Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոռանալ անցյալը». Ավետիք Իշխանյան

Մայիս 04,2023 23:23

«Իշխանություն և փող՝ հայրենիքի դիմաց»,- Aravot.am-ի զրուցակիցն է Aravot.am-ի զրուցակիցն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

-«Հայաստանի հանրապետությունը երբեք չի առաջնորդվել կամ հիմնականում չի առաջնորդվել տնտեսական շահով, մենք էմոցիոնալ շահով ենք առաջնորդվել, էմոցիոնալ ժողովուրդ ենք, բայց ես կարծում եմ, որ եկել է ժամանակը որ էմոցիոնալ ժողովրդից վերածվենք պետական ժողովրդի: Այսօր մենք խաչմերուկի առաջ ինչ-որ մի ճանապարհային նշանի տակ կանգնած ենք, ո՞նց կշարժվենք՝ դրանից կախված է, թե մենք պետություն կունենանք թե չենք ունենա»,- երեկ, խորհրդարանում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ «Նեմեսիս» գործողության արձանի տեղադրման շուրջ ծավալված բանավեճի ժամանակ: Որոշ ժամանակ առաջ էլ, դարձյալ խորհրդարանում՝ խոսելով հայերի հայրենասիրության մոդելի մասին, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ իր համար խնդիր է, որ հայերն Արագած սարի հանդեպ սեր չեն արտահայտում՝ նկատի ունենալով Արարատի նկատմամբ սերը: Հայրենասիրության նիկոլփաշինյանական ընկալումները կամ մատուցումները, Ձեր կարծիքով, ինչի՞ մասին են, մանավանդ, ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում:

-Ամեն անգամ, լսելով վարչապետ կոչեցյալին, հիշում եմ հայ մեծ վիպասան Րաֆֆու խոսքերը, որ հայ ժողովրդի մի մեծ խավը վաճառականներն են։ Ցավոք, այսօր հայ քաղաքական գործիչներից շատերը նույն վաճառականներն են, քաղաքական գործչի դիմակի տակ։ Անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում, նման վաճառական-քաղաքական գործիչներ շատ են եղել, բայց այսօր մենք ունենք պետության ղեկավար, որը տիպիկ վաճառականի կերպար է, և լրագրող և քաղաքական գործիչ եղած ժամանակ և ցավոք վարչապետի պաշտոնում։ Եվ նույնպես, ցավով պետք է արձանագրել, որ քպ կոչվող կուսակցության մեջ հավաքված բոլորը նույնպես հոգով և մարմնով վաճառականներ են։ Վարչապետ կոչեցյալի պատկերացմամբ, պետությունը միայն պետք է առաջնորդվի տնտեսական շահերով, առանց որևէ գաղափարախոսության, ազգային նպատակի, նաև առանց պատմական հիշողության։

Արդեն, համոզված կարելի է ասել, որ վարչապետ կոչեցյալը ձգտել է ցանկացած գնով իշխանության հասնել, չխորշելով ստերից և կեղծիքներից, նպատակ ունենալով հանձնել Արցախը, զուտ առևտրական հաշվարկներով, թե ինչքան շահույթ կստանա այդ գործարքից։

Նրա համար հայրենիքը անշարժ գույք է, որի վաճառքից կարելի է շահույթ ստանալ։ Իսկ քպ-ն իրականում ոչ թե կուսակցություն է, այլ փակ բաժնետիրական ընկերություն, որտեղ բաժնետոմսերի 100%-ը պատկանում է վարչապետ կոչեցյալին, մյուս անդամներն ընդամենը բարձր վարձատրվող սպասարկող անձնակազմ են։ Եվ ինչպես քպ-ն, այնպես էլ հայոց պետությունը, նա քայլ առ քայլ վերածում է նույնպես փակ բաժնետիրական ընկերության՝ քայքայելով բոլոր պետական կառույցները, դրանք դարձնելով իր անձնական սպասարկման մարմիններ։ Իր իշխանությունը հավերժացնելու համար, ամենամեծ խոչընդոտը ժողովրդի դիմադրությունը վերջնականապես կոտրելն է։ Դրա համար, միայն իրեն ենթակա ոստիկանությունը, քննչական մարմինները, դատախազությունն անբավարար են։ Պետք է ողջ ժողովրդին դարձնել ստրուկ, ինչպես քպ-ականներն են։ Իսկ լավագույն ստրուկը, հիշողությունից զուրկ մարդն է։ Այստեղ կուզենայի հիշատակել մեկ այլ տաղանդավոր արձակագրի՝ Չինգիզ Այթմատովին։ Այթմատովն իր «Եվ դարից երկար է ձգվում օրը» հանրահայտ վեպում, նկարագրում է, թե ինչպես էին ժուանժուան ցեղերն իրենց գերիներին դաժանաբար դարձնում ստրուկներ, նրանց զրկելով հիշողությունից։ Այդ ստրուկները կոչվում էին մանկուրտներ, որոնք պատրաստ էին կատարել տիրոջ ամեն հրաման, ընդհուպ՝ սպանել հարազատ մորը։ Ահա թե ինչին են ուղղված վարչապետ կոչեցյալի մտավարժանքները իր «հայրենասիրության» պատկերացումների մասին՝ մոռանալ անցյալը։ Այսինքն, հիշել մեր պատմությունը, ցեղասպանված մեր պապերին ու տատերին, մեր պատմական Արարատ լեռը, սրանք «էմոցիոնալ շահեր են», պետք է այդ ամենը մոռանալ և հանուն տնտեսական շահի ՝ հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին անվանել ադրբեջանական։ Մոռանա՞լ, թե՞ վաճառել։

Բոլոր հին ազգերը պահպանում են իրենց պատմությունը, պատմական հիշողությունը։ Իսկ հին պատմություն չունեցող եկվոր ժողովուրդները մոգոնում են պատմությունը, ինչպես մեր հարևաններ Թուրքիան և Ադրբեջանը, իրենց համարելով բնիկներ հայոց պատմական հողերում։ Եվ հենց նրանց է ձեռնտու, որ մենք մոռանանք մեր դարավոր պատմությունը։ Փաստորեն, կարելի է արձանագրել, որ այսօրվա Հայաստանի իշխանությունը սպասարկում է նրանց շահերը։

Ի դեպ, չմոռանալ պատմական անցյալը, բնավ չի նշանակում չվարել պրագմատիկ, հաշվարկված, առանց ազգային արժեքների զիջման, պետական, նաև հաշվարկված առևտրային քաղաքականություն նույն հարևանների հետ։ Եվ համոզված եղեք, որ այն ավելի արդյունավետ կլինի և նրանք, թեկուզ խանդով, բայց ավելի կհարգեն մեզ։ Իսկ այսպիսի պարտվողական, զիջողական քաղաքականությունը կբերի նոր զիջումների և մեր հարևանների կողմից, բացի արհամարհանքից, այլ վերաբերմունքի չենք արժանանա։

Ինքս միշտ խուսափել եմ օգտագործել «հայրենասիրություն, հայրենասեր», այո՛ ծեծված բառերը, քանի որ կարծում եմ, որ այն ցանկացած քաղաքացու համար պետք է բնական զգացմունք լինի։ Հայրենասիրություն բառն, ինքնին նշանակում է սիրել հայրենիքը։ Փաստորեն, վարչապետ կոչեցյալի համար Արցախը, գուցե վաղն էլ՝ Սյունիքը հայրենիք չեն, այլ վաճառքի առարկա տարածքներ, քանի որ վաճառականն իր վաճառած ապրանքը չի սիրում, այլ դիտում է զուտ, որպես շահույթի առարկա։ Մի հարցում համաձայն եմ, վարչապետ կոչեցյալի հետ, որ «մենք խաչմերուկի առաջ ինչ-որ մի ճանապարհային նշանի տակ կանգնած ենք, ո՞նց կշարժվենք՝ դրանից կախված է, թե մենք պետություն կունենանք թե չենք ունենա»։ Այդ ճանապարհային նշանը փակուղային է, վարչապետ կոչեցյալի նկարով։

-Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը երեկ նորից կրկնել է, որ թուրքն իր համար վիրավորական չէ, ինչպես գերմանացին, շվեդը, ռուսը եւ այլն ու նկատել, որ թուրք գիտնականներ կան, որոնք Հայոց Ցեղասպանության մասին են գրել: Իսկապես, չե՞ք կարծում, որ մեզանում չափազանցված ընկալում կա, երբ, օրինակ, թուրք ասում ենք վիրավորելու համար:

-Իհարկե, դա իր գործն է։ Նա ասաց, որ չի վիրավորվում նաև «դավաճան» որակումից, բայց ոստիկանությանն ուղարկում է ձերբակալելու իրեն «դավաճան» ասող երիտասարդին։ Նույն գերմանացուն, շվեդին, ռուսին, բոլորովին դուր չի գա և նա կվիրավորվի, եթե իրեն անվանեն, որպես այլ ազգի ներկայացուցիչ։ Դեռ մի կողմ դնենք, թե ինչ է նշանակում, որևէ թուրքի հայ անվանելը։ Վարչապետ կոչեցյալի այս խոսքն ուղղված չէր Հայաստանի քաղաքացիներին, այն արտաքին, կարծում եմ պարզ է՝ որ լսարանին էր ուղղված։ Ինչ վերաբերում է առանձին անհատներին, այո 1915թ․, նույնպես եղել են թուրք ընտանիքներ, որոնք ապաստանել են հայերին։ Եվ ի՞նչ․․․Միթե՞ կարելի է այդքան պարզունակ լինել, չհասկանալով Թուրքիայի դարերով չփոխվող պետական քաղաքականությունը և օրինակներ բերել հազվագյուտ դեպքերից։ Վարչապետ կոչեցյալի խելացիության և գրագիտության մասին մեծ կարծիք չունենալով հանդերձ, չեմ կարծում, որ նա պարզունակ մտածողություն ունի, ուստի ․․․

-Նիկոլ Փաշինյանը ասում է՝ խաղաղության հասնելու իր պատկերացումները կարող են հայ ժողովրդի համար ընդունելի չլինել, մինչդեռ ոչ վաղ անցյալում նա խոսում էր այն մասին, որ լուծումները պետք է ընդունելի լինեն բոլոր ժողովուրդների համար. ինչու՞ միակ տուժող կողմը հայ ժողովուրդը ստացվեց։

-Այդ , խաղաղության պայմանագիրը, հերթական առևտրական գործարքն է լինելու, իշխանություն և փող՝ հայրենիքի դիմաց։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031