Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուզին․ «Հայ-ադրբեջանական կարգավորումը չի կարող զերծ մնալ բարդություններից և անհարթություններից». «Ազատություն»

Մայիս 04,2023 20:35

«Ազատություն». Վաշինգտոնում ավարտին մոտեցող հայ-ադրբեջանական բանակցությունների ֆոնին պաշտոնական Մոսկվան կրկին պնդում է՝ առանց Ռուսաստանի մասնակցության Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը գործնականում անհնարին է, դրա հիմքն էլ եռակողմ հայտարարություններն են։ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում այսօր այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Առաջին հերթին հենց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործադրած ջանքերի շնորհիվ էր, որ ժամանակին հնարավոր եղավ վերջ տալ հակամարտության թեժ փուլին։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության մեջ խոսքը կրակի դադարեցման, հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ գործողություններ սկսելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի տեղակայման մասին էր։ Այդ զորախումբը պետք է վերահսկեր և վերահսկում է Լաչինի միջանցքը, այն դեպքում, երբ անվտանգությունը դրանում ապահովում է ադրբեջանական կողմը», – նշել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալը։

Անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմանը՝ Գալուզինը դա որպես «բարդություն» է բնութագրում։

«Այնպիսի վաղեմի և զգայուն հակամարտությունների կարգավորումը, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի և դրա շուրջ ծավալվող հակամարտությունը, ցանկալի կլիներ, որ անցներ առանց տեղում բարդությունների և անհարթությունների ի հայտ գալու։ Դա, սակայն, քիչ հավանական է։ Նման բաներ, ցավոք սրտի, տեղի են ունենում և նման դեպքեր արձանագրվեցին անցած շաբաթավերջին և այս շաբաթվա սկզբին։ Մենք, որպես ԱԳՆ անցած երկուշաբթի օրը արագորեն հանդես եկանք ծավալուն և շատ հստակ հայտարարությամբ։ Դրանում մենք կոչ էինք անում հակամարտող կողմերին զերծ մնալ ցանկացած ապակառուցողական գործողություններից՝ լինի դա Լաչինի միջանցքում իրավիճակի փոփոխությունը, թե քայլեր, որոնք հակառակ կողմը խաղաղության օրակարգին հակասող կարող է ընկալել», – ասել է փոխարտգործնախարարը։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ընդհանուր գործընթացի մասին՝ փոխարտգործնախարար Գալուզինը նշում է, որ այն հիմնական չորս ուղղություններից է բաղկացած՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, խաղաղության պայմանագրի կնքման նպատակով ծավալվող երկխոսություն, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա և հանրային ու խորհրդարանական մակարդակներում երկխոսության խթանում։ Նրա պնդմամբ՝ Մոսկվայի դերը այս բոլոր ուղղություններում որոշիչ է։

«Այս բոլոր սկզբունքները ձևակերպվել են և սկսել են կյանքի կոչվել միմիայն և բացառապես Ռուսաստանի Դաշնության և դրա նախագահի միջնորդական առաքելության շնորհիվ։ Դա ինքնին լուրջ քայլ է հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ։ Այս տարիների ընթացքում այդ չորս ուղղություններով էլ մենք փորձել ենք կոնկրետ, գործնական ջանքեր ձեռնարկել։ Ընդհանուր առմամբ՝ այդ բոլոր ուղղություններով լուրջ ներուժ է կուտակվել, հետագա առաջընթացի համար լուրջ հիմքեր են ձևավորվել», – հայտարարել է դիվանագետը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031