Թմրանյութեր պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով Գյումրու «Ֆանտաններ» թաղամասում գտնվող Սավոյանի փողոցի մոտ մայիսի 2-ին ձերբակալել են 31-ամյա մի երիտասարդի՝ Ա․Օ․-ին, որը մասնագիտությամբ տեխնիկական ռեժիսոր է։
Պարեկային ծառայության 1-ին վաշտի կրտսեր պարեկներից մեկը կանգեցրել և խուզարկել է երիտասարդին պատկանող «Ֆորդ» մակնիշի մեքենան և Ա․Օ․-ի հագին եղած բաճկոնի աջ ծոցագրպանից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 0.17 գրամ կշռով սպիտակ փոշիանման զանգված։
Նրա հագի ջինսե տաբատի աջ գրպանից ևս պոլիէթլիենային տոպրակ է հայտնաբերվել, որի մեջ առկա են եղել 12 հատ «spa» գրառմամբ դեղին գույնի դեղահաբեր։
Երիտասարդը նշել է, որ դրանք հայտնաբերել է Սավոյան փողոցի դաշտային հատվածից և պահել իր մոտ՝ հետագայում պարզաբանումներ կատարելու համար։
Կարդացեք նաև
Ա․Օ․-ն այնուհետ իր կողմից վարած «Ֆորդ» մեքենայի սրահից ինքնակամ ներկայացրել է մեկ թղթե փաթեթ, որի մեջ առկա է եղել դեղնականաչավուն, մանրացված, չորացված 1,12 գրամ բուսական զանգված» Մեկ այլ փաթեթի մեջ էլ լցված է եղել կանաչավուն, յուրահատուկ հոտով 1,95 գրամ, մանրացված չորացված բուսական զանգված։
Երիտասարդը հայտնել է, որ դրանք պատկանում են իրեն, հանդիսանում են «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, պահել է իր անձնական օգտագործման համար։
Ա․Օ․ն իր մեքենայի միջից պարեկին ներկայացրել է նաև մեկ պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել կպչուն ժապավենով փաթաթված թվով 12 փաթեթ բուսական զանգված։ Այն կշռել է 12 գրամ, յուրաքանչյուրը՝ 1 գրամ և եղել է կանաչավուն․ յուրահատուկ հոտով, մանրացված, չորացված։
Նա հայտնել է, որ այդ 12 փաթեթները գտել է 2-3 օր առաջ իրենց թաղից։ Այս գործով զբաղվում է Շիրակի մարզի քննչական վարչությունը։ Աշխատանքներն են տարվում Ա․Օ․-ի գտած փաթեթների վայրը հստակեցնելու ուղղությամբ։