Ինչպես տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով նոր նշանակումներ են կատարվել։
Մասնավորապես Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ: Քննչական կոմիտեն նաև ներկայացրել է Շիրակի նախկին դատախազի կենսագրականը՝ թվարկելով պարգևները, զբաղեցրած պաշտոնները։
Գուրգեն Գրիգորյանն, անխոս, նոր մարդ չէ զինվորական ոլորտում․ նախքան Շիրակի մարզի դատախազություն տեղափոխվելը, նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Գյումրիի կայազորի զինվորական դատախազությունում և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, եղել է քննիչ, ավագ քննիչ, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ։
Հիշեցնենք, որ արդարադատության առաջին դասի խորհրդական Գուրգեն Գրիգորյանը Շիրակի դատախազի պաշտոնից հեռացել էր սեփական դիմումի համաձայն, սակայն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի պահանջով։
Կարդացեք նաև
Վերջինս տհաճ պատմության մեջ էր հայտնվել։
Նրա նկատմամբ քրեական վարույթ էր հարուցվել ԱԱԾ-ում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 495 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի կողմից մամուլում հնչեցրած աղմկահարույց հայտարարության հիման վրա։
Կարապետ Պողոսյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ Գուրգեն Գրիգորյանին մեղադրելով իր նկատմամբ շինծու քրգործեր հարուցելու մեջ։ Կարապետ Պողոսյանը նաև հայտարարել էր, որ իր ֆեյսբուքյան էջում դատախազին քննադատության ենթարկելուց հետո նա քրեական ենթամշակույթ ունեցող անձանց է ուղարկել իր մոտ՝ գործարքներ առաջարկելով։
Արգիշտի Քյարամյանի մյուս նշանակումը վերաբերվում է Հրաչյա Առաքելյանին, որը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Գյումրիի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքում։ Աշխատել է նաև քննչական կոմիտեում, եղել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի պետ, այնուհետ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչութան Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ, իսկ 2021-2022 թվականներին զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնը։
Արգիշտի Քյարամյանի հրամանով նա նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի պետ՝ ազատվելով կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ