. Լավատես says:

    Կարծում եմ, մենք հայտնի բուրգի ստորոտում գոյության խնդիր ենք լուծում եւ ապագային միտված որեւէ հայեցակարգ չունենք: Այդ սխալը պետք է ուղղել: Ա Խիստ հստակ սկզբունքային միեւնույն ներքին եւ արտաքին երկընտրանք’ գոյաբանական պատերազմ կամ գոյաբանական դաշինք, անկախ հարաբերվող պետությունների հզորությունից կամ բարեկամ եւ թշնամի կարգավիճակից, բոլորին առաջարկվում է նույն երկընտրանքը, իսկ խաղաղությունը’ դա ընդամենը մարտերի միջեւ ռելաքսի միջոց է հաջորդ մարտին վերականգնվելու համար, չափից ավելի երկար կամ կարճ ռելաքսը բերում է թուլացման: Պատերազմի համար պատերազմող բանակ եւ պատերազմող թիկունք է պետք, դաշինքի համար էլ դաշնակցող բանակ եւ դաշնակցող թիկունք է պետք: Եթե պետությունը հրաժարվում է դաշնակցել, այդ պետությանը պատերազմ է հայտարարվում, դաշնակցել’ նշանակում է դաշնակիցներով պատրաստվել պատերազմի եւ պատերազմել ոչ դաշնակից պետությունների հետ եւ նրանց ստիպել դառնալ դաշնակից: Բ Հզոր բանակը հզոր թիկունք պետք է ունենա, եթե բանակը ուժային բաղադրիչն է, ապա թիկունքը’ դա ֆինանսատնտեսական եւ հոգեւոր բաղադրիչներն են: Ստրուկներից ոչ լավ բանակ կստեղծես, ոչ էլ լավ գործարար ու բանաստեղծ, դրա համար պետք է արմատախիլ արվի ամեն ստրկականը’ մենաշնորհությունն ու վարձու աշխատանքը: Միայն կենտրոնացված համակարգն իրավունք ունի լինել մենաշնորհ, որը նշանակում է ծառայություն եւ ուսուցիչ եւ եթե մասնավորի շահութաբերությունը դուրս է գալիս որոշակի տոկոսից, մասնավորը դառնում է պետական ծառայող եւ ուսուցիչ, ով մյուս մասնավորներին սովորեցնում է բարձր շահութաբերության գործին: Գ Նույնն էլ վերաբերում է ֆինանսներին, մեր դաշնակցային կայսրությունում բոլոր ռազմավարական արժեքների, այդ թվում փողի էմիսիան’ լինի թվային թե կանխիկ, պետք է ղեկավարվի միմիայն դաշնային կայսրությամբ: Դ Այսօր աշխարհը գնում է ստրկացման եւ ինքնաոչնչացման ճանապարհով, մենաշնորհները ծառայող ուսուցիչներ չդարձան, այլ դարձան ստրկատերեր, դրա համար մեր դաշնային կայսրությունը պետք է կլանի եւ դրանով փրկի բոլոր ժողովուրդներին, հակառակ դեպքում ստրկատերերը նրանց կկլանեն եւ կոչնչացնեն: Ե Պատերազմ կամ դաշինք, սկզբից կառուցենք մեր դաշնային կայսրությունը ներսում, որ հետո փորձված եւ ուժեղացած ընդլայնենք մեր կայսրությունը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031