Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրիի մաքսակետում մաքրման ծառայությունները մատուցվում են բաց մրցույթով ընտրված մասնավոր կազմակերպության կողմից. ՊԵԿ–ը պարզաբանում է

Մայիս 04,2023 16:52

Մայիսի 3–ին ԱԺ-ում Մեղրիի մաքսակետի սանիտարական պայմանների պահպանման և անցակետի աշխատանքի վերաբերյալ բարձրացված խնդիրների առնչությամբ Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ Մեղրիի մաքսակետը գործում է շուրջօրյա ռեժիմով և առանց ընդմիջումների:

Կոմիտեն ընդգծում է, որ մաքսակետում մաքսային մարմիններից բացի, գործունեություն են ծավալում այլ կառույցներ և մասնավոր կազմակերպություններ ևս: Հետևաբար, նրանց, ինչպես նաև մասնավոր անձանց մասով ՊԵԿ–ը չի կարող կառավարել բոլոր իրավիճակները: Հայտնում ենք, որ Մեղրի մաքսակետում մաքրման ծառայությունները մատուցվում են բաց մրցույթով ընտրված մասնավոր կազմակերպության կողմից: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ մաքսակետում տեղադրված են բազմաթիվ աղբամաններ, սակայն, հատկապես զբոսաշրջիկների մեծ հոսքի պարագայում, մաքսակետում պարբերաբար սանիտարական պայմանների հետ կապված խնդիրներ են առաջանում: Բացի այդ, սանիտարահիգիենիկ կանոնները հաճախ չեն պահպանվում քաղաքացիների կողմից, ինչը ևս հանգեցնում է տարածքի աղտոտմանը:

Ինչ վերաբերում է մաքսակետում իրականացվող գործառույթներին, ապա ներկա պահին մարդատար ավտոմեքենաների սպասարկումը  տևում է մոտ 1 ժամ և իրականացվում է արտահերթ՝ անկախ նրանից, թե որքան բեռնատար և բեռնատարի վարորդ է գտնվում հերթում: Մաքսային մարմիններին ներկայացված փաստաթղթերի գերակշռող մասը պահպանվում է մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերում։ Այդուհանդերձ, քաղաքացու յուրաքանչյուր սահմանահատման պարագայում պահանջվում է անձնագիր և ավտոմեքենայի տեխանձնագիր, ինչն ընդունված է միջազգային պրակտիկայում։

Գործում է նաև շուրջօրյա բանկային ծառայություն, մաքսակետում տեղադրված և անխափան աշխատում է վճարային տերմինալը:
Նշենք, որ երբ սահմանահատման ժամանակ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանք վճարելու անհրաժեշտություն է առաջանում, վարորդը կայանում է մեքենան մաքսակետի տարածքում և մոտ 500 մետր քայլելով՝ մաքսակետի վարչական շենքում կատարում է համապատասխան վճարումները:

Մաքսակետում քաղաքացիների, մասնավորապես, օտարերկրյա այցելուների տեղաշարժը դյուրինացնելու համար տարածքում փակցված են գրառումներ՝ հայերեն, ինչպես նաև պարսկերեն ու անգլերեն լեզուներով: Առկա են նաև ուղղորդիչ սլաքներ, որպեսզի քաղաքացիներին պարզ լինի գործողությունների հաջորդականությունը:

Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2023 թ. մայիս-հունիս ամիսներին։ Վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում նաև Բագրատաշենի մաքսակետում, որպեսզի մաքսային ենթակառուցվածքները համահունչ լինեն միջազգային չափանիշներին։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031