Սույն թվականի մայիսի 3-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Ռախմանինով. ռուս կոմպոզիտոր, աշխարհի քաղաքացի» խորագրով կլոր սեղանը՝ նվիրված ականավոր կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Սերգեյ Ռախմանինովի ծննդյան 150-ամյա հոբելյանին:
Միջոցառումը բացեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը։
Ներկաներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ «Սերգեյ Ռախմանինովն իր հանճարեղ ստեղծագործություններով հարստացրել է ոչ միայն ռուս, այլ նաև համաշխարհային մշակույթը։ Ռախմանինովն իր ստեղծագործություններում անդրադարձել է նաև հայ պոեզիային՝ մասնավորապես Ավետիք Իսահակյանի։ Ռուս և հայ ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, և այդ փոխհարաբերություններում հատուկ տեղ են զբաղեցնում գիտությունը և մշակույթը՝ հատկապես երաժշտական արվեստը։ Այդ փոխհարաբերություններն այսօր զարգանում են, և այս միջոցառումը կնպաստի հայ-ռուսական գիտական և մշակութային կապերի ամրապնդմանը», – ասաց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։
«Սիմվոլիկ է, որ այսօրվա կլոր սեղանն անցկացվում է Հայաստանում։ Նման միջոցառումներն իրենց ներդրումն են ունենում ռուս-հայկական կապերի զարգացման գործում, նաև մեր ժողովուրդների միջև սերտ կապերի, ընդհանուր մշակութային կոդի և դարավոր ընկերության ապացույց են», – ասաց Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։
Ելույթներով հանդես եկան Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը և Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը՝ ընդգծելով Սերգեյ Ռախմանինովի դերը համաշխարհային մշակույթում և կարևորելով հայ-ռուսական մշակութային համագործակցությունը։
Կարդացեք նաև
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը և Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Բրիզգալովը կնքեցին համագործակցության համաձայնագիր՝ համատեղ գիտական և մշակութային ծրագրերի իրականացման նպատակով։
«Այսօր մենք թևակոխում ենք համագործակցության նոր փուլ։ Սա մեր գիտական, մշակութային նոր ճանապարհի սկիզբն է», – նշեց Միխայիլ Բրիզգալովը։
Այնուհետև, Սերգեյ Ռախմանինովի կյանքին և ստեղծագործություններին նվիրված զեկուցումներով հանդես եկան Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի գլխավոր տնօրեն, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Միխայիլ Բրիզգալովը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը, Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի ֆոնդերի գլխավոր փորձագետ Նատալյա Տարտակովսկայան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Իրինա Զոլոտովան, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Մարիաննա Տիգրանյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտքարտուղար, արվեստագիտության թեկնածու Մարգարիտա Քամալյանը՝ նորովի բացահայտելով Սերգեյ Ռախմանինովին։
Կլոր սեղանը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանը և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության աջակցությամբ։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին