2017թ.-ից հետո, շատ է խոսվում կոռուպցիայի եւ թալանի մասին, որի մասին խոսվել է նաեւ նախորդ իշխանությունների ժամանակ, քանզի համարյա ողջ աշխարհում է ընդունված՝ դրանց իրական ընթացքը քողարկելու լավագույն ձեւը, որպես շատ կարեւոր հարցի, առաջին պլանի վրա բարձրաձայնելն ու դրա քողի տակ, իրական թալանն իրականացնելն է: Ես չեմ ուզում հատուկ առանձնացնել այս իշխանության ժամանակահատվածում իրականացվող թալանի եւ կոռուպցիայի մասին, ուղղակի կփորձեմ խոսել այդ արատավոր երեւույթի՝ հնարավորինս գաղտնի իրականացման հնարավորությունների եւ դրանց քողարկման մեթոդների մասին:
Նախ խոսենք դրա հետ կապված շատ կարեւոր մի իրողության մասին. արդյո՞ք եղել եւ կա թալան կոչվող երեւույթը՝ անաշխատ եկամտի իրողությունը, թե՞ այդ ամենն ընդամենը բլեֆ է՝ զուտ փուչ երեւակայության արդյունք ու անհրաժեշտության դեպքում, մարդկանց մամլիչի տակ պահելու միջոց, լրացուցիչ հնարավորություն մարդկանց անհրաժեշտ վերահսկողության տակ պահելու համար, որը նաեւ կարելի է օգտագործել աշխատանքային գործունեությունը որոշակիորեն «կարգավորելու» համար: Դա, մեծ հաշվով, նաեւ ղեկավարության ձեռքին լրացուցիչ գործիք է՝ աշխատակիցներին մշտապես վերահսկողության տակ պահելու համար, որպեսզի պետք եղած դեպքում, նրանք ձեռքից բաց չթողնեն իրավիճակի կառավարման հնարավորությունը, իսկ ներքեւինները չկարողանան ճնշումների միջոցով իրենց հարցերն առաջ քաշել ու փորձել լուծել դրանք: Դրա համար, միայն լուրջ վիճակագրության միջոցով պետք է փաստացի վեր հանել, դրանք կա՞ն, ի՞նչ տոկոս են կազմում, ի՞նչ ազդեցություն կարող են թողնել ընդհանուր իրավիճակի վրա:
Փորձենք տեսնել, թե ի՞նչ ցուցիչներ կան, որոնց վրա հենվելով, վստահաբար կարելի է ասել, որ սրանք հենց այն ցուցիչներն են, որոնք բացառություններ չեն եւ որոնց քանակական արտահայտությունը բացահայտորեն վկայում է, որ այդտեղ կոռուպցիա, ավելին՝ նաեւ թալան կա: Իհարկե, այդ ցուցիչները պետք է վեր հանեն իրավապահ մարմինները եւ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համապատասխան ստորաբաժանումները, որոնք իրենց գործառույթներով կոչված են հենց դրան, սակայն դա արվում է շատ փոքր ծավալներով եւ ուղղություններով, քանզի դրանց ղեկավարությունները, որոնց սուրբ գործը հենց դա է, շահագրգռված չեն դա անելու, մի պարզ պատճառով. անձամբ իրենց ձեռնտու չէ: Ավելին, ոչ միայն ձեռնտու չէ, այլեւ, որպեսզի որքան շատ լինի այդ թալանի չափը, նրանք ոչ միայն չեն պայքարում, այլ փորձում են կառուցել թալանի համակարգված իրականացումը, որպեսզի դրա քողարկումն ու ծավալների մեծությունն ավելի հեշտ լինի թաքցնել, քանզի կարծում եմ, որ եթե արդեն գնում են թալանի, ապա, բնականաբար, փորձում են նաեւ, որ այն հնարավորինս շատ լինի: Կրկնում եմ, եթե անում էլ են, ապա նմանատիպ գործընթացը զուտ ձեւական է արվում եւ մակերեսային ու դրա արդյունքները էապես տարբերվում են իրականում կատարվածից եւ չի արտահայտում թալանի իրական մակարդակը, հետեւաբար նաեւ այն հիմնականում քողարկված ու քիչ տեսանելի է դառնում հանրությանը, որի հետեւանքով էլ այն քիչ տեսանելի է մնում, որպեսզի հնարավոր լինի որոշել հանրության ունեցվածքի շերտավորման իրական վիճակը:
Այլ խոսքով, նման մոտեցման պարագայում վեր հանված ցուցիչները շատ են տարբերվում իրական ցուցիչներից, որով հնարավոր կլիներ խոսել երեւացող ցուցիչների մասին, որը բացահայտ տեսանելի կդառնար հանրության համար, որի մասին էլ բացահայտ կբարձրաձայնվեր, ավելին՝ բացահայտ կերեւար, ու անգամ դրա մասին հայտարարելու կարիք չէր լինի: Մնացել է բացահայտ երեւացող երկու բան. մեկը թալանչիների ունեցած անշարժ եւ շարժական գույքերն են, որոնց չգրանցված՝ դե ֆակտո ունեցածի ահռելի մասը գրանցված է ուրիշների անունով, սակայն այդքանով հանդերձ, դրանք բավականին շատ են ու տեսանելի եւ դրանց քանակը չափազանց ցցուն է: Նաեւ բացահայտ ցցուն երեւացող, թաքցնելու համար անհնարին է փոքր Երեւանի փողոցներում՝ տեղին-անտեղին վխտացող, համարյա չափահաս բնակչության թվին մոտավոր հավասար մարդատար ավտոմեքենաների գոյությունը, որոնց ճնշող մեծամասնությունը զուտ թալանի արգասիք է, որոնք ձեռք են բերվել թալանի ու անաշխատ եկամուտների հաշվին, որոնց մոտավոր քանակն՝ ըստ բնակչության թվի, համեմատած այլ երկրներում եղած մարդատար ավտոմեքենաների քանակի հետ, չափազանց մեծ թիվ է կազմում:
Կարդացեք նաև
Ահա, սա է նաեւ թալանի եւ կոռուպցիայի ռեալ ցուցանիշը մեր երկրում…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
05.05.2023