Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապշեցուցիչ է ուղղակի, թե ով, ինչ պայմաններում եւ ինչպես է համարձակվել Երիտասարդության պալատը վերացնել». Մանե Թանդիլյան

Մայիս 04,2023 22:15

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Արթուր Թարխանյան կենտրոնը»՝ ի դեմս Անահիտ Թարխանյանի ու «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ ի դեմս Մանե Թանդիլյանի, ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով մեկնարկեց Երեւանի զարգացման նախաձեռնություններ» ծրագիրը:

Լրագրողների հետ զրույցում Թարխանյանն ասաց, որ Երեւանի ավագանու նախկին ընտրություններին, երբ ինքը մասնակցում էր, բազմաթիվ ծրագրեր ուներ, որոնք չիրականացան. «Ապրելու երկիր կուսակցության մեջ ես տեսա ուժ եւ կամք՝ փոխելու Երեւանը»:

Այս համագործակցության արդյունքում Երեւանի դեմքը ներկայացնող կարեւոր շենքերի վերականգնման նախագծեր են մշակվելու եւ ներկայացվելու են մասնագիտական հանրային քննարկման: Նախ կիրականացվի Երիտասարդական պալատի վերականգնման նախագիծը՝ ստեղծելով համահայկական երիտասարդական կենտրոն: Այնուհետեւ՝ կարդիականացվի «Զվարթնոց» օդանավակայանը եւ այսպես շարունակ:

Հարցին՝ այդ նախագծերը կիրականացվեն միայն, եթե «Ապրելու երկիրը» հաջողությո՞ւն գրանցի Երեւանի ավագանու սպասվող ընտրություններում, թե՞ անկախ ընտրությունների արդյունքներից՝ Անահիտ Թարխանյանը պատասխանեց. «Նախագծի իրականացումը կախված չէ նրա հետ, թե կդառնա՞ «Ապրելու երկիրը» կառավարող ուժ եւ կընտրվի Երեւանի ընտրություններում: Ես համոզված եմ, որ «Ապրելու երկիրը» այսպես թե այնպես կմտնի ավագանու կազմի մեջ: Այս նախաձեռնությունը 15 տարի ճարտարապետներն իրենք են փորձել մենակ տանել առաջ ու վերականգնել Երիտասարդության պալատը, դիմել են տարբեր ուժերի, շատերի հետ են խոսել, ոչ մեկը չարձագանքեց: Բայց այսօր «Ապրելու երկիրը» ինքն է բարձրացնում այդ հարցը եւ տանում առաջ մեր երազանքը»:

Մանե Թանդիլյանը լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ Երեւանի խորհրդանիշ շենքերը վերականգնելու ծրագրերի իրականացումը արդյոք կախվա՞ծ է Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներից՝ պատասխանեց. «Այս նախագծերը, որոնք իրականացվելու են, առաջին հերթին մաս են դառնալու նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական առաջարկին՝ Երեւանի քաղաքացիներին: Մենք ասելու ենք սիրելի երեւանցիներին, որ մենք ձեզ անելու ենք առաջարկ, որից դուք չեք կարող հրաժարվել: Եվ ահա այդ առաջարկը ձեւավորվելու է նաեւ այս փաթեթից եւ ներկայացվելու է երեւանցիներին ընտրությունների ժամանակ: Միեւնույն ժամանակ այս հուշագրի արդյունքում ստեղծված փաստաթղթերը հետագայում նաեւ դառնալու են հանրության սեփականությունը»:

Թանդիլյանն ասաց, որ վստահ է՝ դա կարողանալու են իրականացնել ընտրություններից հետո, բայց ասել, թե հենց այսօր այն իրականություն կդառնա՝ միամտություն է:

Հարցին՝ Երեւանը շատ խորհրդանիշներ ունի, ինչպե՞ս է որոշվել, որ հենց պետք է սկսել Երիտասարդական պալատի վերականգնումից՝ Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Երիտասարդության պալատը վերացված խորհրդանիշ է եւ ինձ համար անհնարին է անգամ պատկերացնել, թե էդ ինչքան պիտի չսիրես Երեւանը, որպեսզի խորհրդանիշ հանդիսացող այդ մոնումենտը վերացնես: Չկա Երեւանի մասին պատմող հին լուսանկար, որ դուք չնկատեք որեւէ տեղից Երիտասարդության պալատը: Ապշեցուցիչ է ուղղակի, թե ով, ինչ պայմաններում եւ ինչպես է համարձակվել Երիտասարդության պալատը վերացնել եւ ես կարծում եմ, որ սրա վերականգնումը հենց լինելու է խորհրդանշական առ այն, որ մենք մեր արժեքները վերականգնելու ենք, վերաիմաստավորելու ենք մեր արժեքները՝ որպես ժողովուրդ եւ ահա այս ժողովուրդն է, որ կարողանալու է պաշտպանել իր պետականությունը եւ ՀՀ-ն՝ որպես ինքնիշխան, ինքնաբավ երկիր»:

Թանդիլյանին նաեւ հարցրեցինք՝ չկա՞ մտավախություն, որ Տիգրան Ավինյանը վաղը կգա մի քար կդնի, կասի՝ սկսում եմ նույն ծրագիրը, ժապավեն կկտրի եւ կսկսի իր նախընտրական քարոզարշավը՝ այդ նույն գաղափարների հենքի վրա՝ նա պատասխանեց. «Երիտասարդության պալատը վերականգնողը հնարավորություն էր ունեցել 5 տարի, չենք մոռանում, որ այսօրվա իշխանությունը այդ հնարավորությունն ունեցել է: Նախորդ իշխանությունները՝ առավել եւս: Հետեւաբար, ո՛չ, նման մտավախություն ոչ միայն չունեմ, այլեւ համոզված եմ, որ նման ո՛չ կամք, ո՛չ նվիրում ունեն երկրին ու Երեւանին, որպեսզի կարողանան նման կոթողներ վերականգնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031