«Չեմ պատկերացնում, որ անպայման իմ պատկերացրած քաղաքացին պետք է լինի դարավոր պատկերացումների, մեր ավանդական արժեքների կրողը, որովհետև աշխարհն առաջ է գնում։ Եթե մենք նույն ընթացքով չգնանք, մենք կկորցնենք արդիականությունը միջազգային հասարակության համատեքստում»,- «Այլընտրանքային նախագծեր» խմբի կողմից «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակում կազմակերպված «Լինել քաղաքացի, որ պետությունը լինի» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարեց հանրային գործիչ Վազգեն Սաղաթելյանը։
Նա նաև չբացառեց, որ գուցե հակադրություններ կան, օրինակ՝ ավանդականի և իրավունքների համատեքստում՝ կանանց, երեխաների իրավունքներ․ նուրբ տարրեր կան, որ կարող են հակադրություններ լինել։ Նաև հավելեց․ «Ինչո՞ւ մեզ մոտ երբեք անձնական կամ ընտանեկան շահը համադրելի չի եղել որևէ մարդու ընկալման մեջ պետական շահի հետ։ Եթե այսօր որևէ քաղաքացի կարողանա շրջանցել օրենքը՝ օրինակ հարկ չվճարել, բացի այն, որ կանի, այլև դրանով կպարծենա իր նեղ շրջապատում։ Եվ որևէ մեկն իրեն չի ասի՝ չէ՞ որ դու դրանով վնաս ես պատճառում պետությանը։ Սրա պատճառներից է այն, որ չի եղել բավարար վստահություն նրանում, որ մենք բոլորս պատասխանատու ենք ուժեղ պետության ունենալու համար»։
Իսկ թե ինչո՞ւ 680 հազար քաղաքացի ընտրեց պարտված իշխանությանը, Վազգեն Սաղաթելյանը պատասխանեց․ «Մարդիկ ասում են՝ արդեն պարտվել ենք, բարոյահոգեբանական տեսակետից չենք ուզում նախկինին վերադառնալ։ Ասում են՝ մեկ է, հստակ ծրագիր չենք տեսնում՝ ոնց են հետ բերելու Արցախը, հենա՝ սա լավ է, ինչ տվեց, տվեց, թող մնա, տեսնենք՝ ինչ է լինելու»։
Ըստ Վազգեն Սաղաթելյանի՝ Նիկոլ Փաշինյանն այնպիսի հայտարարություններ էր անում, որոնք շատերին դուր էին գալիս․ «Ինքն ասում էր՝ երեք միլիոն վարչապետ։ Որևէ զարգացած հասարակության մեջ կասեին՝ ես ի՞նչ վարչապետ։ Իսկ ՀՀ-ում այսօր ցանկացած մեկը կարող է լինել վարչապետ։ Ցանկացած տաքսիստ կասի՝ մեծ սիրով կգնամ, եթե նորմալ փող տան, մեր գծից երկու-երեք հոգու էլ կտանեմ նախարար։ Մոտավորապես այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը։ Մարդիկ դրանում վատ բան չեն տեսնում, քանի որ իրենք էլ այդպես կանեին»։
Կարդացեք նաև
Դերասանուհի, հաղորդավար, Կենտրոն ՀԸ տնօրեն Անուշիկ Առաքելյանն էլ նկատեց․ «Պետության և ժողովրդի հարաբերությունների մեջ էլ կարող են լինել խնդիրներ։ Եթե չի լինում պատասխանատվություն, քաղաքացին իրեն անարդար իրականության մեջ է զգում, այդ դեպքում կարող է շատ բան խախտվել։ Խախտվելու պատճառով մենք ունենում ենք արտագաղթ։ Մենք իսկապես պիտի ունենանք պետականության զգացում, հասկանանք՝ ինչ է նշանակում օրենք»։
Անուշիկ Առաքելյանի կարծիքով՝ քաղաքացին անտեսված է, դրա համար էլ նրա խնդիրը փախչելն է․ «Վստահ եմ՝ որևէ հայ իրեն կոմֆորտ չի զգում որևէ երկրում, որովհետև այն, ինչ կա քո տանը, այն վստահությունը, մանկության հիշողությունները, դու չես կարող որևէ երկրում ունենալ՝ անգամ ամենալավ աշխատավարձն ունենալու դեպքում։ Մի՞թե կոմֆորտը միայն շատ գումար վաստակելն է։ Մի՞թե կոմֆորտ չի կարելի համարել այն, որ դու քո երկրում քեզ զգում ես ապահով, երբ բարձրաձայն կարող ենք շեշտել, որ մեր երեխաները խաղում են մինչև 00։00-ը բակում, և դա ապահով է»։
Լրագրող, 5-րդ ալիք ՀԿ «Օրագիր» հաղորդաշարի հեղինակ Մարիաննա Ղահրամանյանն էլ նշեց․ «Լինելով լրագրող՝ չեմ հիշում մի ակցիա, լայն քաղաքացիական դրսևորում, որն, օրինակ՝ ազգային խնդիրներ բարձրացներ։ Դրանք եղել են ազգային փոքրամասնությունների, կրոնական փոքրամասնությունների և այլ խնդիրներով։ Չեմ ասում, որ դրանք կարևոր չեն, բայց ուզում եմ շեշտել, թե այդ քաղհասարակություն ասվածն ի՞նչ շահեր է սպասարկել։ Ու հիմա, երբ տեսնում ենք նախկին քաղհասարակության և գործող իշխանությունների սերտաճումը, կարող ենք եզրակացություն անել, թե այդ քաղհասարակություն կոչվածն ինչ նպատակների է ծառայել։ Մարդու իրավունքներ, իշխանության չարահաշում, կոռուպցիոն դրսևորումներ, բայց երբ տեսնում ենք նրանց լռությունը, տպավորություն է, որ նրանք այդ նույն մարդիկ չեն, քանի որ այդ դեպքում 6-7 տարի առաջ լրիվ այլ կլիներ նրանց ռեակցիան։ Քաղաքացիները դուրս եկան փողոց 2018-ին այսպիսի կարգախոսների ներքո՝ թալան, կոռուպցիա և արդարություն։ Ուզում եմ հարցնել՝ սիրելի քաղաքացիներին, դուք հիմա գիտե՞ք՝ նույն Քաղաքացու օրը պետբյուջեից 70 հազար դոլարն ի՞նչ նպատակով է ծախսվել մեկ անձից գնման ընթացակարգով, որ ինչ-որ բանախոսություններ կազմակերպվեն համայնքներում։ Արդյոք այդ գումարի ծախսը՝ չասեմ թալան, քանի որ դրա փաստերը չունենք, հիմա ձեզ չի՞ հետաքրքրում»։
Խոսելով անվտանգային հարցերի մասին՝ Մարիաննա Ղահրամանյանն ասաց․ «Պետականություն ունենալ-չունենալու խնդրի առաջ ենք, որպես ժողովուրդ, ազգային միավոր լինել-չլինելու խնդրի առաջ ենք։ Այն քաղաքացիները, որոնք քաղաքացիական ակտիվություն էին ցուցաբերում տարիներ առաջ՝ «մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսով, թող իրենց հարց տան՝ իրե՞նք են հիմա տերը իրենց երկրի և իրենք ուզո՞ւմ են տեր լինել իրենց երկրին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ