Լրահոս
Օրվա լրահոսը

Ստորագրահավաքը վկայում է, որ Արցախի նկատմամբ անտարբեր են միայն Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանախումբը, իսկ հանրությունը բացառում է Արցախի գտնվելը Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակում»

Մայիս 04,2023 22:05

«Ոչ, Արցախի էթնիկ զտմանը» Արցախում ծնված երիտասարդական շարժմանը միացել է նաեւ Երեւանը։ Հայությունը պահանջագրով կոչ է անում՝ դադարեցնել Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող արցախահայության էթնիկ զտման ցեղասպանական քաղաքականությունը եւ ապահովել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը։

Մայրաքաղաքի տարբեր վայրերում բացված ստորագրահավաքի կետերում հազարավոր երեւանցիներ անկախ տարիքից ու սեռից, մոտենում են սեղանիկներին եւ իրենց ստորագրությունը դնում Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության վարած հակաարցախյան քաղաքականության մերժման փաստաթղթի տակ։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մարդկանց հրավիրել է Ազնավուրի հրապարակ՝ միանալու արցախցիների նախաձեռնած պահանջագրին, ինչի առիթով Aravot.am-ին ասաց․ «Մենք դիմելու ենք միջազգային բոլոր կառույցներին՝ ՄԱԿ, Հայաստանում հավատարմագրված դեսպանատներ, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններ։

Ստորագրահավաքը ես նախաձեռնել եմ, որպեսզի հասարակական տրամադրությունները, որոնք առկա են մեր երկրում, ես փոխանցեմ թղթին։ Կա մտայնություն, թե Արցախի մասին Հայաստանում չեն մտածում, Արցախը մոռացել են եւ մտովի Հայաստանում Արցախը հանձնել են Ադրբեջանին։։ Սակայն մեր ստորագրահավաքը ամբողջովին հակառակի մասին է խոսում։ Մարդիկ գալիս են, ստորագրում են եւ իրենց անհամաձայնությունն են հայտնում այդ մտայնության, ինչպես նաեւ՝ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության դեմ, երբ նա տարբեր ամբիոններից պարբերաբար ասում է, թե Արցախը Ադրբեջանի կազմում է եւ այլընտրանք չունենք։ Ոչ։ Արցախը հայկական է։ Արցախը պիտի լինի հայկական։ Եվ այս ստորագրահավաքը հենց դրա մասին է։ Այն մասին, որ մենք ի լուր աշխարհի պիտի ասենք, որ սա կազմակերպել ենք, որպեսզի մեր անհաշտությունը, անհամաձայնությունը հայտնենք Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակով  Արցախի գտնվելուն։ Հանրությունը դա չի թողնելու։

Դուք էլ հիմա տեսնում եք, որ ստորագրելու համար հերթեր են։ Մենք երբեն չենք հասցնում թղթերը թարմացնել։ Այսինքն, շատ մեծ հոսք ունենք։ Եվ սա նշանակում է, որ Արցախի նկատմամբ անտարբերություն չկա, որ Արցախի նկատմամբ անտարբեր է միայն Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանախումբը, իսկ հանրությունը բացառում է Արցախի գտնվելը Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակում։ Ու սա պիտի արձանագրվի թղթի վրա»։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031