Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հարցերին: Հանդիպմանը ներկա են եղել Չեխիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տոմաշ Պոյարը, կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Վոնդրան, Չեխիայի խորհրդարանի պատգամավորներ:
Իր ելույթում, վարչապետը, մասնավորապես, նշել է.
«Տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ այսօր այստեղ լինելու և այս հարգարժան հանդիսատեսին դիմելու հնարավորության համար: Եվ ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել պարոն Ալեքսանդր Վոնդրային և իր թիմին այս միջոցառումը կազմակերպելու և վարելու համար:
Կարդացեք նաև
Հայաստանը Չեխիայի հետ ավանդաբար բարեկամական հարաբերություններ ունի՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա, և պատրաստ է ընդլայնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Իմ այցը համընկնում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։ Անցած 30 տարիների ընթացքում Հայաստանը և Չեխիան ստեղծել են ամուր երկկողմ օրակարգ՝ ընդգրկելով ոլորտների լայն շրջանակ, ներառյալ ակտիվ քաղաքական երկխոսությունը և գործընկերությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում:
Այսօր ես կցանկանայի խոսել Հայաստանի ժողովրդավարական ճամփորդության մասին մի տարածաշրջանում, որը նշանավորվել է ալեկոծություններով և անորոշություններով, և ձեզ ներկայացնել Հայաստանի առաջընթացը կայուն ժողովրդավարություն կառուցելու ճանապարհին բազմաթիվ մարտահրավերների պայմաններում:
Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական զարգացմանը 2018 թ–ի ոչ բռնի հեղափոխության արդյունքն է, որը, ի թիվս այլոց, ոգեշնչված էր նախկին Չեխոսլովակիայի թավշյա հեղափոխության սկզբունքներով, որը գլխավորում էր Վացլավ Հավելը։
Հեղափոխությունից հետո իմ կառավարությունը նախաձեռնեց լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ, որոնք ներառում էին պայքար կոռուպցիայի, ստվերային տնտեսության և տնտեսական մենաշնորհների դեմ։ Մենք ապահովել ենք խոսքի և արտահայտվելու ազատությունը և շրջել ենք կեղծված ընտրությունների էջը՝ երաշխավորելով, որ քաղաքացիների ազատ կամարտահայտությունն իշխանության միակ օրինական աղբյուրն է։
Արդյունքում` մեզ հաջողվել է հասնել տպավորիչ տնտեսական աճի՝ 2019-ին՝ 7,6 տոկոս, 2021-ին՝ 5,7 տոկոս, 2022-ին՝ 12,6 տոկոս։ 2022-ին աշխատատեղերի թիվը 2018-ի համեմատ աճել է շուրջ 32 տոկոսով։ Հարկային եկամուտները 2022-ին 2017-ի համեմատ աճել են ավելի քան 66 տոկոսով։ Հայաստանի սուվերեն վարկանիշը բարձրացվել է։ Նույնը կարելի է ասել Հայաստանի միջազգային վարկանիշի մասին տնտեսական և ժողովրդավարական ցուցանիշների առումով, հատկապես խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության առումով:
ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում մեր երկիրը ներկայումս գլխավորում է «Ժողովրդավարություն և լավ կառավարում» վարկանիշային աղյուսակը հետևյալ 5 ուղղություններով՝ կոռուպցիայի դեմ պայքար, անկախ դատական համակարգ, խոսքի և արտահայտման ազատություն, հավաքների և միավորման ազատություն, անկախ լրատվամիջոցներ և ժողովրդավարական իրավունքներ, ընտրություններ և քաղաքական բազմակարծություն։
Այնուամենայնիվ, հայ ժողովրդի վստահությունը ժողովրդավարության նկատմամբ խարխլվել է վերջին տարիներին Հայաստանի առջեւ ծառացած անվտանգության մարտահրավերների պատճառով։
2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ։
2021 թվականի մայիսին այն ներխուժեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, իսկ 2022 թվականի սեպտեմբերին նախաձեռնեց նոր լայնածավալ հարձակում Հայաստանի դեմ՝ գրավելով մեր ինքնիշխան տարածքի մի մասը։
Այս դեպքերը հազարավոր կյանքեր խլեցին, ավերեցին քաղաքացիական ենթակառուցվածքներ և բազմաթիվ մարդիկ անհետ կորան, ի լրումն նրանց, ովքեր մինչ օրս գտնվում են ադրբեջանական գերության մեջ։
Լեռնային Ղարաբաղում տասնյակհազարավոր հայեր ստիպված են եղել լքել իրենց տները՝ միանալով այն հարյուրհազարավորներին, որոնք փախստական են դարձել Ադրբեջանի տասնամյակներ շարունակվող հայատյաց քաղաքականության պատճառով։
Ինչպես հայտնի է, 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությունն իրավաբանորեն սահմանում է, որ Լաչինի միջանցքը պետք է ծառայի որպես կապող օղակ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև։ Սակայն, հիշյալ հայտարարության կոպիտ խախտմամբ, 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանն ապօրինի շրջափակում է իրականացրել Լաչինի միջանցքում՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամ Լեռնային Ղարաբաղում։ Ավելին, չնայած 2023 թվականի փետրվարին ՄՔԴ–ի կողմից միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշմանը, Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ էլ ավելի սրելով իրավիճակը։
Ադրբեջանը ոչ միայն զրկել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ազատ տեղաշարժվելու իրավունքից, այլև անջատել է բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության պարագաների պակաս կա, և դրանք ներկայումս վաճառվում են կտրոնների միջոցով։
Մեր համոզմունքն այն է, որ դրանք մեկուսի գործողություններ չեն, այլ Ադրբեջանի նախապատրաստումը Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը։ Այս առումով, մենք անհրաժեշտ ենք համարում միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք. Միջազգային հանրությունը պետք է հստակ և դիպուկ գնահատական տա Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամին։ Սա կարևոր է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայերի, այլև մեր տարածաշրջանի ժողովրդավարության ապագայի համար, քանի որ Հայաստանի Հանրապետությունում օդում կախված հիմնական հարցն այն է, թե արդյոք ժողովրդավարությունն ի վիճակի է ապահովել անվտանգություն և կայունություն մեր տարածաշրջանում։
Տիկնայք և պարոնայք,
Չնայած այս ամենին, այս իրավիճակի մեր ընկալումն առաջնորդվում է առաջին հերթին հետևյալ ժողովրդավարական նկատառումով. մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի։ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում մենք ամուր հիմքեր դրեցինք մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու համար՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իմ մասնակցությամբ քառակողմ հանդիպման ժամանակ։
Այդ հանդիպման հիմնական արդյունքն այն էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն տարածքներով, որոնք ունեին երկու հանրապետությունները Խորհրդային Միությունից անկախանալու ժամանակ՝ համաձայն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի, որը պետք է հիմք հանդիսանա հետագա սահմանազատման համար։ Այս փոխըմբռնումը վերահաստատվել է 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ, որտեղ կողմերն ընդգծել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները պետք է լուծվեն միայն 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի և ՄԱԿ–ի կանոնադրության հիման վրա՝ հրաժարվելով ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից։
Այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնալու և ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը՝ մշտապես սրելով իրավիճակը Հայաստանի սահմանին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում։
Չնայած այս ամենին, Հայաստանը հավատարիմ է մնում առկա խնդիրները բանակցությունների միջոցով լուծելու քաղաքականությանը, և մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։
Այս պահին նման համաձայնագրի ստորագրման հիմնական խոչընդոտները հետևյալն են. մինչ օրս անհնար է եղել համաձայնության գալ այնպիսի խոսույթի շուրջ, որը հստակ կհայտարարի, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքով։
Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման մեխանիզմը դեռևս անորոշ է։ Նույնը կարելի է ասել Ստեփանակերտ–Բաքու երկխոսության ձևաչափի մասին, որը, մեր կարծիքով, պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմի շրջանակներում։
Մինչ այժմ անհնար է եղել համաձայնության գալ խաղաղ համաձայնագրի տեքստի ընթերցման հարցում տարաձայնությունները հաղթահարելու մեխանիզմների շուրջ։
Եվ վերջապես, չկա խաղաղության համաձայնագրի կիրարկման համար միջազգային մեխանիզմների վերաբերյալ համաձայնություն։
Մենք, այնուամենայնիվ, շարունակում ենք մեր ջանքերն այս ուղղություններով հաջողություն գրանցելու ուղղությամբ։ Արդեն չորս օր է, ինչ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները, ԱՄՆ աջակցությամբ, Վաշինգտոնում բանակցում են այս բոլոր հարցերի լուծման համար։
Եզրափակելով՝ ուզում եմ ընդգծել, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում Հայաստան–ԵՄ հարաբերություններում կարևոր զարգացում է տեղի ունեցել։ Որոշվել է Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղակայել ԵՄ կարճաժամկետ դիտորդական առաքելություն, որը հետագայում վերաճել է Հայաստանում երկարաժամկետ առաքելություն տեղակայելու որոշման, ինչն սկսեց գործել փետրվարին։
Տիկնայք և պարոնայք,
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Չեխիայի Հանրապետությանն այս որոշմանն աջակցելու համար, որը Հայաստանի ժողովրդավարությանն աջակցության ևս մեկ դրսևորում է։ Շնորհակալություն ուշադրության համար»:
Հաջորդիվ վարչապետը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի հետ բանակցություններին, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին և այլ թեմաների:
ՀՀ կառավարություն