Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իշխանություն-ընդդիմություն համակարգված հանձնում

Մայիս 06,2023 12:00

«Գետնի վրա» իրագործվեց այն «հնարավորությունը», որի մասին Լավրովը հրապարակային հայտարարել էր փետրվարին

Վաշինգտոնում բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ, մայիսի 3-ին խորհրդարանում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, որ անակնկալներ չկան. «Վաշինգտոնում քննարկվում է ճշգրիտ այն, ինչ որ ես նախորդ շաբաթ այս ամբիոնից ներկայացրել եմ։ Սեղանին կա փաստաթուղթ, թե ոչ, այո, կա սեղանին փաստաթուղթ։ Այդ փաստաթղթի մեջ ոչ մի նորություն չեք գտնի, որովհետեւ այս փաստաթղթի մասին ասել եմ հրապարակային այս ամբիոնից, այսինքն՝ թեզերի մասով ասել եմ, մանրամասների մասով տեքստային տարբերակների մասով կարող եք եւ Ադրբեջանի ներկայացրածին ծանոթանալ, եւ կարող եք մեր առաջարկներին, մեր ռեակցիաներին ծանոթանալ»։

Վերոնշյալն արձանագրող Փաշինյանը նաեւ նշեց, թե «կարգավորման առաջարկ Արեւմուտքից Հայաստանը չի ստացել, իսկ ռուսական տարբերակը Երեւանը ընդունում է»։ Ավելին, Վաշինգտոնից վերադառնալուց հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները նաեւ Մոսկվայում են հանդիպելու, համենայնդեպս, ռուսական կողմը պնդում է, որ նման պայմանավորվածություն կա։ Վաշինգտոնյան բանակցությունները դեռ շարունակվում էին, իսկ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արդեն շտապեց հիշեցնել, որ ղարաբաղյան կարգավորման համար Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների եռակողմ համաձայնություններից բացի, այլ իրավական հիմքեր չկան։

Ինչեւէ, Փաշինյանի հայտարարությունները հնչում էին Վաշինգտոնում ընթացող բանակցությունների ֆոնին, որը տարբեր քննարկումների տեղիք է տվել: Խիստ համակարգված ձեւով հայաստանյան քաղաքական դիսկուրսն ուղղորդվում է հետեւյալ բովանդակությամբ` Հայաստանի ու Արցախի համար լավ է, որպեսզի ռուսական պլանն ընդունվի: Մինչդեռ հենց նույն օրը` մայիսի 3-ին, Վաշինգտոնից որոշակիություն մտցրեցին` ԱՄՆ-ում քննարկում են «Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»: ԼՂ-ի բնակչության իրավունքները, այս փաստի վերաբերյալ հավանաբար մեր ընդդիմադիրներին, ամեն շաբաթ մամուլի ակումբներ վազող գործիչներին, փորձագետներին եւ համացանցային մտածողներին, հավանաբար, դեռեւս հրահանգված է անտեսել: Այսինքն, առանցքային է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում ԼՂ-ի իրավունքներն ու անվտանգությունը:

Պաշտոնական Վաշինգտոնը Բաքվին ու Երեւանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, պատասխանել էին ԱՄՆ-ի պետքարտուղարությունից՝ «Ազատության» հետեւյալ հարցին, թե արդյոք այս օրերին Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվո՞ւմ են Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր։ Պետքարտուղարության խոսնակը շեշտել էր՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցն առանցքային է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունում ու հավելել, որ Միացյալ Նահանգները աջակցում է` «երկարատեւ, կայուն համաձայնությանը, որը խաղաղության հիմք կարող է դնել»։

Առհասարակ, արհեստական թեմաներ, ուղղորդված խոսույթ, վաղօրոք մշակված- պատրաստի մտքեր պատեհ-անպատեհ տարածելը դարձել է հայաստանյան քաղաքական քննարկումների հիմնական մեխը: Մինչդեռ այն, ինչ հրապարակային նշվում է ու արվում է, մեր քաղաքական դաշտի ուշադրությունից «զարմանալիորեն» վրիպում է:

Ի՞նչ տեղի ունեցավ Արցախում եւ Արցախի շուրջ վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Այս հարցի պատասխանը ստանալու համար վերհիշենք ընդամենը երկու ամիս առաջ Ռուսաստանի արտգործնախարարի որոշ կարեւոր հայտարարություններից 2 դրվագ: Այսպես, փետրվարի 28-ին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշեց, որ Լաչինի միջանցքում անցակետերի ստեղծումը նախատեսված չէ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Այս արձանագրումը մեծ ցնծություն եւ ոգեւորություն էր առաջացրել Հայաստանում, այն աստիճան, որ նույն մտքի շարունակությունը գերադասեցին «չնկատել»: Իսկ Լավրովը նշել էր, որ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրում չի նախատեսվում, բայց. «Որեւէ հսկիչ անցագրային կետերի ստեղծում այնտեղ նախատեսված չէ, սակայն առկա կասկածները, թե արդյոք միջանցքն օգտագործվում է, ինչպես հարկն է, տեխնիկական միջոցներով փարատելու հնարավորություն գոյություն ունի»։

Մայիսի 2-ին, երբ Վաշինգտոնում բանակցություններ էին ընթանում ամերիկյան հովանու ներքո, իսկ Հայաստանում համացանցային թոհուբոհն ու համակարգված արշավն ընդդեմ այս բանակցությունների էր, տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանը սկաներային սարքեր է տեղադրել Լաչինի միջանցքում ապրիլի 23-ին ապօրինաբար տեղադրված հսկիչ անցագրային կետում։ Ըստ ադրբեջանական լրատվականներից մեկի՝ դրանք Smiths Detection ֆիրմայի բազմապրոյեկցիոն ռենտգեն համակարգեր են, որոնցով ստուգելու են Արցախ մտնող բոլոր բեռները՝ այդ թվում ձեռքի պայուսակները։

Ինչպես ընդունված է ասել՝ «գետնի վրա» իրագործվեցին այն «հնարավորությունները», որի մասին պաշտոնական Մոսկվան Լավրովի մակարդակով հրապարակային հայտարարել էր դեռ փետրվարի 28-ին:

Թոհուբոհի թեմա պետք է հանդիսանային առհասարակ, ապրիլի վերջից իրար հաջորդող մի շարք փաստեր, որոնք հեշտությամբ օրեր անց շեղվեցին «վաշինգտոնյան» թեմայով: Ապրիլի 27-ից հայտնի է դառնում, որ ապրիլի 23-ին ապօրինաբար տեղադրված հսկիչ անցագրային կետում արդեն անձնագրային ստուգման կետ է տեղադրվում: Ադրբեջանցիները տարածում են լուսանկար: Մեկ օր անց արդեն տեսահոլովակներ են շրջանառվում, որ Ադրբեջանի զինված ուժերն «առաջին անգամ տեղակայվել են ռուս խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի»:

Հայաստանյան տելեգրամյան ալիքներից (հայկական ազգանունով) մեկը, որը 30 հազարանոց լսարան ունի, օրինակ, նույն օրերին Հայաստանի եւ Արցախի հասարակությանը հանգստացում է. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը «հզոր կերպար է», «նա 100 տոկոսով խավիարակեր չէ, նրան ադրբեջանցիները չեն կարող գնել»: Այսինքն, ըստ ռուսաստանյան պետական իշխանական քաղաքական գիծն առաջ մղող «բլոգերի»` Արցախում ռուս նախորդ հրամատարներին ադրբեջանցիները կարողացե՞լ էին «գնել»: Նույն «բլոգերը» նաեւ հասարակությանը «հանդարտեցնում» է. «լուսանկարը, որ ադրբեջանցիները անցագրային կետում անձնագրերի ստուգման կետ են տեղադրում` սուտ է, քարոզչական կեղծիք է, Լեմցովը դա թույլ չի տալու տեղադրեն»:

Ընդամենը 1-2 օր անց ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն տեսանյութ են տարածում, որում Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական անցակետով անցնում են հայկական պետհամարանիշներով մեքենաներ, եւ անցակետի ադրբեջանցի աշխատակիցները ստուգում են անցնող քաղաքացիների անձնագրերը, ավտոմեքենաները։

Սա դեռ ամենը չէ: Ապրիլի 29-ին հայտնի է դառնում, որ նախորդ օրը ադրբեջանական կողմը 14 ժամ շարունակ Շուշիի մոտ կանգնեցրել է հումանիտար բեռներ փոխադրող խաղաղապահների մեքենաները: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեցին. «Երեկ՝ ժամը մոտ 21:00-ից մինչեւ այսօր՝ մոտ 11:10-ը, Ադրբեջանի ուժային մարմինները Շուշիի մոտ արգելափակել են Հայաստանից Արցախ հումանիտար բեռ մատակարարող ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաների տեղաշարժը՝ շուրջ 14 ժամ նրանց կանգնեցնելով ճանապարհին… Քիչ առաջ, խաղաղապահ զորակազմի հրամանատարության եւ ադրբեջանական կողմի բանակցությունների արդյունքում մեքենաների շարժը թույլատրվել է, եւ նրանք շարժվել են դեպի Ստեփանակերտ»:

Այսինքն, Արցախի շրջափակումը շարունակվում է երկու կետում՝ Հակարիի կամրջի մոտ ապրիլի 23-ին ապօրինի կերպով տեղադրված անցակետով եւ Շուշիի մոտ 2022թ. դեկտեմբերի 12-ից արգելափակված հատվածով, որտեղ օրերս Ադրբեջանի կառավարության «էկոակտիստներին» սահուն կերպով արդեն փոխարինեցին ադրբեջանական ուժային մարմինների աշխատակիցները:

Ինչ ունենք այսօրվա դրությամբ. 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ բոլոր կետերը Ադրբեջանը խախտել է, այդ կետերը չեն իրագործվել, սակայն Հայաստանից պահանջում են մեկ կետի կատարում` միջանցքի տրամադրում: Իհարկե, պետք է անընդմեջ խոսել եւ պահանջել, որպեսզի միջազգային հանրությունը ստիպի Ադրբեջանին կատարել միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները, եւ մասնավորապես՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:

Սակայն, մեղմ ասած` տարօրինակ է, որ Հայաստանում ընդունված չէ խոսել ու պահանջել, որպեսզի Նոյեմբերի 9-ի փաստաթղթի երաշխավոր Ռուսաստանն էլ պահանջի Ադրբեջանից կատարել իր իսկ ստորագրած փաստաթղթի բոլոր կետերը ու չխախտի դրանք: Ընդունված չի խոսել այս մասին` ինչո՞ւ ենք համակերպվում Ադրբեջանի հերթական ապօրինություններից հետո: Մինչդեռ իրականությունը հետեւյալն է. ադրբեջանական կողմը սահմանային անցակետ է տեղադրել Հակարի գետի վրա կառուցված կամրջի վրա։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ անձնակազմի հրամանատարությունն ու Աղդամում գտնվող ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը տեղեկացվել են այդ մասին։

Մամուլում հրապարակումներ եղան նաեւ, որ ադրբեջանցիները ռուսների հետ բանակցություններում որոշ զիջումների են գնացել, եւ անցակետում որոշակի՝ ոչ էական գործառույթներ թույլ կտան, որպեսզի իրականացնեն ռուս խաղաղապահները։ Այս ամենով հանդերձ` արցախցներին հորդորում են հանգիստ լինել, չբողոքել, քանի որ` «խաղաղապահ զորակազմի հրամանատարն ասել է՝ իրենց համար եւս անցանկալի իրավիճակ է ստեղծվել», բայց կարեւորը մեկ շաբաթ շարունակ կրկնում են, որ «նա Բաքու է մեկնելու»…

Հիմա հարց Հայաստանի իշխանություններին, հայաստանյան քաղաքական, փորձագիտական, բլոգերական դաշտին: ՀՀ իշխանությունները դեռ վաղուց հայտարարել էին, որ Ադրբեջանը չի ընդունում ռուսական տարբերակը։ Որպես ռուսական պլանի առավելություն ներկայացվում էր այն, որ դրանով ԼՂ հարցի հստակեցումը թողնվում էր ապագային, որը ՀՀ իշխանությունների ապաշնորհության պատճառով, թերեւս, հանվեց օրակարգից:

Կարելի՞ է իմանալ` ռուսական պլանի գրավչությունն այսօր ինչո՞ւմ է կայանում: Ռուսաստանն ու Ադրբեջանը Նոյեմբերի 9-ի հայտարարության որեւէ կետ չեն կատարել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն այն գերակատարել է, եւ այդ փաստաթղթից մնացել է միայն մեկ կետ, 9-րդը՝ միջանցքների հարցը, ու պաշտոնական Մոսկվան անընդհատ դրա մասին է հիշեցնում։

Եվ ընդհանրապես, եթե ադրբեջանական կողմը մերժել է ռուսների առաջարկը, հայաստանյան ընդդիմությունն ինչո՞ւ է իներցիայով «ակնկալում», որպեսզի Հայաստանի իշխանություններն ընդունեն ռուսական պլանը, եթե այն գոյություն չունի… Պահանջում են, որպեսզի Փաշինյանի կողմից հայտարարվի՞ սա` «ռուսական տարբերակը Երեւանը ընդունում է»:

Թե՞ ռուսական պլանն, այնուամենայնիվ, գոյություն ունի եւ այդ պլանի որոշ պահանջներ առանց հայ-ադրբեջանական բանակցությունների ու լրացուցիչ փաստաթղթերի ստորագրման անշեղորեն կյանքի են կոչվում: Բայց որպեսզի դրանց առաջացրած առաջին ցնցումներն ու հետեւանքները ոչ այնքան ցավոտ լինեն Հայաստանի ու Արցախի հասարակությունների համար, քաղաքական դիսկուրսի ու բանավեճի հրապարակ են նետվում բոլորովին այլ շեշտադրումներով «մուննաթներ»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 05.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031