Լրահոս
Օրվա լրահոսը

Իրացվող սննդամթերքի զննությունը հարկավոր է չշփոթել ստուգումների հետ

Մայիս 06,2023 14:00

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքն ընդունվել է 2000 թվականի մայիսի 17-ին: Սակայն արդյո՞ք իրավաչափ գործողություններ են կատարում իրավասու մարմինները, արդյո՞ք տնտեսվարող սուբյեկտների իրավունքները հարգվում են: «Առավոտը» վարչական մարմինների հետ փոխհարաբերություններում գործարարներին հուզող մի շարք հարցերի մասին զրուցել է «Էմ Ջի Էմ Փարթներս» փաստաբանական ընկերության տնօրեն Մուշեղ Խաչիկյանի հետ։

– Պարոն Խաչիկյան, սկսենք թերեւս բոլոր գործարարներին հուզող թիվ մեկ հարցից՝ ստուգում։ Ո՞վ կարող է ստուգում իրականացնել, ի՞նչ կարող է նա անել եւ ի՞նչ կարող է անել տնտեսվարողը։

– Ստուգմանը կարող է մասնակցել միայն ստուգման հրամանում կամ հանձնարարականում նշված պաշտոնյան, եւ ստուգում կարող է իրականացվել միայն այն հարցերով, որոնք արտացոլված են հրամանում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, երբ նախապես ստուգման հրաման կամ հանձնարարական ներկայացնելը պարտադիր չի համարվում: Ստուգում իրականացնողը կարող է տեղում ուսումնասիրելու նպատակով պահանջել միայն այնպիսի փաստաթղթեր, որոնք վերաբերում են ստուգման առարկային: Իսկ վերցնել կարող է միայն այն փաստաթղթերը, փորձանմուշները և այլն, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակին եւ չեն խաթարի բնականոն ընթացքը: Ընդ որում, ստուգողը պարտավոր է իր հաշվին պատճենահանել դրանք, հաստատել իսկությունը իր կնիքով եւ հանձնել տնտեսավարող սուբյեկտին: Այս կարգին հակասող պահանջները տնտեսավարող սուբյեկտը կարող է մերժել՝ չկրելով դրա համար որեւէ պատասխանատվություն: Նաեւ ցանկանում եմ շեշտել, որ տեսչական գործառույթները (օրինակ՝ իրացվող սննդամթերքի զննություն, նմուշառում եւ այլն) հարկ է չշփոթել ստուգումների հետ: Ի տարբերություն ստուգումների, տեսչական գործառույթները, որպես կանոն, կարող են նախաձեռնվել առանց հրամանի եւ հանձնարարականի, առանց իրավախախտման մասին հաղորդման: Այս վարչական գործողության վրա չեն տարածվում նաեւ վերստուգում իրականացնելու սահմանափակումները:

– Օրինակ, ստուգում իրականացնողը կարո՞ղ է մտնել տնտեսվարող սուբյեկտի տարածք։

– Ստուգում իրականացնող անձը կարող է մուտք գործել տնտեսավարող սուբյեկտի ստորաբաժանումներ՝ միայն տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ: Բացառությունները վերաբերում են միայն քրեադատավարական գործողություններին, որոնց վրա ստուգումների մասին օրենսդրությունը չի տարածվում:

– Ստուգումից հետո արդեն ներկայացվում է խախտումների մասին արձանագրություն։ Ի՞նչ կարող է անել տնտեսվարողը։

– Խախտումների ակտի նախագիծը ստուգող մարմինը պետք է կազմի ստուգումների ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ առարկություններ ներկայացնելու համար այդ ակտը տնտեսավարող սուբյեկտին առձեռն կամ փոստով փոխանցվի 3 աշխատանքային օրվա ընթացքում: Տնտեսավարող սուբյեկտին տրվում է 5-օրյա ժամկետ առարկությունների համար: Խորհուրդ եմ տալիս հնարավորինս համալիր ուսումնասիրել ակտի նախագիծը եւ ներկայացնել հիմնավոր առարկություններ՝ չտարվելով առանձին ենթադրություններով, որոնք նվազեցնում են մյուս առարկությունների նշանակությունը: Եթե առարկությունները չեն ընդունվում, ապա ակտը չստորագրելու փոխարեն, խորհուրդ եմ տալիս ստորագրել այն՝ անելով վերապահում, որ պատշաճ կարգով հաշվի չեն առնվել առարկությունները, ինչը առավել միանշանակ է դարձնում հետագայում բողոքարկման գործընթացը:

Հարցազրույցը՝

Նարինե ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
05.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031