«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է, եւ մենք համաձայն ենք Եվրամիության դիրքորոշման հետ այդ հարցում։ Մենք հավատացած ենք, որ պետք է բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկվեն, որպեսզի խաղաղություն ու կայունություն հաստատվի ԼՂ-ում եւ ամբողջ Կովկասի տարածաշրջանում»,-այս մասին, այսօր Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան:
Չեխիայի վարչապետն անդրադառնալով տարածքային ամբողջականությանը եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ քննարկումներին, ասաց՝ մենք կարեւորում ենք այն հանգամանքը, որ կնքվի խաղաղության պայմանագիր, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար․ «Ես վարչապետի հետ մեր քննարկումներից հասկացա, որ Հայաստանը հետաքրքրված է կայունություն ու խաղաղությունը տարածաշրջանում ամրապնդելու հեռանկարով: Հայաստանը շատ է հետաքրքրված, որ տեւական լուծում գտնվի: Ես կարող եմ հավաստիացնել, որ Չեխիան իր միջազգային քաղաքականության մեջ միջազգային բոլոր հարթակներում կկատարի անհրաժեշտ քայլերը, որպեսզի ձեզ օգնենք տեւական կայունության եւ խաղաղության հասնելու ձեր երկրում»։
Լրագրողի հարցին՝ Ադրբեջանը ագրեսիա է իրականացնում, եւ արդյոք անհրաժեշտություն չկա՞ Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, Չեխիայի վարչապետը պատասխանեց․ «Չեխիայի հանրապետությունը կարող է աջակցել եւ կաջակցի խաղաղության նախաձեռնություններին եւ այն ջանքերին, որոնք կհանգեցնեն տարածաշրջանում կայունացման։ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն եւ ինքնիշխանությունը հիմնարար նշանակություն ունի։ Այստեղ Պրահայում քայլ արվել է եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթաժողովի ընթացքում։ Դա պատմական հանգրվան կարելի է համարել երկու երկրների հարաբերություններում։ Իրավիճակի համար նպաստավոր չէր լինի, եթե ես միակողմանիորեն գնահատեի թե ով եւ ինչպես է խախտում ինչը։ ԵՄ անդամ պետությունների միասնական նպատակն է հասնել տարածաշրջանում տեւական կայունության, խաղաղության, որը նշանակում է երաշխավորել Հայաստանի երաշխիքները, երաշխավորել հայերի իրավունքները»։
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչո՞ւ է լռում Չեխիայի կառավարությունը, երբ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները, ինչպե՞ս կարող է Չեխիան ազդել Ադրբեջանի վրա, եւ ինչո՞ւ Եվրամիությունը պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ, Չեխիայի վարչապետը պատասխանեց․ «Ես այն կարծիքին եմ, որ պետք է շարունակենք ձեռնարկել քայլեր, որոնք կհանգեցնեն խաղաղ լուծման․ «Մենք դրա համար հնարավորություն ստեղծել ենք Պրահայում, աջակցում ենք Հայաստանի ջանքերին՝ միտված խաղաղ լուծմանը: Ես կարծում եմ, որ չպետք է այս ճանապարհին խոչընդոտները դիտարկենք կամ խնդիրները: Մենք, ընդհակառակը, պետք է փորձենք տեւական խաղաղության հասնել, իսկ դա անելու համար մեզ անհրաժեշտ է նաեւ մյուս կողմը, մեզ պետք են նաեւ ադրբեջանցիները: Մեզ պետք է երկու կողմից բարի կամք: Այնպես չէ, որ մենք լուռ կմնանք եւ չենք մեկնաբանի։ Ես արդեն ասացի, որ մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է»։ Նա հիշեցրեց ԵՄ հայտարարությունը՝ միջանցքը բացելու մասին։
«Ես շատ բարձր եմ գնահատում խաղաղությանը միտված դիտանկյունը, որով այս խնդրին անդրադառնում է Հայաստանի վարչապետը: Դա է ճիշտ ուղին, նա կարող է ակնկալել մեր աջակցությունը, ԵՄ-ի, քանի որ մենք մտքում պետք է պահենք այն, որ սա չի կարող լինել ժամանակով լուծում, մենք բոլոր պետք է դիտարկենք, թե ինչպես կարող ենք ապահովել լավագույն լուծումը եւ զարգացումը Հայաստանի համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մնայուն խաղաղություն եւ անվտանգություն տարածաշրջանում»,-եզրափակեց Չեխիայի վարչապետը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ