Լրահոս
Օրվա լրահոսը

«Արժե՞ էսքան բանը սովորել պատերազմի գնով». 44-օրյա պատերազմի մասնակից

Մայիս 04,2023 23:45

«Փայտ ճարեցի, բերեցի, վառեցի, կրակ սարքեցի, սուրճը դրեցի, արդեն պատրաստ է, Կարենը կողքիս արդեն քնից զարթնեց, ու ես էդ պահին խփեցի, սուրճը թափեցի»,- պատմում 44-օրյա պատերազմի մասնակից Արշակ Հայրապետյանը։ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Արշակ Հայրապետյանը գաղտնի գնացել է պատերազմ: Իսկ թե ինչո՞ւ գաղտնի, որովհետև հարազատները դեմ էին:

Արշակն ու նրա մայրը՝ Ալվարդ Գափոյանը մեզ հետ զրույցում պատմեցին։

Արշակ -Առաջինը զանգեցի հորաքրոջս որդուն ու ասեցի, որ, գիտես՝ ինչ կա, ես գնացել եմ կռիվ, բայց ես չեմ ուզում մամային ասել, դու գնա, ասա: Դե, ինչ պատերազմը սկսվել էր՝ առաջին օրից էլ ասում էի, որ պետք է գնամ կռիվ, ու էդ ժամանակ ինձ շատ էին նախատում թե′ մամաս, թե′ քեռիս, ու որոշեցի, որ ոչ մեկին չպետք է ասեմ ու հենց տենց էլ արեցի։

Արշակի մայր– Այդ օրերին Արշակը շատ խառնված էր: Նա անընդհատ հեռախոսազանգեր էր ստանում և այդ հեռախոսազանգերին նա պատասխանում էր դրսից, որպեսզի ես չլսեմ, թե ինչ է նա խոսում: Այդ ժամանակ Արշակի կրտսեր եղբայրը նույնպես գտնվում էր մարտի դաշտում. նա ժամկետային զինծառայող էր։ Իմ ապրումներն աննկարագրելի էին և ես չէի պատկերացնում, որ այդ լարված պահին Արշակը կդիմի այդ քայլին:

Արշակ– Այնպես էր ստացվել, որ հորաքրոջս որդին չէր կարողացել այդ լուրը հայտնել մայրիկիս, ու երբ ես զանգեցի մորս և ուզում էի տեսնել՝ իրավիճակը ո՞նց է, պարզվեց, որ առաջինը ես եմ իրեն ասում։

Արշակի մայր– Մի քանի ժամ էր՝ տեղեկություն չունեի Արշակից և վերջապես կապի դուրս եկա հետը, և նա ասաց, որ գնում է սահման, հասնի եղբորը։

Արշակ– Ասացի ու միանգամից անջատեցի, հետո պարզվեց, որ վատացել է:

Արշակի մայր– Էլ չեմ հիշում, թե ինչ է կատարվել ինձ հետ, գիտակցությունս կորցրել եմ:

Արշակն իմ կուրսընկերն է, ու երբ թեմա է բացվում պատերազմի մասին, զգում եմ, որ ընկնում է մտածմունքների մեջ։ Տխուր աչքերը կախում է և իրականությունից վերանում։ Հասկանում ես, որ մտքերով պատերազմի դաշտ է գնացել։ Մի քանի րոպե անցնում է, ու վերադառնում է իրականություն, բայց արդեն մի քիչ տխուր, մի քիչ ոչ իր նման։ Նա պատմում է․ «Չկա տենց օր, որ չհիշեմ, ու երբ մարտական ընկերներիս հետ եմ հանդիպում՝ էլի վերհիշում ենք էն լավ պահերը, հաճելի պահերը, ծիծաղելի, հումորային պահերը, էլի վերհիշում ենք, էլի ծիծաղում ենք, բայց էն վատ պահերն էլ, դաժան պահերն էլ, նեղ պահերն էլ էլի հիշում ենք ու էլի որոշ չափով նեղվում ու էդ ամեն ինչը նորից վերապրում ենք»։

Զրույցի ընթացքում Արշակը նշեց, որ պատերազմի օրերին ընկերների հետ ավելի անկեղծ է եղել, իրավիճակը ներկայացրել է այնպես, ինչպես եղել է, իսկ այդ նույն իրավիճակը հարազատների հետ խոսելիս ներկայացրել է շատ հանգիստ ու անվտանգ։ Արշակը ծիծաղով հիշում է․ «Հարազատներիս հետ հիմնականում պաշտոնական էի խոսում, բայց երբ ընկերներիս հետ էի խոսում, իրենցից, հիմնականում աշխատում էի չթաքցնել իրավիճակը․ իհարկե, անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշ բաներ չէի ասում։ Մի օր ընկերներիցս մեկի հետ էի խոսում, հարցրեց՝ ո՞նց է իրավիճակը, ասացի՝ լավ է, շատ լավ, ու էդ պահին կրակում էին մեզ վրա, ձայներն ահավոր լսվում էին։ Ասում եմ՝ լսեցի՞ր, ասում է՝ հա, դե, ասացի՝ հեսա տասնապատիկ հետ են ստանալու, մի քիչ անհանգստացավ ընկերս, հետո ասաց՝ լավ, դասարանցիներն են քեզնից հարցնում, ի՞նչ ասեմ, ասի՝ դե հենա տեսնում ես՝ ոնց ա վիճակը, էդ նույն ձև կարող ես ներկայացնել, ասես՝ շատ լավ է»։

Տիկին Ալվարդն ասում է, որ պատերազմի ժամանակ Արշակը շատ չի խոսել: Խոսել է մեկ-երկու րոպե: Հարցրել է ընտանիքի անդամների մասին և ասել, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է:

Պատերազմի ընթացքում զինընկեր Դավոյի՝ երկու ժամ ներկա չլինելը մեծ վախ է առաջացրել Արշակի մոտ: Մի քիչ դադար տվեց ու հավելեց, որ եթե պատերազմի դաշտում մեկ րոպե աչքից կորչում էին ընկերները, մտքով հազար ու մի բան էր անցնում․ «Իրար հետ մնացել էինք հրետանակոծության տակ, ես կարողացա դուրս գալ, Դավոն մնաց, ու երբ ձեն տվեցի, մթության մեջ տեսանք՝ մարդ է գալիս, ասացի՝ Դավո, ասաց՝ հա, էդ ժամանակ ամենաշատը հանգստացա»:

Արշակին խնդրեցինք որոշ հումորային դեպքեր հիշել պատերազմի դաշտից։ Նա ասաց՝ դրանք շատ քիչ են, բայց մի երկուսը հիշեց ու պատմեց․ «Մեր դիրքի ճակատային մասում մեկ ընդհանուր խրամատ չէր, այլ փոքր խրամատներ էին իրար կողք կողքի փորված, ամեն խրամատում երկու-երեք հոգի, ու հետաքրքիրն էն էր, որ միշտ մենք ամեն գիշեր հյուրեր էինք ունենում կողքի խրամատներից. չգիտեմ՝ ինչն էր ձգում, բայց ոնց որ ամեն գիշեր բոլորը գալիս էին մեր խրամատ, ու սուրճ կամ թեյ էինք հյուրասիրում։ Էդ ժամերն ինձ համար դարձել էին հաց ուտելու ժամեր․ ես միշտ էդ ժամերին էի հաց ուտում՝ գիշերով, որովհետև հիմնականում ցերեկը զբաղված էի լինում քնելով ու ինձ համար կապ չուներ՝ ինչ է կատարվում, եթե իմ քունը տանում է, ցերեկը, ես պետք է անպայման քնեմ»։

Հարցին՝ իսկ երբևէ եղե՞լ է, որ չարչարվեք, երկար աշխատանքից հետո սուրճ պատրաստեք ու վերջում այն թափեք: Արշակի մոտ պարզվում է եղել է այդպիսի իրավիճակ ու այն էլ պատերազմի դաշտում։ Նա հիշեց․ «Մի անգամ տղերքից մեկը քնած էր, ու ինքն էլ տարիքով մարդ էր, էլի, ասացի՝ սուրճը դնեմ, հետո քնից հանեմ, զարթնի, խմի։ Ու մեկ ժամ ես էդ թիթեղի ամանը լվացի, յուղերից մաքրեցի, խրամատն էլ բավականին ցածր էր, ես նստած էի հազիվ էդ ամեն ինչը անում, փայտ ճարեցի, բերեցի, վառեցի, կրակ սարքեցի, սուրճը դրեցի, արդեն պատրաստ էր, Կարենը կողքիս արդեն քնից զարթնեց, ու ես էդ պահին խփեցի, սուրճը թափեցի»:

Զրույցի վերջում Արշակին հարցրի՝ պատերազմը դրական կողմ ունի՞, մի քիչ լռեց ու պատասխանեց․ «Պատերազմը, առհասարակ, ահավոր բան է, բայց պատերազմը մեզ տվել է փորձ, նոր մտածելակերպ, աշխարհին նոր աչքերով նայելու հնարավորություն, ու, ընդհանրապես, ես շատ բան եմ սովորել պատերազմից, իմ համար էդ կյանքի մեծ փորձ էր, սովորել եմ ամենաչնչին բանը գնահատել, բայց հարցի մյուս կողմն այն է՝ արժե՞ էսքան բանը սովորել պատերազմի գնով»:

Օֆելյա Հարությունյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ

 3-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031