Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Էնթոնի Բլինքենը բաց տեքստով հայտարարեց, որ կողմերը քննարկում են համապարփակ համաձայնությունը, որում կարեւոր տեղ է զբաղեցնում հարցը, թե ինչպես են երկու երկրներում վերաբերվում էթնիկ փոքրամասնություններին: Այսինքն՝ Արցախն ու արցախահայությունը դիտարկվում են բացառապես էթնիկ փոքրամասնությունների իրավունքների տեսանկյունից, ինչը դիվանագիտական լեզվից թարգմանաբար նշանակում է, որ Փաշինյանը վերջնականապես ընդունել է, որ «Արցախն ադրբեջանական է, եւ վերջ», ուստի Արցախի հայությունն էլ դիտարկվում է որպես Ադրբեջանում ապրող «էթնիկ փոքրամասնություն»:
Վաշինգտոնյան քառօրյա բանակցությունների փաստն ինքնին քաղաքագետ Սուրեն Զոլյանին մտահոգիչ եզրահանգումների առիթ է տվել․ «Բանակցություններն ընթանում են այն պայմաններում, որ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ կապիտուլյացիայի ակտն Ադրբեջանի համար այլեւս գոհացուցիչ չէ, եւ ինքը փորձում է հասնել ավելիին։ Ինչին չկարողացավ հասնել պատերազմի հետեւանքով, փորձում է հիմա ստանալ։ Այն պարագայում, երբ այդ չարաբաստիկ փաստաթուղթը գերակատարվել է Հայաստանի կողմից, եւ զիջել են նաեւ ավելին, քան դա էր արձանագրում, նույն Կապանի ճանապարհը, Սեւ լճի տարածքը եւ այլն»։ Իսկ Ալիեւն իր պահանջների մասին բազմիցս է հայտնել՝ տարածքային պահանջներից սկսած, էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ վերջացրած․ «Հայաստանը պետք է հայտարարի՝ Արցախն Ադրբեջան է, եւ վերջ, որ պետք է էթնիկ փոքրամասնությունների փոխադարձ պաշտպանություն լինի, հավանաբար՝ խոսքը գնում է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց անկլավներ, ապրեն, եւ իրենց համար երաշխիքներ պետք է ապահովել եւ այլն։ Եվ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 29 800 ք/կմ-ն է իր համար կարեւոր, իսկ ո՞վ է բացառում, որ Երեւանի կենտրոնում կարող են լինել անկլավներ կամ այլ վայրերում՝ Քյարքի եւ այլն։ Այսինքն՝ այդ 29 800 ք/կմ-ի մասին հայտարարությունը բոլորովին չի բացառում, որ այստեղ՝ Երեւանի կենտրոնում ստեղծեն անկլավներ կամ վերականգնեն նախկին անկլավները»։
Բացի այդ՝ բանակցությունները, քաղաքագետի խոսքով, ընթանում են այն ժամանակ, երբ խնդիրները կարգավորվում են, ոչ թե կողմերից մեկը ճնշումներ է գործադրում․ «Տվյալ դեպքում Ադրբեջանը ճանապարհին տեղակայել է ուժեր եւ անցակետ, որով ակնհայտորեն խախտում է ստատուս քվոն։ Նման պայմաններում բանակցություններ չէին կարող լինել, եւ Բլինքենը, որ մինչեւ բանակցությունները կոչ էր անում բացել ճանապարհը, հանել անցակետերը, պետք է, որպես բանակցությունների նախապայման, պնդեր իր առաջարկը, չեղարկեր բանակցությունները, քանի դեռ իր հորդորն արհամարհվում է Ադրբեջանի կողմից, մինչդեռ Բլինքենն ընդունեց Բայրամովին եւ սիրալիր խոսքեր շռայլեց, ինչը վկայում է այն մասին, որ կա հատուկ ծրագիր։ ԱՄՆ-ն ցանկանում է ՌԴ-ին դուրս մղել տարածաշրջանից կամ ստեղծել պայմաններ, որ ՌԴ-ն ներքաշվի եւս մեկ հակամարտության մեջ, տվյալ դեպքում ԱՄՆ-ի կողմից գուցե ցինիկ, բայց իրատեսական հաշվարկ է ընթանում։ Այս պարագայում միամիտ է ակնկալել, որ ԱՄՆ-ն պետք է չեզոքացնի Ադրբեջանին»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: