Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խմբի առաքումն անհրաժեշտ է»․ Նիկոլ Փաշինյան

Մայիս 04,2023 18:25

«Խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի»,-այս մասին այսօր Պրահայում Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցին՝ այն պայմաններում, երբ Ադրբեջանը ագրեսիա է գործադրում ՀՀ  ինքնիշխան տարածքի նկատմամբ, երբ Արցախը շրջափակված  է, փակ է Լաչինի միջանցքը, ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն, Փաշինյանը պատասխանել է՝ մի կողմից կարելի ասել՝ այս պայմաններում ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն, մյուս կողմից էլ՝ հենց դրանից ելնելով կարելի է ընդգծել, որ խաղաղությունն անհրաժեշտ է։

«Ուզում եմ ընդգծել, որ այդ ամենը ընդգծում է խաղաղության անհրաժեշտությունը։ Մեր քաղաքականությունը պետք է սպասարկենք այդ անհրաժեշտության նկատմամբ ճիշտ դիրքավորվելով»,-ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետն իր ելույթում ասել է, որ Չեխիայի վարչապետին մանրամասն ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը, անդրադարձել անվտանգային հարցերին, տեղեկացրել է, որ, չնայած բոլոր ջանքերին, իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ լարված․«Դրա պատճառն այն է, որ, չնայած հանրահայտ պայմանավորվածություններին, Ադրբեջանը շարունակում է ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը՝անընդհատ էսկալացնելով իրավիճակը Հայաստանի հետ սահմանին, Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում»։

Փաշինյանն ասել է, որ միջազգային հանրությունը պետք է իրավիճակին հստակ եւ հասցեական գնահատական տա, քանի որ Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումներ իրականացնելու նախապատրաստություններ են․« Այս համատեքստում Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խմբի առաքումը համարում ենք անհրաժեշտ։ Միեւնույն ժամանակ, ի հեճուկս բոլոր դժվարությունների, Հայաստանի կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը»։

ՀՀ վարչապետի խոսքով՝ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի, եւ ոչ միայն նպատակ է, այլեւ միջոց՝ ժողովուրդների եւ պետությունների կարգավորման եւ հետագա զարգացման համար․«Մենք լիարժեք ներգրավված ենք Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում եւ առաջիկայում էլ ներգրավված կմնանք՝ տրամադրված լինելով արդյունքներ գրանցել եւ ոչ թե բանակցել բանակցելու համար: Այս նպատակին հասնելու համար մենք հույս ունենք, որ Ադրբեջանը կհրաժարվի ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունից։ Հույս ունենք, որ միջազգային հանրությունը նույնպես Ադրբեջանին ուղղված նման ուղերձով հանդես կգա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031