Լրահոս
Օրվա լրահոսը

«Երգելիս ասես ճախրում եմ»

Մայիս 06,2023 12:30

Էդգար Խաչատրյանը՝ երգչի իր կարիերայի եւ նշանակալի դրվագների մասին

Ապրիլի 30-ին ԱՄՆ-ում՝ Գլենդելում, լեփ-լեցուն դահլիճում կայացավ Սայաթ-Նովա երգչախմբի յուրահատուկ համերգը, որի ժամանակ գեղեցիկ կատարումներով հանդես եկավ սիրված երգիչ Էդգար Խաչատրյանը: Նրա հզոր ձայնը եւ կատարողական վարպետությունը բազմամարդ դահլիճներից մշտապես բուռն ծափահարություններ ու բրավոներ են կորզում: Այս համերգը եւս բացառություն չէր: Էդգարն այն արտիստներից է, որոնք կարող են լավագույնս դրսեւորվել բոլոր բնագավառներում: Ասվածի արտահայտությունն է՝ նրա անցած ճանապարհը եւ չնայած երիտասարդ տարիքին, հարուստ կենսագրությունը:
Էդգար Խաչատրյանը սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի ժող. երգ բաժնի նախապատրաստական կուրսում՝ Հովհաննես Բադալյանի դասարանում: Մեկ տարի սովորելուց հետո մեկնել Հայոց բանակ, այնուհետեւ ծառայությունն ավարտելուց հետո շարունակել է կրթությունը կոնսերվատորիայում՝ արդեն որպես օպերային երգիչ մասնագիտությամբ: Դեռեւս ուսանողական տարիներից նա համերգային շրջագայություններ է ունեցել տարբեր երկրներում:2002 թ. ընդունվել է Գուսանական երգի պետական անսամբլ՝ որպես մենակատար, իսկ 2005-ին՝ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ:

2011 թ. Էդգար Խաչատրյանն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի՝ հայ ազգային երգարվեստում նշանակալի ավանդի համար: 2012 թվականից մասնակցել է Հանրային հեռուստատեսության Երգ երգոց ծրագրին, որտեղ ձայնագրել է տարբեր կոմպոզիտորների ստեղծագործությունների՝ ավելի քան 130 կատարում։Էդգար Խաչատրյանը քանիցս եղել է երաժշտական միջազգային մրցույթների ժյուրիի անդամ: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայում եղել է ժյուրիի անդամ՝ թե քննական, թե վոկալ տարբեր մրցույթներում, իսկ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի ժյուրիի կազմում մասնակցել է արտիստների որակավորման եւ նոր արտիստների ընդունելության աշխատանքներին:

Հայ ժողովրդական եւ դասական երգերը ի թիվս այլ երկրների՝ նա երկայացրել է Հարավային Կորեայից մինչեւ Եգիպտոս, Սիրիա, Դուբայ, Թուրքիա, Ռուսաստան, Ուկրաինա, Բելգիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Իտալիա, Դանիա, ԱՄՆ:

Տարիների ընթացքում նա համագործակցել եւ աշխատել է տարբեր դիրիժորների հետ, նաեւ օպերայի նվագախմբի, Հայաստանի ազգային նվագարանների անսամբլի, սիմֆոնիկ նվագախմբի հետ։

«Առավոտի» հետ զրույցում երգիչն առանձնացրեց 2013 թ. Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի հիմնադրման 75-ամյակի առիթով ներկայացված «Սասունցի Դավիթում»՝ Ձենով Օհանի՝ իր դերերգը:

Ի թիվս այլ յուրահատուկ համերգների, նա 2018-ին ՀՀ ժողովրդական արտիստ եւ աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանից հրավեր է ստացել կատարելու նրա հեղինակային «Երկրաշարժ» երգը: Ներկայումս սիրված երգիչը գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում՝ տարածելով հայկական ժողովրդական եւ դասական երգարվեստը: Բարձրակարգ երաժշտություն մատուցելը նրա առաքելությունն է, եւ երբեք այդ նշաձողը չիջնեցնելը՝ սկզբունքայնության արտահայտությունը:

Էդգար Խաչատրյանին խնդրեցինք որոշ տպավորիչ դրվագներ ներկայացնել իր գործունեությունից: Էդգար Խաչատրյանը հիշեց Քուվեյթում կայացած մենահամերգը՝ տեղի պարախմբի հետ. «Երկրորդ բաժնում Կիլիկիա էի երգում, երկրորդ տունը երգելիս մեկ էլ բարձրախոսը խափանվեց: Ինչքան վոկալ հնարավորություն եւ ուժ ունեի, երգեցի 1200 հոգանոց դահլիճում՝ առանց բարձրախոսի, աչքերս փակ: Երբ երգն ավարտեցի, աչքերս բացեցի, տեսնեմ 1200 ունկնդիրն էլ ոտքի է կանգնել, իսկ ծափերը մի քանի րոպե չէին դադարում: Դա մի հրաշք զգացողություն էր»:

Իտալիայում կայացած մի դրվագ էլ հիշեց: Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առիթով Հռոմում բացօթյա համերգ է եղել, որտեղ ուղղակի սովորական բարձրախոսներ էին տեղադրված: Իսկ շուրջ 10000 մարդ սպասում էր համերգին: «Հրաշք հնչողություն եղավ, երեւի այդ պահին ի վերուստ ուժ ստացա ու շատ լավ կատարեցի: Ձայնագրությունն էլ կա, թե ինչ հրաշալի է հնչում այդ ամենը, երեւի իտալական ճարտարապետության ակուստիկան էլ նշանակություն ունեցավ»,-նշեց մեր զրուցակիցը:

Հարցրինք՝ հե՞շտ է գնահատել գործընկերներին ժյուրիի անդամի կարգավիճակով, հատկապես որ արվեստը սպորտային մրցաշար չէ, եւ սուբյեկտիվության գործոն կա: «Ժյուրիի անդամ լինելու համար նախ պետք է լինել չափազանց լավ պատրաստված ու պրոֆեսիոնալ, մեծ պաշար պետք է ունենալ երաժշտության ոլորտի, հատկապես որ հիմա շատ են աղավաղում դասական երգերը: Անպայման անաչառ եւ ազնիվ պետք է լինես, որ կարողանաս ճիշտ գնահատել, ինչպես երգում ես, այդպես էլ պետք է գնահատես: Հետաքրքիր էր, երբ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլում ժյուրիի կազմում էի, գեղարվեստական խորհուրդն էր այդպես որոշել: Արտիստների որակավորման մրցույթ պետք է անցկացվեր: Ինձ համար դա մեծ պատասխանատվություն ու պատիվ էր, որովհետեւ այդ նույն ժյուրիի կազմում եղել էին անվանի մարդիկ՝ Դավիթ Ղազարյանը, Ժիրայր Ալթունյանը, Նորայր Դավթյանը, Արզաս Գրիգորյանը: Այդ օրը մի շնորհալի երիտասարդ ընդունեցինք իմ խորհրդով, նա այսօր լավագույն երգիչներից մեկն է, եւ անսամբլում ունի մի քանի սոլո կատարում»,-ասաց արվեստագետը:

Ինչ վերաբերում է ամենատպավորիչ ելույթներին, առանձնացրեց աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի խնդրանքով նրա «Երկրաշարժ» երգի կատարումը՝ Հայաստանի ազգային օպերային թատրոնում. «Դահլիճում անվանի մարդիկ էին, ողջ երաժշտական էլիտան էր նստած, բեմում հանդես եկա ես, եւ ՀՀ վաստակավոր արտիստներ Գեւորգ Հակոբյանը, Աննա Մայիլյանը եւ դարձյալ բավականին ճանաչված երգիչ, ավանգարդ ֆոլկ ոճում ստեղծագործող, մուլտիինստրումենտալիստ, աշխարհահռչակ Armenian Navy Band խմբի ղեկավար Արտո Թունչբոյաջյանը: Շատ հաճելի էր նրանց հետ նույն բեմում հանդես գալը: Հուզված էի, որ մաեստրոն՝ Ջիվան Գասպարյանը իր գրած երգը վստահեց ինձ, որը կատարեցի օպերայի նվագախմբի ընկերակցությամբ, երգը գործիքավորել էր ՀՀ ժողովրդական արտիստ, դաշնակահար, կոմպոզիտոր, ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաների հեղինակ Ստեփան Շաքարյանը: Հպարտ եմ, որ առիթ եղավ աշխատել եւ համագործակցել նման վարպետների հետ: Մի խոսքով, հրաշալի համերգ էր»:

«Նարեկացի» անսամբլի ու Արտեմ Խաչատուրի հետ համագործակցությանն էլ անդրադարձ եղավ. «Սայաթ-Նովա երգեցինք Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ես չգիտեի, թե ովքեր են դահլիճում, հետո իմացա, որ Հայաստանի Հանրապետության լավագույն երգիչներն ու երաժիշտներն են՝ սկսած հայ երգի ռահվիրա Ռուբեն Մաթեւոսյանից: Էլի աչքերս փակ երգեցի, ասես ճախրում էի երկնքում, հատկապես որ Արտեմ Խաչատուրը հրաշալի էր նվագակցում եւ հրաշալի էր գործիքավորել: Կուլիսներում ինձ համար կանգնած էի, մեկ էլ մենեջերը եկավ, թե դուրս արի, հինգ րոպե է՝ քեզ են ուզում, ծափահարում են, համերգի վերջում ինձ մոտեցավ նաեւ Ռուբեն Մաթեւոսյանը, գոհունակությամբ սեղմեց ձեռքս: Չեք կարող պատկերացնել, թե ինչ զգացողություն ունեցա: Ի դեպ, ամենամեծ քննադատս մայրիկս է, ինքն անաչառ ասում է՝ թե որ օրն ինչպես երգեցի, ընտանիքս երաժշտական է, ծնողներիցս է գենը փոխանցվել»:

Էդգար Խաչատրյանն իրեն հաջողակ մարդ է համարում, ասում է, որ եթե նորից ծնվեր, դարձյալ երգիչ էր դառնալու. «Աշխարհի ամենահրաշալի բանը երաժշտության հետ առնչվելն է: Կինս էլ Երգի-պարի անսամբլի Շալախոյի մենապարուհին է, միասին շրջել ենք աշխարհով մեկ, ունենք չքնաղ դուստր, որը նույնպես երգում ու պարում է: Այսօր շատ երգիչներ նմանակում են ուրիշներին, ես ունեմ իմ ձեռագիրը, որեւէ մեկին նման չեմ, իմ վոկալ կրթությունը՝ դասական վոկալը եւ ժողովրդական երգի հանդեպ մեծ սերը ներդաշնակվել են, արդյունքում ստեղծվել է մի հրաշալի միքս, որը ես ներկայացնում եմ, ու դա մարդկանց դուր է գալիս: Արդեն երգում եմ 20 տարուց ավելի: Նաեւ պատրաստվում եմ իմ ունեցած հարուստ փորձը փոխանցել այլոց»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031