Լրահոս
Օրվա լրահոսը

Վերականգնել «Կուկուռուզնիկն» ու ճոպանուղին, արդիականացնել «Զվարթնոցը». Թանդիլյանն ու Թարխանյանը հուշագիր ստորագրեցին՝ փրկելու Երեւանի դեմքը (Ֆոտոշարք)

Մայիս 04,2023 21:12

Այսօր «Արթուր Թարխանյան կենտրոնն» ու «Ապրելու երկիր» կուսակցությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով մեկնարկեց Երեւանի զարգացման նախաձեռնություններ» ծրագիրը:

Հաշվի առնելով «Արթուր Թարխանյան կենտրոնի»՝ Երեւանի ճարտարապետության ոլորտում ունեցած մեծ ներդրումը՝ կուսակցությունը որոշել է համատեղել ռեսուրսները եւ քայլ առ քայլ վերականգնել Երեւանի խորհրդանշական շենքերը:

Այս համագործակցության արդյունքում Երեւանի դեմքը ներկայացնող կարեւոր շենքերի վերականգնման նախագծեր են մշակվելու եւ ներկայացվելու են մասնագիտական հանրային քննարկման: Նախ կիրականացվի Երիտասարդական պալատի վերականգնման նախագիծը՝ ստեղծելով համահայկական երիտասարդական կենտրոն: Այնուհետեւ՝ կարդիականացվի «Զվարթնոց» օդանավակայանը՝ նպատակ ունենալով մեծացնել Երեւանի զբոսաշրջության հնարավորությունները:4

Հաջորդը Հաղթանակի զբոսայգու եւ ճոպանուղու նախագիծն է, որը կիրականացվի IDeA հիմնադրամի աջակցությամբ: Նախատեսվում է ստեղծել նաեւ փակ հետիոտնային գոտիներ՝ Երեւանի կենտրոնում, իսկ Երեւանի 12 վարչական շրջաններում՝ ռեկրեացիոն կենտրոններ եւ զբոսայգիներ:

Այս բոլոր նախագծերի իրականացման համար իր աջակցությունն է հայտնել «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամը:

Անահիտ Թարխանյանը նշեց, որ «Արթուր Թարխանյան կենտրոն» երբ գալիս են աշխարհի տարբեր երկրներից այցելուներ, ճարտարապետների խմբեր, տեսնում են նկարներն ու ապշում. «Միաձայն բոլորն ասում են՝ ինչպիսի՜ ճարտարապետություն ունեք դուք, ի՜նչ հրաշք շենքեր են: Դա մեզ տրված է մեր մեծերի կողմից: Իսկ մենք ինչպե՞ս ենք դա պահում՝ ոչնչացնում ենք հանրային տարածքները, կանաչ զանգվածները, քանդում ենք մեր քաղաքի խորհուրդները: Հիշեք Պրոսպեկտի շուկան, այսօր ինչ տխուր տեսք ունի: Մենք քանդեցինք իսպառ Երիտասարդության պալատը, որը Երեւան քաղաքի խորհրդանիշն էր: Մենք քանդել ենք եւ հանել ենք մեր կյանքից «Զվարթնոց» օդանավակայանը:

Այնպես չի, որ Երեւանի հանրությունը անտարբեր է այդ բոլոր պրոցեսներին, տարիների ընթացքում եկել ու բողոքել են, բայց որեւէ լուծում չի տրվել, ավաղ: Այսօր ստեղծվում է Երեւանի զարգացման հասարակական նախաձեռնությունների կենտրոն, որի հիմնական նպատակն է հավաքագրել այն բոլոր գաղափարները, որը բերվում է Երեւանի հանրության կողմից: Պետք է կյանք տալ այդ գաղափարներին: Իհարկե, առանց քաղաքական ուժի, առանց բարերարների, երբեք այդ ծրագրերն իրականություն չեն դառնա: Կենտրոնի նպատակն է կյանքի բերել գաղափարներ եւ արդեն որպես պատրաստ ծրագրեր ներկայացնել Երեւանի զարգացման համար»:

Անահիտ Թարխանյանն ասաց, որ «Ապրելու երկիր» կուսակցության եւ Ռուբեն Վարդանյանի հետ համագործակցությունը վերջապես հնարավորություն կտա փոխել եւ վերականգնել նախկին Երեւանի դեմքը:

Հուշագրի ստորագրմանը ներկա էին ճարտարապետության, արվեստի, մշակույթի հայտնի գործիչներ: Մանե Թանդիլյանն ասաց, որ մեծ պատիվ է գտնվել այն մարդկանց հետ, որոնք մեզ նվիրել են Երեւանը. «Դա չափազանցություն չէ: Այս վաստակաշատ մարդկանց շնորհիվ է, որ մենք կարողանում ենք հպարտություն զգալ: Դա մեզ իրատեսական հույս կարող է տալ, որ հնարավոր է վերականգնել հայի փառքն ու արժանապատվությունը: Այսօր մեր աչքի առաջ կրկնվում է մեր պատմությունը եւ կրկնվում է այն պատճառով, որ մենք մեր դասերը չենք սովորել: Երբ մեկ դար առաջ ամբողջ աշխարհի աչքի առջեւ եւ լուռ համաձայնության ներքո տեղի ունեցավ մի ամբողջ ժողովրդի ցեղասպանություն, այսօր այդ նույն աշխարհի լռության եւ հավանության ներքո Արցախի ժողովրդի էթնիկ զտման գործընթացն է տեղի ունենում: Մենք պիտի գիտակցենք, որ բոլորը դա տեսնում են եւ մեզ ոչ ոք չի օգնի: Այն ժամանակ էլ բոլորը տեսել են եւ ոչ ոք չի օգնել: Հետեւաբար ուժ քաղել մեր վաստակից, մեր որդիներից, մեծանուն հայերից մենք ուղղակի պարտավոր ենք: Եղեռնի հուշահամալիրը, որը ստեղծել են հայ ժողովրդի մեծանուն զավակները, խորհուրդ է ունեցել, մեզ պարտադրել են ոչ միայն հիշել, թե ինչ է մեզ հետ կատարվել, այլ ինչպես եւ ինչու եւ ինչ պետք է անել, որ դա չկրկնվի»:

Անդրադառնալով նախաձեռնությանը՝ Մանե Թանդիլյանը նշեց, որ մեր մեծերի աշխատանքը չգնահատել ու չփորձել վերակենդանացնել՝ նշանակում է դասեր չքաղել. «Երիտասարդության պալատի վերականգնումը, որը այս հուշագրի շրջանակներում է, մեզ պիտի հիշեցնի հայ մարդու ազատության ձգտման ոգին: Զվարթնոց օդանավակայանը, որը պիտի դիմավորի երեւանցիներին եւ Երեւան եկող հյուրերին, պիտի հիշեցնի հայ մարդու կարողության, ստեղծագործ տեսակի մասին եւ անհնարինը հնարավոր դարձնելու կարողության մասին: Այն հետիոտնային փակ գոտիները, որը մենք պատրաստվում ենք նախագծել, պիտի մեզ թույլ տա մտորել, քայլել Երեւանում գլուխը բարձր՝ առանց ոտքերի տակ նայելու ու չվախենալու, որ որեւէ բան կպատահի: Բոլոր այն նախագծերը, որոնց շրջանակներում այս հուշագիրը ստեղծվում է, հպարտության առարկա են դառնալու: Մենք կարողանալու ենք Երեւանը վերադարձնել երեւանցիներին, իսկ հայ մարդուն՝ իր հպարտությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031