«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, կարևորելով դատախազական համակարգում նոր կադրերի համալրման գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողությունն ու թափանցիկությունը, 2022 թվականից դիտարկում է դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող բաց մրցույթը։
Կազմակերպությունը 2023 թվականին ևս մասնակցել է բաց մրցույթի դիտարկմանը, որը մեկնարկել է հունվարի 20-ին։
Դիտարկման արդյունքներն ամփոփվել են զեկույցում որում արձանագրվել են կազմակերպչական, բովանդակային խնդիրները, ներկայացվել են նաև կազմակերպության եզրահանգումներն ու առաջարկությունները։
Մրցույթին մասնակցելու հայտերի ընդհանուր թիվը ի սկզբանե եղել է 102, սակայն դիմորդների մեկ երրորդը չի ներկայացել մրցույթին․ ընդհանուր առմամբ մասնակիցների թիվը կազմել է 69, քննությունների ավարտին նրանցից միայն 12-ին հաջողվել ընդգրկվել է դատախազների թեկնածությունների ցուցակում։
Կազմակերպությունն իր հերթին դիտարկել է 47 դիմորդի հարցազրույց, ինչը մրցույթին մասնակցած ընդհանուր դիմորդների ավելի քան 68% է կազմում։
Նախապես հայտ ներկայացրած, սակայն հետագայում մրցույթի հարցազրույցին չներկայացած թեկնածուների քանակը դիտարկվել է որպես խնդիր, քանի որ հայտ ներկայացրած բոլոր թեկնածուների առնչությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայացրել է բարեվարքության վերաբերյալ եզրակացություններ, իսկ Որակավորման հանձնաժողովը իրականացրել է հարցազրույցի կազմակերպչական աշխատանքներ։ Նման պատկերը վեր է հանում որակավորման մրցույթի կազմակերպման փոփոխությունների անհրաժեշտություն։
Դիտարկված 47 դիմորդների շուրջ կեսը աշխատանքային փորձառություն չի ունեցել։ Ընդ որում, 7-ը նախկինում քննիչ են եղել, սակայն Որակավորման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն այդ 7-ից ստացել են 2-ը՝ ներառվելով դատախազների ցուցակում։
Առանձին դեպքերում արձանագրվել է, որ դիմորդները ունեն աշխատանքի փորձ, սակայն ոչ իրավաբանի։ Օրինակ, աշխատել են որպես աուդիտոր, օծանելիքի խանութում վաճառող-խորհրդատու, ոստիկանության համակարգում քարտուղար, ֆինանսական հաշտարարի մասնագետ և այլն։
Կազմակերպությունն արձանագրել է, որ այս հանգամանքներով պայմանավորված թեկնածուների մասնագիտական պատրաստվածությունը դատախազի պաշտոնում աշխատելու համար ցածր է եղել․ դատախազ դառնալու հայտ ներկայացրած թեկնածուների մասնագիտական և անձնային պատրաստվածությունը մրցույթին մտահոգիչ է։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ