Լրահոս
Օրվա լրահոսը

Ապատեղեկատվությունը հաճախ որպես փափուկ ուժ է օգտագործվում. Սեդա Մուրադյան

Մայիս 04,2023 15:50

Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ կայացավ «Պայքար ապատեղեկատվության և քարոզչության դեմ․ երկխոսություն դրանց դիմակայության ռազմավարությունների շուրջ Հայաստանում և դրա սահմաններից դուրս» խորագրով համաժողովը, որի նպատակն է երկխոսություն ծավալել միջազգային և հայաստանյան հեղինակավոր փորձագետների, ոլորտային մասնագետների, քաղաքական գործիչների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև՝ քննարկելու ապատեղեկատվության մարտահրավերները, քարոզչական ժամանակակից մեթոդներն ու նոր տեխնոլոգիաների ազդեցությունը մանիպուլյացիաների ու քարոզչության սփռման գործում։

Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը, խոսելով ներկայումս տարածաշրջանային  բարդ զարգացումներից եւ այդ համատեքստում Հայաստանում տիրող իրավիճակից, նշեց, որ մեզանում ապատեղեկատվությունը հաճախ որպես փափուկ ուժ է օգտագործվում՝ որոշակի քաղաքականություն եւ օրակարգ առաջ տանելու համար:

Խոսելով թվային տեխնոլոգիաներից, որոնց զարգացման արդյունքում, ըստ Սեդա Մուրադյանի, նոր հնարավորություններ են ստեղծվել ապատեղեկատվության տարածման համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում, նա նշեց, որ այդ ամենի դեմն առնելուն ուղղված քայլերը շատ ավելի դանդաղ են ընթանում եւ ծավալներով փոքր են, միջոցներն ու մարդկային ռեսուրսները՝ նվազ:

Ի թիվս այլնի, նա խոսեց նաեւ Հայաստանում մեդիագրագիտության ցածր մակարդակի մասին, միեւնույն ժամանակ նշեց, որ այս ուղղությամբ քայլեր են արվում՝ ինչպես պետական տարբեր կառույցների, այնպես էլ ՀԿ-ների եւ միջազգային դոնոր կառույցների միջոցով:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության վերջին զեկույցով Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ մամուլի ազատության ինդեքսում, եւ  տարածաշրջանում առաջատարն է, ինչն ուրախալի է,  հաշվի առնելով, որ ըստ ուրիշ հետազոտությունների ՝ Հայաստանը մի շարք ուղղություններով հետընթաց էր ապրել: «Այս համաժողովի ընթացքում նպատակ ունենք լսել ինչպես մեր հայաստանցի գործընկերներին, այնպես էլ մեր հյուրերին: Մեր նպատակն է ուսումնասիրել միջազգային փորձը եւ միասին քննարկել՝ հնարավո՞ր է այն տեղայնացնել նաեւ Հայաստանում»,-ասաց նա:

Համաժողովին անդրադարձ կատարվեց 2020 թվականից հետո քաղված դասերին, ավտոմատացված քարոզչությանը եւ թվային ապատեղեկատվության զարգացած գործիքակազմին ու դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցներին։ Համաժողովը նաեւ հնարավորություն տվեց փոխանակել ամերիկյան և հայկական փորձագիտական համայնքների փորձը կեղծ լուրերին և ապատեղեկատվությանը հակազդելու գործում և կխթանի այդ համայնքների միջև ավելի ամուր կապերի ստեղծմանը։

Հավելենք, որ միջոցառումը նախաձեռնել է Հանրային լրագրության ակումբը, որը կազմակերպվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ։ Համաժողովը կազմակերպվել է ՀԼԱ «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031