Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի բնակչուհի․ «Ես Արցախում չեմ եղել ու հիմա մտածում եմ՝ ինչ լավ է, որ չեմ եղել, որովհետեւ ավելի շատ կմղկտայի»

Մայիս 04,2023 23:40

«Ոչ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման ստորագրահավաքին միացած տիկին Գայանեն Aravot.am-ին ասաց, թե ինչու է որոշել իր ստորագրությունը դնել այդ պահանջագրի տակ։

«Եթե ես, դուք, մյուսը չստորագրենք, ո՞վ պետք է մեր փոխարեն դա անի։ Եթե դա եմ կարողանում անել, ո՞նց չանեմ։ Ո՞նց անեմ այնպես, որ ժողովուրդը լավ լինի, որ ես կարողանամ Բաղրամյան փողոցով արժանապատիվ քայլել։ Իշխանությունը չի հասկանում, որ այս երկիրը միայն իրենցը չի։ Այս երկիրը իրենց հետ հավասար, եթե չասեմ ավելի, մերն էլ է։ Եթե իրենք Բաղրամյան փողոցով կորտեջներով, թանկարժեք մեքենաներով  են անցնում, ես, մենք բոլորս  տրանսպորտով ենք գնում։ Բայց միայն Բաղրամյան փողոցը չէ։ Այն սարն է, որտեղ ձյուն կա, Շուշին է, որ անգույն ու դժբախտ է։ Ես Արցախում չեմ եղել։ Ու հիմա մտածում եմ՝ ինչ լավ է, որ չեմ եղել, որովհետեւ ավելի շատ կմղկտայի ու ձեռքս ճար չէր լինի։ Ինձ ասում են՝ Շուշի չես գնացել» Է, որ գնացած լինեի, Ալիեւը չէր վերցնելո՞ւ, ասելու էր, վայ, Գայանեն եկել է Շուշի ու Շուշին մեզ պետք չի՝ Նիկոլ ջան, առ քե՞զ։ Չեն կարողանում տարբերել պատճառը, հիմքը, իմաստը, նյութը։ Այնպես, ինչպես իշխանության գլուխ եկավ Նիկոլը, այդպես ոչ մի նախագահ չի եկել։ Այն երեխաները, որ փողոցներ էին փակում, որ Նիկոլի մի կոչով պառկում էին ասֆալտներին, քանի՞սը մնացին այնտեղ, այդ երեխաներից քանիսի՞ կյանքը վերցրեց։

Երբ օրը մի քանի տարբեր բան է ասում, ինքն իրեն չի հարգո՞ւմ, մեր երկիրը, մեր հողը, չի հարգո՞ւմ։ Ես ամբողջ կյանքում չեմ ընդունել առաջին նախագահին։ Բայց երբ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դուրս էր գալիս արտաքին աշխարհ, ներկայացնում էր Հայոց Աշխարհը, ամբողջ հայ ժողովրդին։ Ու ես այդ ժամանակ ինձ արժանապատիվ էի զգում։ Որովհետեւ ինքը իրեն պահել գիտեր, խոսել գիտեր, իր խոսքի գինը գիտեր։ Պայուսակը չէր դնում սեղանի տակ ու քչփորում, երբ թշնամի երկրի ղեկավարը նստում էր, ասես, տիրակալ։  Հինգ տարվա մեջ այս մարդը աշխարհի ամենահզոր պետություններից մեկի նախագահի անուն-ազգանունը նորմալ չսովորեց։

Եթե Ադրբեջանի տեղը լիներ մի քաղաքակիրթ երկիր։ Թուրքը, ադրբեջանցին մի նպատակ ունեն՝ հայերին ոչնչացնել միայն նրա համար, որ հայ ենք։ Սա էթնիկ բնաջնջում է։ Ու սա ասում է՝ մոռանանք ցեղասպանությունը ու հետները եղբայրություն անենք։ Երեկ էլ ԱԺ-ում հայրենասիրության ինչ-որ նոր ձեւակերպում էր տալիս։ Այսինքն, որպես ի՞նչ մնանք, կամ մնա՞նք, թե բնաջնջվենք։ Թե բնաջնջվելու, մեռնելու ենք, ավելի լավ է պատվով մեռնենք, քան ստորացված։ Ահա, թե ինչի եմ միանում «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման ստորագրահավաքին»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031